Հայաստանի եւ Արցախի մի շարք ՀԿ-ներ ու հիմնադրամներ նամակ են ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որտեղ մասնավորապես նշել են, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հորդորում եւ պահանջում են օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ձեռնարկված 2020-ի 44-օրյա պատերազմի եւ 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայի, դրան նախորդած Արցախի 10-ամսյա շրջափակման, Արցախի 150 հազար բնակչության բռնի տեղահանման գործողություններին, որոնք պարունակում են մարդկության դեմ հանցագործության, ցեղասպանության, մարդասիրության դեմ հանցագործության, ռազմական հանցագործությունների հատկանիշներ: Պահանջում են նաեւ տեսանելի եւ արդյունավետ ջանքեր գործադրել՝ պատանդառված հայազգի բոլոր անձանց գերությունից ազատելու համար: Ինչպես նաեւ հորդորում են Արցախի ժողովրդի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը դիտարկել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ Անվտանգության խորհրդի առաջնահերթ խնդիրների ցանկում, ձեւավորել բանակցությունների նոր հարթակ եւ հնարավորություն տալ Արցախի Հանրապետության ժողովրդին տեր կանգնել իր ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը:
Այս պահանջը ձեւակերպելով ու ստորագրելով` այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էին հավաքվել արցախյան ու հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք նամակը փոխանցեցին եւ խնդրեցին հանդիպում:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից մերժեցին ընդունել. «Ասացին, որ կեսը ժողովի է, կեսը զբաղված է: Նախկինում առաջին ներկայացուցչությունը Ռոբերտ Ռոբինսոնն էր ղեկավարում եւ երբեւիցե այդպիսի վերաբերմունք չէր ցուցաբերվում: Այն ժամանակ 92 թվականին վերին աստիճանի վրդովված հարյուրավոր փախստականներ գալիս էին այստեղ եւ միշտ ստանում էինք հարգալից վերաբերմունքով ընդունելություն, որը խոսում էր հօգուտ ՄԱԿ-ի ներկայացուցչության: Ես չեմ գտնում, որ մեզ չընդունելը անարգո վերաբերմունք է մեր հանդեպ, ես գտնում եմ, որ դա անարգո վերաբերմունք է ՄԱԿ-ի հանդեպ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ