Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ անձինք կրող են քաղաքական անմեղսունակության». Լարիսա Ալավերդյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Լիսաբոնի գագաթաժողովի հիշատակման մասին

Դեկտեմբեր 11,2023 14:00

Արցախյան եւ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների պահանջը ՄԱԿ-ից

-Օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ձեռնարկված 2020թ. 44-օրյա պատերազմի և 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիայի, դրան նախորդած՝ Արցախի Հանրապետության 10-ամսյա շրջափակման, Արցախի 150 հազար բնակչության բռնի տեղահանման ընթացքում գործողություններին, որոնք պարունակում են մարդկության դեմ հանցագործության, ցեղասպանության, մարդասիրության դեմ հանցագործության, ռազմական հանցագործությունների հատկանիշներ:

-Տեսանելի և արդյունավետ ջանքեր գործադրել Ադրբեջանում պատանդառված հայազգի բոլոր անձանց գերությունից ազատելու նպատակով:

-Արցախի ժողովրդի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը դիտարկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի առաջնահերթ խնդիրների ցանկում: Ձևավորել բանակցային նոր հարթակ և հնարավորություն տալ Արցախի հանրապետության ժողովրդին տեր կանգնելու իր ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը։

Այս պահանջները հայաստանյան եւ արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ առաջադրում են ՄԱԿ Գլխավոր քարտուղար պարոն Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների նախագահներին և ղեկավարներին: Երկու էջից բաղկացած նամակ-պահանջագիրն այսօր փոխանցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

«Յոթ ամիս առաջ՝ 2023թ. մայիսին, ՄԱԿ անդամ պետություն չհանդիսացող Արցախի Հանրապետության 60 հազար քաղաքացիներ, միանալով «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» հանրային շարժմանը, փորձել են ձեզ հասցնել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով տառապող 120 հազար արցախցի հայերին սպառնացող հայրենազրկման և ցեղասպանության վտանգի մասին: 2023թ. մայիսի 12-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի միջոցով ձեզ փոխանցած Հանրագրով մենք զգուշացրել էինք, որ «Արցախում ոչ միայն լուրջ հումանիտար ճգնաժամ է, այլև Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ իրականացնում է էթնիկ զտման և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից զրկելու՝ ցեղասպանական քաղաքականություն»։ Ցավով պետք է փաստել, որ միջազգային հանրության, այդ թվում և ՄԱԿ կողմից Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ գործուն քայլերի բացակայությունը «խրախուսեց» այդ երկրի նախագահին՝ էլ ավելի խստացնել իր բռնատիրական քաղաքականությունը և հունիսի 15-ից լիակատար պաշարել Արցախը:

Ինը ամիս տևած տոտալ բլոկադայից հետո Ադրբեջանի ղեկավարությունը, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ սեպտեմբերի 19-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ սկսեց նոր ռազմական ագրեսիա ՝ հրետակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերն ու կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ամենը ներկայացնելով որպես «հակաահաբեկչական գործողություն», Ադրբեջանը փաստացի հավասարեցնում է ժողովրդների ինքնորոշման իրավունքը տեռորիզմին, հակադրվելով այն սկզբունքներին, որոնց հիման վրա էին մոտ 30 տարի ընթանում խաղաղ բանակցությունները»,- ասված է նամակում:

Նախաձեռնության հեղինակներից, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՄԱԿ-ը 75 տարի առաջ, դեկտեմբերի 9-ին, ընդունել է «Ցեղասպանության կանխարգելման եւ դրա պատժի մասին» կոնվենցիան, ապա, ամսի 10-ին՝ Մարդու համընդհանուր իրավունքների վերաբերյալ կոնվենցիան, որի 75-ամյակը նշվում է այս օրերին, մեծ միջոցառումներով ու իրենք նախաձեռնել են այս գործընթացը՝ ահազանգելու, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները, իսկ ԱԽ անդամ պետությունները, առանձնահատուկ պարտավորություններ ունեն 21-րդ դարում արցախահայության նկատմամբ կատարվածի համար:

Տիկին Ալավերդյանն ասաց, որ չի ընդունում Արցախի եւ արցախահայության հետ կատարվածից հետո մեզանում առկա մերժողականությունը՝ ՄԱԿ-ին կամ միջազգային այլ կառույցների դիմելու մասով. «Ես համարում եմ՝ ոչ թե մենք ապարդյուն ենք դիմում, այլ մենք շատ քիչ ենք դիմում, որ ՄԱԿ-ը կամ այլ մարմինն արձագանքի: Մեր հարեւանները ստի վրա կառուցված իրենց մոտեցումներով հեղեղում են ամենատարբեր մարմինները մշտապես: Ցավոք, Հայաստանում, այս մերժողականության պայմաններում, այսպիսի դիմումները կրում են իրոք առանձին միջոցառումների բնույթ, բայց ես չէի կարող, իբրեւ ՀՀ առաջին ՄԻՊ, ինչ-որ մի քայլ չանել»:

ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակում հայաստանյան եւ արցախյան ՀԿ-ների ներկայացուցիչների չեն ընդունել՝ զբաղվածության պատճառով, ինչը տիկին Ալավերդյանը բնութագրում է՝ «հարված՝ ՄԱԿ-ի առանց այդ էլ իջեցված իմիջին»: Նամակը փոխանցվել է ոստիկանի միջոցով:

«Մեկ է, ես չեմ կիսում այդ մոտեցումը, որ միեւնույն է, ՄԱԿ-ը «թքած» ունի եւ պնդում եմ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն իրեն պատշաճ ձեւով չի ներկայացնում միջազգային մարմիններում, ընդհանրապես, եւ, ՄԱԿ-ում, մասնավորապես, որովհետեւ, ես չեմ գտնում, որ մի քանի նամակով, մենք ՄԱԿ-ից կամ այլ մարմիններից հարցի որոշում կստանանք. պետք է հեղեղ լինի, գետ լինի, ծով լինի՝ այդպիսի դիմումների, որ վերջապես ուշադրություն դարձնեն: Եվ երկրորդ՝ երբ ասում են՝ ի՞նչ եք ուզում ՄԱԿ-ից, երբ Հայաստանի օրվա իշխանություններն են իրենց այդ կերպ դրսեւորում, պետք է հստակեցնել՝ օրվա իշխանությանը ժողովուրդը չէ, որ բերել է, ժողովուրդը միայն քողարկման համար էր օգտագործվել: Պատահական չէ, որ բոլոր այն ստերը, որոնք ասվել էին, վերջերս, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, սկսել է արդարացնել՝ ասելով, որ հայությանը կամաց-կամաց պետք է բերեինք այն մտքին, որ այն ամենն, ինչ տեղի էր ունեցել 1988 թվականին, սխալ էր: Ես կտրուկ մերժում եմ, համարում եմ դա ոչ միայն հանցագործություն, այլ կոպիտ քաղաքական սխալ: Ի արդարացումն այն ամեն մի արհավիրքի, որն այսօր ունենք, բերվում են հնարածին տարեթվեր. եւ երբ փորձագետների կողմից կտրուկ մերժվեց Ալմա-Աթայի հռչակագիրը, սկսեցին հիշատակել 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովը: Այդ անձինք կրող են քաղաքական անմեղսունակության, նրանք բացարձակապես չեն տիրապետում Արցախի հիմնահարցի իրավական, իրական եւ միջազգային իրավական հիմունքներին. դրա համար, կառչելով աչքի ընկած առաջին իսկ փաստաթղթից, յուրովի, ամբողջովին այլասերելով մեկնաբանելով՝ ուզում են արդարացնել իրենց չարդարացվող հանցագործությունները»:

Իշխանության նման կեցվածքին տիկին Ալավերդյանը մեկ գնահատական ունի՝ նրանք սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերեւարման մեջ պահելով, մեր զրուցակցի գնահատմամբ, Ադրբեջանը պարզապես դատում է ինքնորոշման իրավունքի համար պայքարը՝ հավասարեցնելով դա ահաբեկչության, դրանով իսկ նախադեպ ստեղծելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031