Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միայն բռնելով, ստերջացնելով ու հետո բաց թողնելով՝ թափառող կենդանիների խնդիրը չի լուծվում». Երևանի ավագանու անդամ

Դեկտեմբեր 11,2023 17:44

Դեկտեմբերի 6-ին, Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել էր նույն բնակավայրի 7-ամյա բնակչի դին: Թափառող կենդանիների խնդիրները, չնայած պատկան մարմինների բազմաթիվ հավաստիացումների, մինչև օրս լուծված չեն:

Պաշտոնական տվյալներով՝ 2023 թ.-ի հունվար-հոկտեմբերի ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 6919 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տուժածների թիվը 1375-ով ավելացել է։ Կենդանիների կողմից հարձակումների մեծ մասն արձանագրվել է մայրաքաղաքում՝ 2807 դեպք։

Հարություն Առաքելյան

«Մենք պարբերաբար ստանում ենք վիճակագրություն մայրաքաղաքում կծելու դեպքերի վերաբերյալ: Միշտ խոսվում է կծման դեպքերի մասին, բայց միշտ չի ասվում, որ այդ դեպքերի ուղիղ կեսը լինում է ընտանի կենդանիների մասնակցությամբ: Այսինքն՝ վիճակագրությունը տրվում է, որ շների կամ կատուների կողմից կծվածության դեպքեր են եղել, սակայն չի առանձնացվում, թե դրանց որ մասն է ընտանի կենդանիների մասնակցությամբ, եւ որքանը՝ թափառող կենդանիների»,- Մեդիա կենտրոնում կայացած՝ «Թափառող կենդանիներ. ինչպե՞ս համատեղել մարդկանց համար անվտանգ միջավայրն ու հումանիզմը» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանը:

Նրա խոսքով. «Մայրաքաղաքում շատ ավելի ուշադիր են նման հարցերին եւ ավելի հաճախ են դիմում բժշկական հաստատություններ, քան մարզերում: Կծվածության դեպքերը արձանագրվում են միայն բժշկական հաստատություններ դիմելու պարագայում: Այն տարբերությունը, որ մայրաքաղաքում կծման դեպքերի թիվը շատ ավելին է, քան մարզերում, գալիս է հենց դրանից: Պետք է շեշտադրում անել հենց դրա վրա, որ քավության նոխազ չդառնան թափառող կենդանիները, որովհետեւ նույնիսկ ընտանի կենդանիների կողմից կծելու պարագայում միշտ քավության նոխազ դառնում են թափառողները»:

Գրիգոր Երիցյան

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ասաց, որ իրեն կուսակցության նախընտրական ծրագրում մի շարք լուծումներ են առաջարկված եղել այդ ուղղությամբ: Նրա խոսքով, վիճակագրությունը խոսուն է, թափառող կենդանիների խնդիրը Երեւանում մնում է չլուծված, թվերն էլ գնալով ավելանում են:

Նա անդրադարձավ արդեն սկսված՝ ընտանի կենդանիների հաշվառման գործընթացին. «Խնդիրը պահանջում է համալիր լուծում եւ միայն կենդանիներին բռնելով, ստերջացնելով ու հետո բաց թողնելով համայնք՝ թափառող կենդանիների խնդիրը չի լուծվում: Մենք մի շարք ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից՝ մասնավորապես կծման դեպքերի առումով, որոնք Երեւանի բոլոր վարչական շրջաններում շատացել են: Նաեւ ստացել ենք ահազանգեր, որ «Կենդանիների խնամքի կենտրոնը» հավաքում է թափառող շներին եւ բաց է թողնում Երեւանի արվարձանամերձ տարածքներում, ինչը նույնպես շների գլխաքանակի հարց չի լուծում: Նաեւ որքանով տեղյակ եմ, կենտրոնը աջակցում է հարակից համայնքներին ստերջացման, խնամքի հարցերով, օրինակ` Մասիսում, ինչը դրական կլիներ, եթե Երեւանում խնդիրը վերջնականապես լուծած լինեինք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031