Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, որ վերջերս է ավարտել ֆուտբոլիստի կարիերան եւ իր թեկնածությունն առաջադրել դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու համար, այսօր հանդիպեց լրատվամիջոցների հետ եւ ներկայացրեց ընտրվելու դեպքում իր ծրագրերը։
Նրա համոզմամբ՝ ֆեդերացիայի գլխավոր անելիքը ֆուտբոլը բոլորի համար հասանելի դարձնելն է, որի կարեւորագույն բաղադրիչը մանկապատանեկան ֆուտբոլն է։ «Ես տեսնում եմ, որ Հայաստանում միանգամից սկսում են տանիքից, բայց մոռանում են, որ տունը կառուցել պետք է հիմքից»։ Նա նշեց, որ մասնավորապես, Երեւանում կա ընդամենը երեք ակումբ, ուր ծնողը իր երեխային կարող է տանել ֆուտբոլ պարապելու։ «Դա շատ քիչ է մեկ միլիոն բնակչություն ունեցող Երեւանի համար։ Իսկ, օրինակ, Ամստերդամում, որտեղ ապրում է 800 հազար մարդ, 60 ակումբ կա»,-ասաց Օզբիլիզը։ Նա ներկայացրեց այս տարիքային խմբի երեխաների համար մարզումային պայմանները ընդլայնելու մասին իր ծրագրերը ու նաեւ ընդգծեց, որ երեխաները տեւական ժամանակ զբաղվելով ֆուտբոլով՝ գրեթե խաղեր չեն խաղում, մրցումների չեն մասնակցում։ «Մրցումները մարզումների քննություններն են։ Ինչ էլ անում ես, պետք է մրցումներ ունենաս։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մանուկները իրենց տարիքային խմբերին համապատասխան որակի ավելի շատ միջազգային մրցումների մասնակցեն։ Բայց պետք է սկսել ներսում խաղալուց»,-ասաց ՀՖՖ նախագահի թեկնածուն։
Արաս Օզբիլիզի համար պարտադիր պայման է ֆեդերացիայի բաց ու թափանցիկ աշխատելը, քննադատական խոսքին պատրաստ լինելը, ինչը առաջ ընթանալու, ֆուտբոլը զարգացնելու կարեւոր գրավականներից է։ Այսինքն, որքան բաց ու թափանցիկ լինի ֆեդերացիայի գործունեությունը, այնքան քիչ կլինեն խնդիրները։ Ֆուտբոլային աշխատանքի կազմակերպումը նաեւ պետք է կախված լինի մեկ մարդու կամքից։ Պետք է մշակել եւ ընդունել ֆուտբոլի ազգային մոդել, որը պետք է աշխատի անխափան, անկախ նրանից, թե ով է ղեկավարը։ Այսինքն, պետք է համակարգ լինի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ