«Այն, որ հարգելի դատավորը ասում է՝ այո, գաղտնիք չէ, որ հասարակությունը միլիարդավոր դրամների շորթման գործով սպասելիքներ ունի: Դուք որ սպասելիքն եք բավարարելու, հռետորական հարց հնչեցնեմ, որի՞ն եք ձգտում: Դուք գիտե՞ք ինչ սպասելիք ունի , դրա՞ն եք ձգտում: Մոնիտորի՞նգ եք արել, իմացե՞լ եք՝ ինչ է ուզում հասարակությունը, ինչ սպասելիքներ ունի, դրան եք ձգտում: Ոնց հասկացա հասարակության շահն եք ներկայացնում, ճշտե՞լ եք՝ կարող է հասարակությունն ուզում է, որ բուժվի»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստին նման հարցադրումներ էր բարձրացնում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նշենք, որ այսօր հրատապ նիստ էր հրավիրվել, որի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդեց կալանավորել Խաչատրյանին՝ հիմնավորելով, որ նրա վատառողջ լինելու պատճառաբանությամբ նիստերին չի ներկայանում, նիստերը ձգձգվում են, մինչդեռ Խաչատրյանը այդ ընթացքում ստացիոնար բուժում չի ստացել:
Պարոն Սարգսյանը նաեւ անհիմն համարեց մեղադրող դատախազի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը. «Ամեն անգամ մենք պետք է գնանք բժշկից փաստաթո՞ւղթ բերենք, որ ողնաշարի խնդիր ունի, վիրահատության կարիք կա՞: Ամեն նիստի բերե՞նք: Օրինակ դատախազը ոնց է պատկերացնում, որ մենք նիստին գալիս ենք ու ներկայացնում ենք, որ վատառողջ ենք, նշանակում է, որ էն հիվանդությունը ջնջո՞ւմ ենք: Մենք ամեն անգամ ներկայացնում ենք ՝ լրացուցիչ ինչ կա»:
Նա նկատեց, որ երեք տարի է՝ միջնորդում են պլանային վիրահատություն, բայց չի բավարարվում. «Բա էդ պլանայինը ձեր համար պլանային չէ՞: Դե գոնե ասեք՝ չէ, էդ էլ է սուտ, էդ էլ է կեղծիք»:
Կարդացեք նաև
Պաշտպանը խնդրեց մերժել դատախազի միջնորդությունը եւ բավարարել իրենց ներկայացրած միջնորդությունը՝ Խաչատրյանի՝ արտերկրում բուժվելու վերաբերյալ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու մասով ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։
Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ