Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք ձևակերպել ԼՂ կարգավիճակի և բնակչության վերադարձի շուրջ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների օրակարգ. «Միասնական հայրենիք». Oragir.news

Դեկտեմբեր 11,2023 17:48

«Միասնական հայրենիք» կուսակցության մեկնաբանությունը Oragir.news-ին

Օրերս Արցախի քաղաքական և հասարակական ուժերը հանդես են եկել միասնական ուղերձով։ Առաջին բանը, որ աչքի է զարնվում այն է, որ խորհրդարանական ուժերից միայն «Միասնական հայրենիք»-ն է միացել ուղերձին։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Արդյո՞ք դուք եք հեղինակել ուղերձի տեքստը։

-Ուղերձի տեքստը մեզ ուղարկվել է ԱԺ պատգամավորներից մեկի կողմից՝ միանալու նպատակով։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը տեքստին ծանոթանալուց հետո իր դիտարկումներն է արել՝ առաջարկելով վերանայել մի շարք ձևակերպումներ, որոնք բառացիորեն կրկնում են հակամարտության լուծման 30-ամյա պահանջ-թեզերը։ Ի պատասխան նշվել է, որ տեքստը հեղինակել են միջազգային իրավունքի մասնագետներ և, եթե ուղերձին միացող յուրաքանչյուր սուբյեկտ իր փոփոխություններն առաջարկի, սահմանված ժամկետում հնարավոր չի լինի հրապարակել այն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը ոչ միայն չի տիրապետում մյուս կուսակցությունների՝ ուղերձին չմիանալու պատճառներին, այլև ուղերձի հրապարակումից հետո է տեղեկացել, որ վերջիններս չեն միացել։

Կարո՞ղ եք մանրամասնել, թե ի՞նչ բնույթի դիտարկումներ եք արել, որոնք չեն ընդունվել։

-Համաձայն ադրբեջանական պնդումների, ի հեճուկս միջնորդական առաքելությունների, Ադրբեջանն ուժի կիրառմամբ վերջնականապես լուծել է ԼՂ խնդիրը։ Մյուս կողմից՝ արցախյան կողմը շարունակում է պնդել, որ ազատ, անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետությունն այլընտրանք չունի։
Նման անպտուղ քաղաքական օրակարգի փոխարեն՝ մենք առաջարկում ենք ձևակերպել ԼՂ կարգավիճակի և բնակչության վերադարձի շուրջ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների օրակարգ և դեմ առ դեմ գտնել փոխադարձաբար ընդունելի մոտեցումներ և սկզբունքներ։

Ուղերձում խոսք է գնում ՄԱԿի խաղաղապահության մասին։ ՌԴն կարո՞ղ է վետո կիրառել Արցախը ՄԱԿի կառավարմանը փոխանցելու հարցի վրա։ Եթե այո, ապա ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել ռուսական վետոն։

-Մենք մշտապես հասարակական-քաղաքական խոսույթ ենք ձևավորել՝ հղում անելով այս կամ այն աշխարհաքաղաքական սուբյեկտների հնարավոր կարծիքին կամ դիրքորոշմանը։ Եթե ԼՂ հակամարտության ուղղակի կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը, ուղիղ երկխոսության  ուժ գտնեն իրենց մեջ, այլևս որևէ միջնորդության, այդ թվում՝ խաղաղապահ, անհրաժեշտություն չի լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031