Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան

Դեկտեմբեր 11,2023 17:52

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող քայլերի շրջանակը և զարգացման սկզբունքները:

Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակ:

Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման համար հիմք են հանդիսանում՝

օտարերկրյա պետություններում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը,

հայկական սփյուռքի ջանքերը՝ ուղղված օտարերկրյա պետություններում հայ ինքնության պահպանմանը,

Հայաստանի ջանքերը՝ ուղղված ամբողջ աշխարհում հայագիտության զարգացմանը և հայկական մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը։

Ցանցային հայագիտական համալսարանի գործունեությամբ հնարավոր կլինի իրականացնել հայագիտության միասնական և համակարգված քաղաքականություն, սահմանել գերակա ուղղություններ։ Մասնավորապես՝ Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական հաստատությունների համագործակցությամբ մշակել և իրականացնել կրթահետազոտական նպատակային ծրագրեր, էլեկտրոնային կայքի միջոցով ձևավորել միասնական տեղեկատվական հարթակ՝ հետազոտվող թեմաների և նյութերի մասին տեղեկությունն առավելագույն չափով հասանելի դարձնելու նպատակով, ընդլայնել հայագիտական լավագույն աշխատանքների հանրային հասանելիության շրջանակը՝ ապահովելով դրանց տարածումը տարբեր լեզուներով:

Ցանցային հայագիտական համալսարանի կառավարումը կիրականացվի մեկ կենտրոնից՝ համակարգող մարմնի միջոցով։ Նման մարմին կարող է հանդիսանալ Հայաստանում գործող որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ գիտահետազոտական կենտրոն: Համալսարանի գործունեության համակարգումը կիրականացվի կառավարման խորհրդի միջոցով, որը կձևավորվի համալսարանի մասնակից հանդիսացող կրթագիտական հաստատությունների ներկայացուցիչներից:

Համալսարանի գործունեությունը կառուցված է լինելու կրթական ծրագրերի իրականացման ցանցային ձևի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ուսանողներին և հետազոտողներին ընդգրկվելու կրթահետազոտական համատեղ ծրագրերում՝ օգտագործելով համալսարանում ընդգրկված կառույցների հնարավորությունները:

Օտարերկրյա պետությունների բուհերը կամ գիտահետազոտական կազմակերպությունները, որոնք ցանկանում են միանալ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համընկերության (կոնսորցիումի) մասին հուշագրին և մասնակիցների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին, կգնահատվեն նախապես մշակված և հաստատված չափանիշներով: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման առաջին փուլում կդիտարկվի ՀՀ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ներառված 13 պետությունների 15 կրթագիտական կառույցների ընդգրկումը: Երկրորդ փուլում հնարավորություն կընձեռվի ընդլայնելու Ցանցային հայագիտական համալսարանի գործունեության շրջանակը՝ ներգրավելով կրթագիտական նոր կառույցներ:

Կդիտարկվի կրթաթոշակներ տրամադրելու հնարավորությունը ինչպես կարճաժամկետ հատվածում, այնպես էլ ամբողջական կրթական ծրագրի յուրացման համար: Դրանք կտրամադրվեն Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված ուսանողներին և հետազոտողներին՝ սովորելու և հետազոտություններ իրականացնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների բուհերում և կրթագիտական կառույցներում: Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացներն արդյունավետ դարձնելու նպատակով կարող է դիտարկվել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող մարմնի ստեղծում, օրինակ՝ հիմնադրամ:

Համաձայն հայագիտության զարգացման ռազմավարության թիրախային ուղղությունների՝ կմշակվի Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ռազմավարությունը, որում կներկայացվեն ծրագրային միջոցառումները և ֆինանսավորումը՝ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման գործընթացն ապահովելու համար:

Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված կրթագիտական կառույցների, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ներդրումային ֆինանսական միջոցները:

Նշենք, որ 2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: 2023 թվականին ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում։ Ծրագիրը, որում ընդգրկված է շուրջ 200 ուսանող, իրականացվում է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և կրթագիտական համապատասխան կառույցի միջև ստորագրված՝ դասավանդման և հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ պայմանագրերի հիման վրա:

Օտարերկրյա պետությունների համալսարանների, թանգարանների և գիտահետազոտական կառույցների հենքի վրա ներկայում գործում են 100-ից ավելի հայագիտական կենտրոններ, որոնք կարող են դիտարկվել որպես առանձին հաստատություններ կամ միավորվելով կազմել կրթագիտական համընդհանուր ցանցային կառույց՝ մեկտեղելով կրթագիտական կարողությունը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031