«ԱՄՆ նախավերջին նախագահ Թրամփի պապին Առաջին համաշխարհային պատերազմից առաջ լքում է Գերմանիան, որպեսզի չգա ծառայության։ Մի քանի տարվա ընթացքում մեծահարուստ է դառնում, պատերազմից որոշ ժամանակ անց վերադառնում է Գերմանիա, ներկայանում է իշխանություններին՝ խնդրելով իրեն ներել ցանկացած գումարի դիմաց, որ մնա իր հայրենիքում։ Գերմանական իշխանությունները 24 ժամ ժամանակ են տալիս՝ երկիրը լքելու համար։ Եվ մենք գիտենք՝ Գերմանիան այսօր ինչ պետություն է»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այս օրենքի նախագիծը, որ կա, կարեւոր միտքը շատ հասկանալի ու ըմբռնելի է, բայց իր բացասական վարքագիծ դաստիարակելու էլեմենտներ էլ կա։ Եթե այս օրենքն այս ձեւով ընդունենք, ապա իմ անհանգստությունն այն է, որ կդնենք առաջին քարը՝ մեր հայրենիքը, պետությունը երկիր Նաիրի դարձնելու համար։ Հիմա մենք կպնում ենք այս հողին, թե՞ չենք կպնում, դա պիտի որոշենք։ Որպեսզի մերկապարանոց չլինի իմ ելույթը՝ առաջարկում եմ վերջին երկու կետը հանենք, թող մարդը գա 6 ամիս ծառայի ու գումար վճարի»,- ասաց Աղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ