Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք Լեռնային Ղարաբաղը վարի տան, զենքերը հանձնեն Ադրբեջանին ու գան Հայաստանում ԼՂ Ազգային ժողովի նիստ անե՞ն»․ Գեւորգ Պապոյան

Դեկտեմբեր 11,2023 14:32

«Այն հարցերը, որոնք առաջ են քաշել՝ տարբեր տեսակի պաթոսախառը, հայրենասիրական զեղումներով, դրա նպատակը Հայաստանի Հանրապետություն չունենալն է։ Ունենալն է հայրենիք, ոչ թե պետություն։ Եվ պետք է այս կաղապարից դուրս գալ, մենք չենք ուզում ունենալ հայրենիք, ուզում ենք ունենալ պետություն, Հայաստանի Հանրապետություն պետությունը, որը կլինի մեր հայրենիքը, ոչ թե հերթական անգամ պետություն կորցնենք։ Եվ այս գործընթացի վերջնանպատակը սա է»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այլ քայլերը, որոնք արվում են Արցախի իշխանությունների կողմից, ականներ են հայկական պետականության տակ։ «Ի՞նչ է նշանակում, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն իրենց հորդորեն, որոնց արդյունքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունենա պալատական հեղաշրջում, ժողովրդի կողմից օրինական ընտրված նախագահին փոխարինի նշանակովի մարդ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենց խմբակցությունների ղեկավարները քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից, բայց երբ մենք ասում էինք՝ այն, ինչ դուք անում եք, դա ռումբ է Լեռնային Ղարաբաղի տակ, մեզ ասում էին՝ դուք հայրենասեր չեք, դավաճան եք։ Տեսանք՝ ով է իրական դավաճանը, տեսանք՝ ով գնաց կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեց։ Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ստորագրել, ոչ թե Սամվել Շահրամանյանը, որովհետեւ իրենք էին թռչկոտում Երեւանում ուրախությունից։ Այսինքն՝ գնան կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն իրենք, լուծարեն Լեռնային Ղարաբաղի բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը լուծարեն ու գան Հայաստանում ԼՂ Ազգային ժողովի նիստ անե՞ն։ Սա Հայաստանի Հանրապետության դեմ ռումբ է, եւ սա անթույլատրելի է։ Չի կարելի հայրենասիրական, պաթոսախառը բաներով Հայաստանի Հանրապետության դեմ գործողություններ անել»,- ասաց նա։

Ըստ Պապոյանի՝ «հետեւաբար, եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, ապա խորհուրդ եմ տալիս նրանց խելքի գալ»։ Եթե դա մտածված դավաճանական գործողություն է արտաքին պետությունների հովանավորությամբ ու աջակցությամբ, ըստ նրա, դա եւս կբացահայտվի։ «Ես նկատի ունեմ, որ չի կարելի գնալ կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ այստեղ ՀՀ տակ ռումբ դնել։ Այո, փորձեր կան, ամեն օր եւ անընդհատ, եւ այդ բոլոր փորձերը պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի, որովհետեւ ամենակարեւորը ՀՀ-ն է, 29 800 քկմ-ն է, երեք գույնանի մեր եռագույն դրոշն է»,- նշեց նա։

Հարցին, թե այդ փորձերն ինչպե՞ս են դրսեւորվում, նա պատասխանեց․ «Այդ փորձերից մեկը հենց դա է, երբ Հայաստանն իր ինքնիշխանության, խաղաղության, անկախության, տարածքային ամբողջականության պահպանության գործընթացի մեջ է, այդտեղ մենք շատ կարեւոր քայլեր ենք անում, գնում են մի կողմից երկու ամիս առաջ ստորագրում են թուղթ, որ մենք լուծարում ենք բոլոր պետական մարմինները, հետո գալիս են Հայաստանում ինչ-որ նիստեր են անում։ Չես կարող դու գնաս լուծարես, հետո գաս այստեղ նիստ անես, որովհետեւ դա ՀՀ դեմ ուղղված գործողություն է, այս պետության դեմ ուղղված գործողություն է։ Նա, ով ՀՀ դեմ ինչ-որ գործողություն է անում, իմ անձնական թշնամին է։ Բոլոր այն գործողությունները, որոնք միտված են ՀՀ անկախության դեմ, եւ բոլոր այդ մարդիկ, որոնք ՀՀ անկախության դեմ գործողություններ են անում, ես այդ մարդկանց համարում եմ դավաճաններ»։

Դիտարկմանը, որ Արցախի իշխանությունները միջազգային հարթակներում են փորձում Արցախի հարցը հնչեցնել, Պապոյանը պատասխանեց․ «Միջազգային հարթակներում անկախության հարց բարձրացնելու համար պետք չէր գնալ ու լուծարել։ Երեսուն տարի կոպեկ-կոպեկ հավաքած զենքը տարան տվեցին ադրբեջանցիներին, տարան կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեցին, Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031