Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որոշել ենք Հայաստանը վերացնել, Հայաստանի Հանրապետություն չլինի, եկեք խոսենք ռեւանշի մասին»․ Գեւորգ Պապոյան

Դեկտեմբեր 11,2023 14:23

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ալիեւի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է երաշխիքներ տա, որ ռեւանշիզմ չի լինի։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ «խաղաղության պայմանագրում» նման ձեւակերպում լինի, որ Հայաստանի կողմից ռեւանշ չի լինի, Պապոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ռեւանշներ չեն լինելու։ Եթե պետք է ռեւանշ լինի, ապա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր։ Երկրորդ, մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը ամրապնդվի տեւական ժամանակ, այստեղ պետություն, պետականություն ու անկախություն լինի, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է հարեւանների հետ երկխոսության միջոցով։ Եվ խաղաղության պայմանագիրը որքան անհրաժեշտ է իրենց, այդքան անհրաժեշտ է մեզ։ Ինձ համար այդ պայմանագիրը նրա մասին է, որ այստեղ տեւական ժամանակ, շատ երկար ժամանակ խաղաղություն լինի։ Ինձ համար այդ ձեւակերպումներն անընդունելի են, որ ռեւանշ չի լինելու, որովհետեւ շատ տրամաբանական է, որ չի լինելու։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո ես Հարավային Կովկասում պատկերացնում եմ այնպիսի միջավայր, որը բերելու է բոլոր մակարդակներում ինտեգրացիաների, տնտեսական հարաբերությունների զարգացման, բարգավաճման, կենսամակարդակի ավելացման»։

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված ադրբեջանցիների վախերը, Պապոյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել։ Ես մտածում եմ, որ նման բան չի կարող լինել։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիրը նրա համար է, որպեսզի այս տարածքում լինի խաղաղություն։ Մի քիչ տրամաբանորեն պետք է շարժվենք, եթե Հայաստանը հայտարարի, որ ինքը ռեւանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելուն։ Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ եւ այդպիսի բառապաշար, որովհետեւ այդ ուժերին պետք չէ, որ Հայաստանի Հանրապետություն լինի։ Ուրիշի ձեռքով շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար։ Եվ մենք չպետք է դառնանք գործիք երրորդ երկրների ձեռքում։ Կլինեն Հայաստանում մարդիկ, որոնք տարբեր հայրենասիրական ճոռոմաբանություններով այդ բառապաշարն առաջ կտանեն, բայց մենք տեսել ենք, թե այդ գործընթացն ինչպես է եղել։ Նման տրամադրություններ ենք առաջ բերում, վերջում միայնակ ենք թողնում, օրինակ, տեղի է ունենում Վանի ինքնապաշտպանություն, տեղի է ունենում 1,5 մլն մարդու ցեղասպանություն, մարդկանց հայրենազրկում իրենց պատմական բնօրրանից։ Այդ փակ ցիկլից մենք պետք է դուրս գանք»։

Գեւորգ Պապոյանը հավելեց, որ «խաղաղության պայմանագրի» կնքելուն զուգընթաց անտրամաբանական է մտածել ռեւանշի մասին։ Ռեւանշի մասին մտածող ժողովուրդը չի կարող կնքել «խաղաղության պայմանագիր»։ «Եթե որոշել ենք Հայաստանը վերացնել, Հայաստանի Հանրապետություն չլինի, եկեք խոսենք ռեւանշի մասին»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031