ԱԺ արտահերթ նստաշրջանում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը։ Նա նշեց, որ նախագծի նպատակը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարող սուբյեկտների համար ավելի նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է։
«Գործող հարկային օրենսգրքի կանոնների համաձայն՝ երբ դրամական միջոցների տեսքով անհատույց գումարներ են ստացվում, ու ստացողն էլ համարվում է շահութահարկ վճարող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, պարտավոր է այդ գումարը ստացման տարվա ընթացքում ամբողջովին եկամուտ ճանաչել՝ շահութահարկով հարկման նպատակով։ Իսկ եթե եկամտի կողքին չկան համարժեք ծախսեր, ստացվում է, որ այդ եկամուտը այդ չափով վերածվում է շահույթի, որն արդեն ենթակա է 18 տոկոս դրույքաչափով հարկման։ Ասել է, թե պետական աջակցության այս գումարներն ստացողները գործող օրենսդրության պայմաններում հարկային հետեւանքների կրողներ են։ Եթե ինտենսիվ այգու հիմնման ծրագիր է իրականացրել որեւէ տնտեսվարող սուբյեկտ, ժամանակի ընթացքում որոշակի գումարեր է ծախսել, այնուհետեւ հայտ է ներկայացրել պետությունից որոշակի համաֆինանսավորման գումար ստանալու, այդ ստացման տարվա ընթացքում այդ գումարը ենթակա է շահութահարկով հարկման։ Սա նշանակում է, որ պետական աջակցությունն այդ մասով վերջնական նպատակին պակաս է ծառայում։ Ի տարբերություն սրա՝ եթե գումարները նախապես տրվեին, եւ տնտեսվարողը սկսեր օգտագործել այդ գումարները՝ կրկին այգեհիմնման ծրագիր իրականացնելու նպատակով, գործող կանոնների համաձայն՝ ստացված գումարը եկամուտ կհամարվեին ոչ թե անմիջապես ստացման տարվա ընթացքում, այլ այդ ակտիվների ծախսագրմանը զուգահեռ։ Ասել է, թե որեւէ հարկային հետեւանք չէր ունենա»,- ասաց նա։
Արման Պողոսյանի խոսքով՝ կարգապահության տեսակետից նախընտրելի է, որ տնտեսվարող սուբյեկտը կատարի այգեհիմնման ծախսերը, փաստաթղթավորի, այնուհետեւ հայտ ներկայացնի եւ պետությունից ստանա համաֆինանսավորման գումարը։
«Եվ, ահա, այս նախագծով մենք առաջարկում ենք վերջում ստացվող գումարները կրկին չհարկել շահութահարկով, որպեսզի պետական աջակցության գործիքակազմի շրջանակներում տրամադրված գումարները մինչեւ վերջին դրամը ծախսվեն հասցեավորված ու նպատակին»,- ասաց փոխնախարարը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ