Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիմիդյանի աշխատածը գնահատում ենք զրո, ինքը մեր հացը իզուր է ուտում». Փաշինյանը դուրս եկավ հետնամուտքով, ձկնաբույծները սպառնում են փողոցներ փակել

Դեկտեմբեր 11,2023 15:38

Տեղեկացրել ենք, որ այսօր առավոտից կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ցույց են անում Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները: Շենքում էր գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ցուցարարները որոշել էին փակել նրա ճանապարհը, իրենց բողոքը ներկայացնել: Բայց աչքը թարթեցին՝ Փաշինյանը շենքից դուրս եկավ հետնամուտքով եւ միայն արձանագրեցին ավտոշարասյան հեռանալը:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Անցում են կատարելու փակ համակարգերի, ինչը թույլ կտա ջրային պաշարներն արդյունավետ օգտագործել: Ձկնաբույծները վստահեցնում են, որ ո՛չ նախարարը, ո՛չ փոխնախարարը, որեւէ մեկը չի պատկերացնում՝ ինչ է նշանակում այդ փակ համակարգը ու ինչ հետեւանքներ է բերելու. «Թուրքիայում անգամ սուբսիդիա են տալիս: Եթե այս օրենքն ընդունեն, մենք կփակվենք: Առանց քննարկելու՝ օրենքը բերել են: Մեզ ասում են՝ ո՞վ է ասում ընդունել ենք, մենք ձեր հետ պետք է կարգը քննարկենք: Բայց ոչ քննարկում են, ոչ էլ հանդիպում են, ոչ էլ ինչ-որ մեկը հեռախոսազանգի է պատասխանում»:

Ցուցարարների մի մասը գնացել է կառավարության շենք՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, ասել են՝ նամակ գրեք: «Ասեցինք՝ 7 ամիս է՝ նամակ ենք գրում, ասեցին՝ ո՞նց եք գրում, գնացին արխիվից ման եկան, գտան մի քանի նամակ՝ անպատասխան այնտեղ գցած: Հանեցին, կարդացին, զարմացան: Պարոն Սիմիդյանի աշխատածը գնահատում ենք զրո, ինքը մեր հացը իզուր է ուտում: Մեզ ասել են՝ ապօրինի հորերի հարցը կլուծենք, լիտրաժը չեն ճշտել անգամ, այսօր ինչ-որ մի տեղից փոխնախարարը մեզ ասում է՝ մենք ճշտել ենք՝ 700 հատ հոր կա ապօրինի եւ տիրազուրկ, մենք դա փակելու ենք»:

Ըստ ցուցարարների, իշխանությունների նպատակը իրենց բիզնեսը վերացնելն է: Ցուցարարները սպասելու են, որ մի շաբաթվա ընթացքում իրենց ընդունի Տիգրան Խաչատրյանը. «Եթե դա չեղավ, մենք փողոցներն ենք փակելու, պարզ ասում ենք: Իրենց ձեւով»:

Երբ լրագրողներն ասացին՝ Արցախը հանձնեցին, ոչինչ չեղավ, հիմա փողոցնե՞րն են փակում՝ ձկնաբույծները պատասխանեցին, որ իրենց գործը ստրատեգիական նշանակություն ունի, եթե Արցախում էլ իրենց պես մի քանի ձկնաբույծներ լինեին, շրջափակման ժամանակ շատ հարցեր կլուծվեին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031