Լրահոս
Օրվա լրահոսը

Անմահների ցասումը

Դեկտեմբեր 11,2023 17:30

Օրերս Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվեց Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի «Անմահների դիրքը» խորագրով ներկայացումը, որի բեմադրիչն է գլխավոր ռեժիսոր Վահան Խաչատրյանը: Այն ստեղծվել է Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսի հիման վրա: Եվ այս ներկայացումը նվիրված էր բոլոր ժամանակներում հայ ազգի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին: Բեմի վրա դեկորների տեսքով բավականին հետաքրքիր ու պատկերավոր են ներկայացված մարտական դիրքերը, որոնց վրա մեծ տառերով գրված էին Վազգենի, Լեոնիդի, Բեկորի, Վլադիմիրի, Վարդան Դուշմանի և այլոց անունները: Նրանք մեր ազգի այն քաջարի մարտիկներն էին, ովքեր իրենց կյանքի գնով պահեցին մեր հայրենիքի ամեն մի միլիմետր հողը:

Հանդիսատեսը դահլիճում ականատես է լինում, թե ինչպես են դիրքում գտնվող տղաները կռիվ տալիս բեմում: Ու երիցս հպարտությամբ զգացումով ես լցվում նրանցից յուրաքանչյուրի հանդեպ, զգալով, թե ինչպիսի անկոտրում կամքով ու խիզախությամբ են հսկել մեր երկրի ամենավտանգավոր սահմանները: Ամեն ակնթարթ գտնվելով մահվան ճիրաններում, միևնույն է, նրանց ամենամեծ ցանկությունը հայրենիքի պաշտպանությունն էր, իսկ եթե զոհվել, միայն հայրենիքը կանգուն մնալու համար: Անկասկած, նրանք իրենց կյանքը զոհաբերեցին, որ մենք ապրենք, որ հայրենի հողը կանգուն մնա, որ Արցախը երբեք թշնամուն չհանձնվի: Բայց տեղի ունեցավ ամենաողբերգալին: Երեքհազարամյա պատմություն ունեցող Արցախը հանձնվեց 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանին:

Արցախյան առաջին պատերազմից առայսօր տասնհինգ հազար զոհ ենք ունեցել, հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, հարյուրավոր ռազմագերիներ, անհետ կորածներ…Մեր հերոս տղաների արյամբ սրբացած արցախյան հողերը մնացին թշնամիներին մեր նախկին ու ներկա ռազմա-քաղաքական ղեկավարների վարած սխալ, պարտվողական քաղաքականության պատճառով: Նրանք եթե մեր հայրենիքը, հայ ժողովրդին սիրեին, կհզորացնեին բանակը, ժամանակակից սպառազինություն ձեռք կբերեին, ինժեներա-շինարարական աշխատանքներ կտանեին, դիրքերը կամրապնդեին, թունելներ կսարքեին: Այնինչ սպասարկելով օտարների շահերը՝ սիրեցին միայն Արցախի ընդերքը՝ ոսկին, զանազան թանկարժեք մետաղները, պետական բյուջեն թալանեցին, ագահության մոլուցքով տարվեցին, քանզի հարստությունը կուրացրել էր նրանց: Եվ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն կռվել, երբեք դիրքերում չեն եղել: Անհերքելի փաստ է, որ մարտադաշտերում կռվում էին հասարակ ընտանիքների զավակները, որոնցից շատերն անմահացան և հանգչում են Եռաբլուրում: Նրանք իրականում առաջնորդվում էին Գարեգին Նժդեհի հայտնի խոսքերով. «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները»:

Բեմից մի երկու անգամ հնչեցին Գարեգին Նժդեհի ասույթները հերոսների դերը մարմնավորող դերասանների շուրթերից: Ինչ խոսք, որ արցախցի դերասանները, որ պատերազմներ են տեսել, տասը ամիս ապրել թշնամու շրջափակման մեջ, իրենց բեմական գեղեցիկ խաղով կենդանի շունչ էին հաղորդում, գուցե նաև մտովի այդ պահին պատկերացնելով իրենց զոհված հորը, եղբորը, ընկերոջը: Դիրքապահներից ամենաավագը խոսում էր արցախյան բարբառով, որը յուրօրինակ կոլորիտ էր ստեղծում զրույցների մեջ: Նրա երկու որդիները զոհվել էին նույն դիրքում, որտեղ նաև ինքն է վերջում զոհվում: Այդ հերոսի դերը մարմնավորում էր Արցախի ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը:

Դահլիճը քար լռությամբ հետևում էր նրանց խաղին, մանավանդ երբ մերթընդմերթ հուժկու կրակոցներ էին լսվում, և դահլիճը լցվում էր վառոդի ծխով: Այդպիսով բեմադրիչը անպայման ձգտել է հանդիսատեսին հնարավորինս ավելի մոտիկից հաղորդակից դարձնել թերևս այն ապրումներին, ինչը զգացել էին մեր հերոսները՝ գիշեր-ցերեկ գտնվելով դիրքերում: Բայց բեմում հնչող այդ կրակոցների հերթի մեջ հանդիսատեսը նաև զգաց մեր անմահների ցասումը: Նրանք մեզ՝ ողջերիս, չեն ներում պարտության համար, Արցախի կորստի համար: Կարծես հասկացնում էին, որ սրբացած արյունը ջուր չի դառնա երբեք, որ ինչքան էլ երկրի ղեկավարները փորձեն խաղաղության ձգտել, թշնամիների հայատյաց էությունը չի փոխվի: Չէ՞ որ հիմա էլ, ներկա օրերում ադրբեջանցի զինվորի կրծքանշանի վրա գրված է.«Մի՛ փախիր, հայ, դու կմեռնես ուժասպառ»: Եվ կենտրոնում պատկերված է Էնվեր փաշան՝ Հայոց Ցեղասպանության պարագլուխներից մեկը, որը սպանվեց արցախցի գնդապետ Հակոբ Մելքումովի ձեռքով:

Այսպիսով, աշխարհաքաղաքական այս ծանր ժամանակաշրջանում, երբ մեր երկրի համար իսկապես օրհասական է դարձել գոյաբանական խնդիրը, օրվա հացի պես հրամայական է նաև հայրենասիրական ոգով տոգորված նման ներկայացումների, ֆիլմերի ցուցադրումը: Հուրախություն մեզ, պիտի ընդգծել, որ դահլիճում ներկաների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, Հայաստանի գալիքը կերտողները: Հավատացած եմ, որ նրանք ոչ միայն մոռացության չեն տա մեր հայրենիքի համար անմահացած հերոսների հիշատակը, այլև պատվով կիրականացնեն նրանց թողած պատգամները:

 

ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031