Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության նախագահ Բերտրան Բուիքսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանական պաշտոնյա, խորհրդական, միջազգային խորհրդարանական վեհաժողովների և բազմակողմ հարցերի բաժնի ղեկավար Մոհամեդ Սադունը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանն անդրադարձ է կատարել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։
Կարդացեք նաև
Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։
Պարոն Բերտրան Բուիքսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ