Դեկտեմբերի 11-ին Երեւանում կայացել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործունեության շրջանակներում մշակված խորհրդատվական կարծիքների քննարկումը՝ պետական մարմինների ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ։
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։
Լուսինե Հակոբյանն իր բացման խոսքում շեշտել է, որ քաղհասարակությունը շատ աշխատանք է կատարել այս կարծիքները կազմելու համար, նշել է, որ քննարկվում է կարծիքների արդեն երկրորդ խումբը, որոնց հիման վրա մշակվում է Պլատֆորմի տարեկան զեկույցը։ Նա նաեւ գոհունակություն է հայտնել մասնավորապես Արդարադատության նախարարության հետ հատկապես վերջին 2 տարիների համագործակցության կապակցությամբ։ Հակոբյանը կարեւորել է, որ իրենց որոշ խորհրդատվություններ հաշվի են առնվում, մասնավորապես օրինակ՝ Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների հարցի հետ կապված։
Միաժամանակ, Հակոբյանն անդրադարձել է ՀԸԳՀ-ով նախատեսված ժողովրդավարական բլոկի բարեփոխումներին՝ նշելով, որ դեռ շատ անելիքներ կան։
Կարդացեք նաև
«Միգուցե համատեղ ուժերով վերանայենք առնվազն ժողովրդավարության բլոկի մասով, այդ բարեփոխումները միայն գործադիրի անելիքը չեն, դրանք նաեւ ԱԺ անելիքներն են, եւ այդ առումով նահանջ է դիտարկվել, մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությանն ուղեկցող հիասթափեցնող գործընթացը նահանջ է ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորություններից»,- նշել է Հակոբյանը՝ միաժամանակ կարեւորելով ՀԸԳՀ-ով ստանձնած մեկ այլ պարտավորության՝ Հռոմի ստատուտի վավերացումը, ինչը, Հակոբյանի խոսքով, քաղհասարակությունը եւս միշտ ջատագովել է։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ այս քննարկումներն արդեն դառնում են ավանդական։ Նրա խոսքով, մեր քաղհասարակության մասնակցությունը ԵՄ տարբեր ֆորմատներում բավականին արդյունավետ է, եւ համեմատելով Արեւելյան գործընկերության այլ երկրների փորձը՝ նշել է, որ Հայաստանն առավել առաջընթաց ունեցող երկիր է։
«Փորձում ենք առավել բաց լինել քաղհասարակության հետ քննարկումներում։ Եվրամիության հետ այս փուլում նոր գործընթացներ են սկսում եւ քաղհասարակության կարծիքներն անչափ գնահատելի կլինեն։ Հիմա այն ժամանակն է, որ ունենք ինովացիոն, թարմ մտածելակերպի կարիք»,- նշել է Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ վերջերս Հայաստան էր ժամանել ԵՄ փաստահավաք առաքելությունը՝ ՀՀ կարիքները գնահատելու, ներկայացվող առաջարկներին ծանոթանալու եւ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղիներ փնտրելու համար․ ըստ Հովհաննիսյանի՝ այս հարցում քաղաքական առումով որեւէ խոչընդոտ չկա, Հայաստանը պատրաստ է առաջ գնալ։ Այս կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալը խորհրդանշական է համարել, որ հենց այսօր ՀՀ ԱԳ նախարարն առաջին անգամ ԵՄ արտաքին հարցերով խորհրդի ԱԳ նախարարների հետ կմասնակցի աշխատանքային ճաշի։
«Քաղհասարակության առաջակներն ու կարծիքները շատ գնահատելի են, պատրաստ ենք լրացուցիչ միջոցառումներ նախաձեռնել եւ մասնակցել դրանց»,- նշել է Հովյաննիսյանը՝ հավելելով, որ ԱԳՆ-ն առանձնապես կարեւորում է քաղաքական, անվտանագային ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկցիայի հարցը, ինչպես նաեւ, իհարկե, մարդու իրավունքները, արդարադատության ոլորտը շարունակում են մնալ իրենց առաջնային ուղղություններից։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծել է, որ իրենք աշխատում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ եւ այդ օրակարգը շատ կարեւոր է։ Նա հիշատակել է անվտանգության խնդիրը, տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը եւ հույս հայտնել, որ այդ հարցերի քննարկումը հաջող կընթանա Եվրոպայում։
«Ցանկանում եմ ընդգծել ամենակարեւորը, որ ՀԸԳՀ-ով մեր հարաբերությունների շրջանակը մեծ ներուժ ունի եւ այդ հեռանկարը գրավիչ է բոլոր դերակատարների համար, գրավիչ է բոլոր շահագրգիռ կողմերի համար, այն մոբիլիզացնում է Հայաստանի մասնագետներին քաղհասարակությունից, ինչպես նաեւ մասնագիտական ասոցիացիաներին ու անհատ խորհրդատուներին։ Այդ հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ ուզում եմ ընդգծել այն ազդակի որակը, որ մենք ստացել ենք եւ այստեղ ես չեմ խոսում միայն ակադեմիական որակի մասին, քանի որ դուք այն զգալի չափով ունեք, ես նաեւ խոսում եմ չափման եւ գնահատման մասին՝ թե ինչն է հնարավոր, ինչն է իրատեսական, ինչպես նաեւ գաղափարների մասին, թե դրանք ինչպես կարող են կիրառվել»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ այստեղ կարեւորվում է շահագրգիռ կողմերի ամբողջ ներուժը՝ ներուժը երկրում, վարչական ներուժը, հանրային կառավարումը։
«Ես չեմ հավատում, որ հանրային կառավարումը պետք է քաղաքացիական հանրությունից, կամ մասնավոր հատվածից ինչ-որ կղզիացած, մեկուսացած բան լինի, մեզ անհրաժեշտ է համագործակցություն, դուք երկու կողմում պետք է մոբիլիզացնենք ձեր ռեսուրսները՝ մտավոր, քաղաքական, սոցիալական ռեսուրսները, դուք ունեք բոլոր կողմերի կարողությունների կարիքը, համագործակցության կարիքը»,- նշել է դեսպանը։
Նա նշել է, որ վերջին շրջանում իրենք շատ են աշխատում մասնավոր հատվածի հետ, ազդարարելով, որ շուտով արդեն կտեսնենք մասնավոր հատվածին ուղղված բազմաթիվ ներդրումներով տնտեսական ներդրման պլանը։
«Մենք արդեն կատարում ենք մեր խոստումներն այս ոլորտում, գիտեմ, որ պետք է ձգտենք ավելիին, պետք է հաղորդակցենք ավելի լավ, բայց ես շատ տպավորված էի օրեր առաջ, երբ մենք ԿԲ-ում գործարկեցինք նոր երաշխիքային ծրագիրը, որը նոր հնարավորություններ կտա մասնավոր հատվածում ներդրումների համար․ եւ դա միայն շուկայում վաճառքը չէ, այն կապված է կանաչ եւ թվային անցման հետ, այն կապված է ձեր արտադրանքի որակի բարձր չափանիշներին ադապտացման հետ։ Աշխատանքն արդեն սկսված է, բայց չափազանց կարեւոր է, որ այն շարունակվի, նոր թափ ստանա»,- նշել է Մարագոսը՝ հավելելով․ «շատ կարեւոր տարր է առաքելությունը, որը հիշատակվեց, ինչը եւս համաձայնեցրել ենք, մենք աշխատելու ենք միասին ներդրումային պլատֆորմում, որպեսզի արագացնենք ներդրումների կատարումը»։
«Մեծ օրակարգ կա, աշխատանքը չպետք է դադարի, մենք ավելի շատ երկխոսության կարիք ունենք, չպետք է բավարարվել միայն ՀԸԳՀ Պլատֆորմի ֆորմալ հանդիպումներով, որոնք տեղի են ունենում տարի մեկ-երկու անգամ, ուստի, խնդրում եմ շարունակեք այս աշխատանքը»,- հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
ՀՀ Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ ՀԸԳՀ կիրարկման վերջին 4 տարիներն համընկել են արդարադատության ոլորտում բարեփոխումների հետ․
«ՀԸԳՀ շրջանակներում բարեփոխումների համատեքստում ունեցել ենք 16 կետ, որոնք վերաբերել են այս ոլորտում հիմնաքարային փոփոխություններին երեք ուղղությամբ՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքներ, մի շարք ընտրական օրենքների փոփոխություններ, ԶԼՄ-ների ինքնավարության մեխանիզմների ներդրում, նոր քրեադատավարական օրենսդրության ընդունում, դատարանների ծանրաբեռնվածության թոթափում, դատավորների քանակի եւ աշխատավարձի ավելացում, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մի շարք եվրոպական ստանդարտներին մոտարկման գործառույթներ»։
Նա նաեւ հիշատակել է ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորություններից երկու միջոլորտային հարցեր, որոնք Արդարադատության նախարարությանն էր վերապահված եւ այդ համատեքստում առանձին անդրադարձել է Հռոմի ստատուտի վավերացմանը եւ դրա ներքո ներպետական օրենսդրության մոտարկումը ՄՔԴ պրոցեդուրալ գործընթացներին ու ԵՄ իրավական համակարգին։
«ՀԸԳՀ իրականացման մոնիթորինգի համար կա միջպետական խորհուրդ, որը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Խորհուրդը ժամանակ առ ժամանակ նիստեր է հրավիրում՝ վերլուծելու ՀԸԳՀ իրականցման ընթացքը, եւ պետք է նշեմ, որ մեր ոլորտին վերապահված գործառույթներից 16 կետերից 14-ը արդեն կատարել ենք, եւ պարտականությունների իրականացման տեսանկյունից մեր գերատեսչությունը հանդիսանում է առաջինը»,- նշել է Կարապետյանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանն իր խոսքում բարձր է գնահատել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, որը չի կարող կայանալ առանց ակտիվ քաղաքացիական հասարակության։ Որպես համագործակցության օրինակներ, նա նշել է, որ այս տարի տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ են առաջ տարել, «որոնք արդեն ազդում են մեր տնտեսվարողների վրա», ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապված վերջերս որոշ նախաձեռնություններ են սկսել։ «Սրանք օրինակներ են, թե ինչպես մենք կարող ենք արդյունավետ համագործակցել»,- նշել է Գեւորգյանը։
Ողջույնի ելույթներից հետո ներկայացվել են ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից կազմված տարբեր ոլորտներին առնչվող խորհրդատվական կարծիքները, որոնց շուրջ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։
-Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ ներկայացուցիչ, փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներում ՀԸԳՀ-ի իրականացման առաջընթացը» զեկույցը,
-Անկախ փորձագետ Լարիսա Մինասյանը ներկայացրել է «ՀԸԳՀ-ի կիրարկման առաջընթացը կրթության ոլորտում կոռուպցիայի վերացման համար» զեկույցը,
-«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանը ներկայացրել է «ՀԸԳՀ-ի համատեքստում վիզաների տրամադրման, դյուրացման եւ հետընդունման գործընթացը» զեկույցը,
-«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է «Ոստիկանության բարեփոխումները ՀԸԳՀ-ի կիրարկման համատեքստում» զեկույցը,
-Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարատ Ատովմյանը ներկայացրել է «Պրոբացիայի ծառայությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ» զեկույցը,
– Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ, ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ Աննա Բարիկյանը ներկայացրել է «Առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքի իրացման խնդիրները եւ ՀՀ օրենսդրության մոտարկումը ՀԸԳՀ դրույթներին» եւ «Աշխատողների լիարժեք ներկայացվածության խնդիրներ» զեկույցները,
– Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ Արսեն Իգիթյանը ներկայացրել է «ՀԸԳՀ պահանջներից բխող բարեփոխումների անհրաժեշտությունն աշխատանքային օրենսդրությունում» զեկույցը,
– Գիտությունների թեկնածու, «Արմենպակ» բիզնես ասոցիացիայի նախագահ, Գործատուների հանրապետական միության կրթական հարցերով փոխնախագահ Սուրեն Չիբուխչյանը ներկայացրել է «Աշխատաշուկայի եւ կրթության միջեւ կապը ՀԸԳՀ համատեքստում» զեկույցը,
– Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կից տեխնիկական խորհրդի նախագահ, փորձագետ Աշոտ Սաֆարյանը ներկայացրել է «Արդյունաբերության զարգացման ռազմավարության հայեցակարգի արդյունավետությունը ՀՀ-ում» զեկույցը,
-Անկախ փորձագետ Կարեն Մխիթարյանը ներկայացրել է «ՀՀ պարենային անվտանգությունը տնտեսական զարգացման համատեքստում, սոցիալական բարեկեցության բարելավում, ԵՄ-ի հետ ավելի խոր ինտեգրում եւ կլիմայական փոփոխության նկատմամբ դիմակայունություն» զեկույցը։
ԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմը Հայաստանի եւ Եվրամիության միջև 2017-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակկներում ստեղծված մարմիններից մեկն է։ Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին վերահսկել Համաձայնագրի իրականացման գործընթացն ու համապատասխան մարմիններին տրամադրել խորհրդատվություն։