Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իրավունք չունեմ երեխաների կյանքը վտանգելու, սփյուռքահայերի ներդրումները նսեմացնելու». Արմինե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 11,2023 16:43

«2006 թվականից Եկմալյան 6 հասցեում գործող «Օրրան» բարեգործական կազմակերպությունը զոհ է դարձել հերթական ապօրինի կառուցապատման, որը վտանգում է հարյուրավոր երեխաների կյանքը»,-այս մասին ասուլիսում ասաց «Օրրանի» հիմնադիր, տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ «Օրրանի» հարեւանությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից խախտումներով տրված շինարարական թույլտվության հիման վրա՝ սկսվել են հասարակական նշանակության շինության կառուցման աշխատանքներ, որով խախտում են շինարարական, քաղաքաշինական, հակահրդեհային մի շարք նորմեր, վտանգվում է «Օրրան» այցելող հարյուրավոր երեխաների անվտանգությունը:

«Օրրանը» դեմ չէ կառուցապատմանը, ընդհակառակը՝ մենք սիրում ենք, որ մեր շրջապատը մաքրվում է, նոր շենքեր են կառուցվում, նոր ձեռնարկություններ են ստեղծվում: Մենք դեմ ենք ոչ թե շինարարությանը, այլ այն շինարարությանը, որն ապօրինի է»,-ասաց տիկին Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ «Օրրանի» եւ կառուցվող շենքի հեռավորությունը ընդամենը 1,6 մետր է, որը, ըստ փորձագիտական եզրակացության՝ չի ապահովում «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» եւ «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմերի պահանջները, ըստ որի՝ տվյալ տիպի կառուցապատման դեպքում պետք է այդ հեռավորությունը լիներ ոչ պակաս, քան 6 մետրը:

Հավելեց, որ քանիցս դիմել են կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, այլ մարմինների, սակայն միայն քաղաքապետարանից են պատասխան ստացել, այն էլ ընդամենը այն մասին, որ կառուցապատողին տրված է շինթույլտվություն: «Հարցը շինթույլտվությունը չէ, այլ այն, որ շինթույլտվությունը քաղաքապետարանը տվել է անօրինական, թույլատրել է, որ «Օրրանից» 2,5 մետր հեռավորության վրա կառուցվի շինություն, կառուցապատողն էլ վերցրել ու 1,6 մետր հեռավորության վրա է կառուցել, ընդ որում՝ ոչ թե քաղաքապետարանի թույլատրած տարածքում, այլ՝ լրիվ այլ տեղում…Պատկերացնո՞ւմ եք, եթե հրդեհ լինի, երկրաշարժ, ինչպե՞ս պետք է ապահովենք երեխաների անվտանգությունը… Բոլոր կառույցներն են կարեւոր, բայց այնպիսի հաստատություն, ինչպիսին «Օրրանն» է, պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա… Ես զարմանում եմ, թե ինչու Երեւանի քաղաքապետարանը կամ վերահսկողության մարմինները չեն պատասխանում մեր նամակներին եւ չեն գալիս զննելու, թե ինչ է կատարվում»,-ասաց «Օրրանի» հիմնադիրը:

«Դուք տեսնում եք, որ շինարարության պատճառով փակվում են «Օրրանի» պատուհանները եւ հատկապես այն հատվածն է տուժում, որտեղ հոգեբանական ծառայություններ են ցուցաբերվում երեխաներին: Այդ հատվածը մենք օգտագործում ենք այն երեխաների համար, որոնք լուրջ հոգեբանական խնդիրներ ունեն, պատերազմ են տեսել: Պատկերացնո՞ւմ եք, երեխային հոգեբանական ծառայություն ենք մատուցում, ուզում ենք իր համար աշխարհը լինի պայծառ, լուսավոր, սակայն երեխան նայում է պատուհանին ու պատ է տեսնում »,-ասում է Արմինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ կառուցապատողները դիմել են իրեն համաձայնության գալու համար, բայց ինքն իրավասու չէ նման քայլի գնալու. «Իմ կողմից համաձայնության գալը անբարոյականություն կլինի: Այս շենքը կառուցվել է սփյուռքահայ նվիրատուների ներդրումներով, որոնք սփռված են աշխարհով մեկ, հատկապես ԱՄՆ-ում եւ Անգլիայում են: Կա տնօրենների խորհուրդ, այս շենքը պատկանում է «Օրրանին», սա անձնական սեփականություն չէ: Ես իրավունք չունեմ մեր երեխաների կյանքը վտանգի տակ դնելու, մեր սփյուռքահայերի ներդրումները ինչ-որ կերպ նսեմացնելու: Շատ լուրջ անվտանգային հարցեր կան, երեխաների կյանքի մասին է խոսքը, իսկ երբ երեխաների մասին ենք խոսում, այդտեղ կոմպրոմիս չի կարող լինել»: Տիկին Հովհաննիսյանը հավելեց, որ պատրաստ են խնդրի լուծմանը հետամուտ լինել նաեւ դատական կարգով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031