Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կալանավոր իրանուհին խաղաղության նոբելյան մրցանակակիր։ Երեկ Նորվեգիայի մայրաքաղաքում մեծ հանդիսությամբ իրանուհի նշանավոր քաղբանտարկյալ Նարգես Մոհամմադիի զավակներին է հանձնվել խաղաղության նոբելյան այս տարվա մրցանակը։
Տիկին Մոհամմադին մարդու իրավունքների ճանաչված պաշտպան է և 2000-ականներից մինչ այժմ 13 անգամ ձերբակալվել ու բանտարկվել է. վերջին անգամ նա կալանվել է 2021 թ. նոյեմբերին և մինչ այժմ գտնվում է բանտում։ Նա Իրանում պայքարում է մահապատժի, կանանց իրավունքների ոտնահարման, ազատությունների սահմանափակման և տարբեր անարդարությունների դեմ։ Իրանուհի դափնեկիրը Նոբելյան մրցանակի 100-ամյա պատմության հինգերորդ հերոսն է, որ կալանավայրում է արժանանում այս մեծ պատվին։ Նրան նախորդել են գերմանացի, մյանմարցի, չինացի և բելառուս դափնեկիրներ։
Նարգես Մոհամմադին երկրորդ իրանցին է, որ ստանում է այս մրցանակը. նրանից առաջ մարդու իրավունքների նշանավոր մեկ այլ պաշտպան տիկին Շիրին Էբադին է արժանացել այս մրցանակին (2003 թ.): Տիկին Մոհամմադին նախապես արժանացել էր նաև մարդու իրավունքների պաշտպանության Ալեքսանդր Լանգերի (2009 թ.) և Սախարովի (2018 թ.) մրցանակներին։
Կարդացեք նաև
Օսլոյում կայացած երեկվա միջոցառման ներկա էին մեծ թվով հյուրեր, իրանցի տարագիր ընդդիմադիրներ, Նորվեգիայի արքայական ամոլը, Նորվեգիայի խորհրդարանի ծագումով իրանցի նախագահ Մասուդ Ղարախանին, Նարգես Մոհամմադիի ամուսինն ու 17-ամյա երկվորյակ զավակները։ Վերջիններս հնչեցրեցին իրենց մայրիկի ողջույնի և շնորհակալության խոսքը և ստացան մրցանակը։