Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանակցությունների առանցքում պիտի լիներ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը, անգամ բանակցությունները սառեցնելու նախապայմանով». Լիլիթ Գալստյան

Դեկտեմբեր 11,2023 18:55

Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը

-Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 30 տարի ժամանակ և ռեսուրս ենք ծախսել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր, քանի որ Լիսաբոնի գագաթաժողովում՝ 1996 թվականին, մեզ, ըստ էության ասել են, որ Արցախի հարցի ամենաբարձր նշաձողը Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ լինելն է. հետաքրքիր են ձեր դիտարկումներն այս առիթով և ուշագրավ է, որ արցախահայության իրավունքների, այդ թվում իր հողի վրա ապրելու, ինքնորոշվելու, մասին, ինչը նաեւ 30 տարիների բանակցային գործընթացի թեմա է եղել, Նիկոլ Փաշինյանը չի խոսել, չի խոսում։

-Հայաստան և մարդու իրավունքներ. մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս առաջացնող համադրություն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անգերազանցելի մնալ ստի, մանիպուլյացիաների և ազգային- պետական շահերն ու մեր հավաքական հեռանկարը հարցականի տակ դնելու իր վարքագծում: Իր ողջ խոսույթը կառուցված է սեփական պարտությունը արդարացնելու ցածր մղումներով: Արդեն հինգ տարի ձգվող հերթական հակապետական հռետորաբանությունն է նշաձող իջեցնող, միջազգային վարկանիշ ու բանակցային կարողություն չունեցող մի մարդու, որը փորձում է հասարակությանը պարտադրել սեփական պարտվողականությունն ու ամլությունը: «Միայնակ ամբողջ աշխարհի դեմ պիտի կռիվ չտանք, որովհետև չենք կարող տալ», սա էլ է իր հայտարարությունը:

Իսկ Հայաստանի նախորդ իշխանությունները ներկայացնող ոչ մի նախագահ և երբեք իր ստորագրությունը չի դրել Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող որևէ փաստաթղթի տակ, ոչ էլ հայրենազրկողի հայտարարությամբ է հանդես եկել: Արցախի կարգավիճակը մշտապես եղել է բանակցային գործընթացի առանցքում, իսկ ՀՀ իշխանությունները ճանաչել են ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնությունը, սեփական տարածքի ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը, նաև սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու իրավունքը:

Ասեմ նաև, որ Մինսկի խմբի համանախագահող եռյակի կողմից ընդունվել են հինգից ավելի հայտարարություններ՝ ստորագրված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով, ուր ամրագրված է ինքնորոշման իրավունքը: Ավելացնեմ նաև ԵԽԽՎ և ԵԱՀԿ մի քանի տասնյակ հայտարարություններ:

Խաղաղություն մուրալը՝ առանց թուրք-ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու, առանց նրանց միջազգային պատասխանատվության, առանց քաղաքական և միջազգային գնահատականի, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, հանգեցրեց թուրք-ադրբեջանական ցեղասպանական վարքագծի լեգիտիմացմանը:

– Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության օրը նշվում է մի իրավիճակում, երբ մարդիկ կալանավորված են քաղաքական այլախոհության պատճառով` Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան և այլն, ցուցակը 50-ի է հասնում։ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանում` դարձյալ քաղաքական այլախոհության պատճառով էր հայտնվել մեղադրյալի աթոռին։ Քրեական հետապնդման են ենթարկվում մարդիկ` անգամ սոցցանցային գրառումների համար։

-Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր, սա «Ֆրիդոմ հաուսի» գնահատականն է: Կորսված սուվերենության, պետական ինստիտուտների տոտալ կազմաքանդման, քաղբանտարկյալների, ոստիկանական բռնությունների ու ամենաթողության,
դատական համակարգը ռեժիմի լծորդ դարձնելու, հակաօրինական ճանապարհով ՏԻՄ մակարդակներում իշխանությունը լկտիաբար զավթելու, բարոյական արժեքների ու կարմիր գծերի ոչնչացման, ներազգային աներևակայելի պառակտման, արժեքային դեգրադացման, հազարավոր հայրենազուրկ հայրենակիցների, վախի ու տոտալ ապատիայի մեր ժամանակներում մարդու իրավունքներից խոսելը իրատեսական չէ: Հիշենք հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի օրերս տեղի ունեցած ընտրությունը ԱԺ-ում:

Ես հին քաղաքաբնակ եմ. այսպիսի ամենաթողություն, զոռբայություն և ցինիզմ չեմ հիշում: Երկրում հակակշռման և զսպման մեխանիզմները չեն աշխատում: Պետականության գիտակցումը փոխարինվել է սեփական իշխանությունը պահելու գերնպատակով:

Ու չդադարող մեղադրանք-ռևիզիա՝ անցյալն է մեղավոր․․
Ու տոնածառ, ու էլի խոշտանգվող Հրապարակ․․․
Ես մեզ չեմ ճանաչում․․

-Անգամ մարդու իրավունքների պաշտպանության օրը ՀՀ իշխանավորները չեն խոսում մարդասիրության, պայմանավորվածությունների և միջազգային իրավունքի նորմերի խախտումներով Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին, գերևարված մեր մյուս հայրենակիցների մասին։ 32-ի մասով հայտարարվեց, բայց 23 հաստատված գերիների և 80 չհաստատվածների ճակատագիրը դեռ անհստակ է։

-Որ գերիներ պիտի վերադառնան՝ հրաշալի է: Բայց նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության հանձնառություններ չեն կատարվում, և Հայաստանն իբրև բանակցող կողմ անընդունելի պասիվ է, թուրք- ադրբեջանական նարատիվներին համահունչ: Իմ խորին համոզումով, բոլոր բանակցությունների առանցքում պիտի լիներ գերիների վերադարձի, Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը, անգամ բանակցությունները սառեցնելու նախապայմանով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031