Նոբելյան մրցանակակիրներ, խոշոր գործարարներ, պետությունների նախկին ղեկավարներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ միավորվել են՝ կոչ անելով անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայերին։
Առավել հայտնի բանտարկյալներին բաց չթողնելը Բաքվի կողմից քաղաքական հաշվեհարդարի դրսևորման արտահայտություն է: ԱՄՆ Կոնգրեսում և Եվրոպական խորհրդարանում ամրապնդվում է Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջը:
Նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը, Էռնեստո Զեդիլյոն, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին, Օսկար Արիասը և Շիրին Էբադին, ձեռներեցներ Ռիչարդ Բրենսոնը, Մարկ Բենիոֆը, հրատարակիչ Արիանա Հաֆինգթոնը և համաշխարհային այլ գործիչներ ստորագրված նամակում մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի առաջնորդների, ներառյալ հումանիտար գործիչ Ռուբեն Վարդանյանի կալանավորման հարցով։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 2023 թ. –Միջազգային լայն ճանաչում և համբավ ունեցող ավելի քան 150 գործիչներ, ներառյալ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ ութ քաղբանտարկյալներին՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ապօրինաբար ձերբակալվել են սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց և այն գրավելուց հետո: Նրանցից բացի, տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։
Կարդացեք նաև
Համատեղ կոչ-նամակը ստորագրողները լուրջ անհանգստություն են հայտնում կալանավորված անձանց, ներառյալ հայ նշանավոր գործարար ու մարդասեր Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի առնչությամբ: Նրանց ձերբակալությունը հաջորդել է ադրբեջանական ուժերի կողմից իրականացված էթնիկ զտման արշավին: Դեկտեմբերի 7-ին 32 հայ գերիների ազատման մասին հայտարարությունը թեև սպասված առաջին քայլն էր, սակայն մյուս բոլորը ևս պետք է ազատ արձակվեն: Ութ քաղաքական բանտարկյալների և մնացած գերիների՝ Բաքվի կողմից ազատ չարձակելու փաստը ավելի է խորացնում Ալիևի ռեժիմի կողմից նրանց շարունակական կալանքի տակ պահելու շարժառիթների վերաբերյալ մտահոգությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մարդու իրավունքների խախտումները հրատապ ուշադրություն և գործողություններ են պահանջում, – ընդգծել է նամակը ստորագրած Նուբար Աֆեյանը, որը նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է: – Նախագահ Ալիևը քաղաքական հաշվեհարդարը նախընտրում է արդարությունից: Մենք հավատում ենք յուրաքանչյուր անհատի անկապտելի արժանապատվությանն ու իրավունքներին և միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ դատապարտելու այս անարդարությունը»:
Համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական զարգացման և մարդասիրական ծրագրերում Աֆեյանը երկար ժամանակ համագործակցել է Վարդանյանի հետ, որը դարձել է տարածաշրջանում քաղաքական ազատության ու մարդկային արժանապատվության համար մղվող պայքարի խորհրդանիշ: Նրա անարդարացի բանտարկությունը աշխարհի պատկառելի անձանց մղել է իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն նրա և անարդարացիորեն կալանավորված մյուս անձանց :
«Մենք կոչ ենք անում նախագահ Ալիևին կատարել միջազգային իրավունքի հանդեպ իր պարտավորությունները՝ ապահովելով, որ անարդարացիորեն կալանավորված անձինք կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տուն , – ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը:-Լեռնային Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կյանքի, ներառյալ՝ ազատ և անարգել տեղաշարժի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունք: Հաշվի առնելով COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի ներկայացրած հայտը՝ անկեղծորեն ցանկանում եմ հուսալ, որ ՄԱԿ–ը դրան համաձայնություն կտա միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դեպքում»:
Փոլմանը մեկն է նամակը ստորագրած անձանցից , որոնց թվում են նաև, օրինակ, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը։ Նամակը ստորագրած նշանավոր մյուս անձինք ներկայացնում են տարբեր ոլորտներ. նրանց թվում են «Salesforce» ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը, «Thrive»-ի և «The Huffington Post»-ի հիմնադիր Արիանա Հաֆինգթոնը և հայտնի երաժիշտ և «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը:
«Ռուբեն Վարդանյանի և մյուսների ապօրինի կալանավորումը խախտում է նրանց հիմնարար իրավունքները, – ասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը: –Որպեսզի համաշխարհային հանրությունը հարգի Ադրբեջանի կառավարությանը, շատ կարևոր է, որ վերջինս էլ հարգի օրենքի գերակայությունը, հատկապես, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների լույսի ներքո: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն կալանվածներին»:
Նրանց միասնական կոչը որպես հիշեցում է հնչում այն մասին, որ համաշխարհային քաղաքական առաջնորդներն աչալրջորեն հետևում են Ադրբեջանում կատարվող իրադարձություններին և կոչ են անում ազատ արձակել կալանավորվածներին: Ինչպես շեշտվում է նամակում, հայ գերիների կալանավորումը միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում և Ժնևի երրորդ կոնվենցիայի բացահայտ խախտում է։
Վերջին շաբաթներին Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի անդամները հետամուտ են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից բխող ապօրինաբար պահվող բոլոր կալանավորների ազատ արձակմանը: Եվրախորհրդարանը հոկտեմբերին բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ էր արվում ազատ արձակել և պարտավորվել լայն համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի բոլոր այն բնակիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնք ձերբակալվել են սեպտեմբերի 19-ից հետո։
Նույն կերպ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է (դեմոկրատ Կալիֆորնիայից) բանաձև ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում կալանավորված բոլոր ռազմագերիներին և ներկայումս կալանքի տակ պահվող քաղաքացիական անձանց:
Ստորագրողների ամբողջական ցուցակը և նամակի պատճենը հասանելի են հետևյալ հղմամբ:
Նամակի վերաբերյալ հարցերի կամ այս ջանքերին աջակցելու, թեմայի վերաբերյալ հարցազրույցներ կազմակերպելու համար կարող եք կապ հաստատել [email protected] էլ. հասցեով:
Մամուլի հաղորդագրություն