ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասում է, որ իր անձնական թշնամիներն են բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, թե Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները պետք է գործեն, որովհետեւ դրանով առիթ են տալիս Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը չստորագրելու:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Ամեն մարդ ինքն է իր անձնական թշնամիներին ընտրում: Ես այն մեկն եմ, որը համարում է, որ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի Հանրապետության ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ, քանի որ մեր քաղաքական ուժը եւ մեր հայրենակիցների մի ստվար զանգված, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը համարում է,որ Արցախի Հանրապետության էջը փակված չէ: Ինչպե՞ս ենք պատկերացնում հետամուտ լինել խնդրին՝ առանց Արցախի ժողովրդի իրավազոր ներկայացուցիչների առկայության, առանց այդ ինստիտուտների կենսագործության»:
Պապոյանն ասել էր, որ այն մարդիկ, որոնք վարի են տվել Ղարաբաղը, հիմա եկել նի՞ստ են անում Հայաստանում՝ նկատի ունենալով Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը, որ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին: Ըստ նրա, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չտար ու Շահրամանյանը չգար, նման բան չէր լինի: Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ցավը նրանում է, որ նրանք գիտեն Արցախում ինչ է տեղի ունեցել: Շատ լավ գիտեն, որ արցախցիներից որեւէ մեկը Արայիկ Հարությունյանին չի պարտադրել, դա ոչ Արցախից եկած սպառնալիքի հետեւանքով է տեղի ունեցել: Ի՞նչ, ուզում են ասեն, որ մենք չմիջամտեցինք Արցախում տեղի ունեցող սպանդին, որովհետեւ մեզ դուր չի՞ եկել Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Դրանո՞վ են իրենց անգործությունը հիմնավորում: Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, դրա մասին ասել է Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ անգամներ ասել են իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչները: Եթե չէին հանդիսանալու երաշխավորը, թող ասեին, եւ Արցախի ժողովուրդն իր գլխի ճարը կտեսներ»:
Արթուր Խաչատրյանն ասաց, որ Արցախում իշխանության փոփոխության պատմությունը մի օր կբացահայտվի. «Այն, որ Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, դա պայմանավորված է նրանով, որ ինքը շատ ավելի բան գիտի եւ կարող է պատմի, քան թե այսօրվա իշխանությունները կցանկանային լսել: Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները, դա էլ Ադրբեջանի եւ ՀՀ այսօրվա ղեկավարության միջեւ ինչ-որ մի պայմանավորված արդյունք է հավանաբար»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ինչքան այս իշխանությունները ընկրկում են Ադրբեջանի առաջ, այնքան Ալիեւը հավելյալ պահանջներ է դնում. «Ասել դեմ ենք խաղաղությանը, անտրամաբանական է, բայց այն, ինչ առաջարկում է Ալիեւը եւ ինչին համաձայնվում են Հայաստանի իշխանությունները, դա ոչ թե խաղաղություն է, այլ հավերժական պարտության եւ կապիտուլյացիայի պայմանագիր է»:
Իշխանությունները համարում են, որ Արցախի խորհրդարանի հայտարարությունը կարող է խանգարել խաղաղության պայմանագրին: Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ կատարում են Ալիեւի պահանջը, Ադրբեջանը պահանջել է մոռանալ Արցախը, իրենք էլ մոռանում են. «Պետք է Արցախի բոլոր կառույցները լուծարեն, որովհետեւ Ադրբեջանը կարող է ասի, որ դա ռեւանշ է»:
Երբ լրագրողներն ասացին, որ հունվարի 1-ից Արցախը լուծարվելու է, կա հրամանագիր, պատգամավորը հակադարձեց. «Որեւէ նախագահ կամ պետական պաշտոնյա չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարել: Երեկվա հայտարարությունը բավականաչափ հստակ էր, ասվեց, որ այդ թուղթը ստորագրել է, որովհետեւ ադրբեջանցիները սպառնում էին մտնել քաղաք՝ Ստեփանակերտ եւ հավանաբար բոլորս ենք հասկանում, թե ինչ տեղի կունենար, եթե հազարավոր բնակիչ ունեցող Ստեփանակերտում քաղաքային մարտեր սկսեին, դա պարտադրված քայլ էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից: Իրենք ավելի հստակ կասեն, որ դա առոչինչ է: Արցախի ժողովուրդն ասում է, որ ես տեր եմ իմ՝ հայաթափված ու բռնազավթված հայրենիքին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ