ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն (լուսանկարում) ասաց, որ համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ 50 մլն եվրո գումարի չափով։ «Հաշվի առնելով վարկի բյուջետային աջակցության բնույթը՝ միջոցներն ուղղվելու են 2023 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում։ Սակայն մի կարեւոր հանգամանք կա այստեղ․ հաշվի առնելով, որ մեր պլանավորած կապիտալ ծախսերը՝ 550 մլրդ դրամ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասորդը, այդ միջոցներն, ըստ էության, ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ, որոնք իրենց հերթին ունեն տնտեսության վրա բավական դրական եւ ներուժը բարձրացնող ազդեցություն, նաեւ ուղղված են մեր ապագա սերունդներին։ Հետեւաբար, պարտքային միջոցների խելամիտ օգտագործում են ենթադրում»,- ասաց փոխնախարարը։
Էդուարդ Հակոբյանն ասաց, որ վարկը տրամադրվելու է եվրոյով, տոկոսադրույքը երկու բաղադրիչ ունի՝ վեցամսյա՝ եւ լիբոր, եւ ֆիքսված սպրեդ։ Ներկա գնահատումներով՝ 5,6 տոկոս է կազմում տոկոսադրույքը։ Մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի։
«Բյուջետային աջակցության վարկերը ստանալուց առաջ մենք իրականացնում ենք ռեֆորմներ, ռեֆորմները պատշաճ իրականացնելուց եւ ընդունելուց հետո ենք կարողանում հասանելիություն ունենալ վարկային միջոցներին»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ