Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերարդսբերգենի եկեղեցական այս նոր համայնքը հիմնելուց երկու ամիս անց հայապահպանման համար կունենանք «Կոմիտաս» կիրակնօրյա դպրոցը»

Դեկտեմբեր 11,2023 13:22

Դեկտեմբերի 8-ին՝ Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում՝ նոր հիմնադրված հայ եկեղեցական համայնքում, տեղի ունեցավ «Կոմիտաս» կիրակնօրյա դպրոցի բացումը:

Գերարդսբերգեն քաղաքում արդեն երկու ամիս է ինչ հիմնադրվել է հայ եկեղեցական համայնք, և համայնքի ու կից քաղաքներում բնակվող հայերի համար արդեն գործում է կիրակնօրյա դպրոց:

Կիրակնօրյա դպրոցի բացման արարողությունը սկսվեց եկեղեցական արարողությամբ, որը նախագահեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, Անտվերպենի նորանշանակ հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանի ընկերակցությամբ: Ներկա էին նաև քաղաքի կաթոլիկ համայնքի նորանշանակ հոգևոր հովիվ Էմանուել Վիթսը, Ծխական խորհրդի անդամներ, համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ համայնքի հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանը. «Տեղին է ասել, որ Բելգիայի հայ համայնքը պատմական ուրախ և անմոռանալի օր է ապրում, որովհետև մեր՝ Գերարդսբերգենի եկեղեցական այս համայնքը, հիմնելուց երկու ամիս անց մեր զավակների հայապահպանման և հայակերտման համար կունենանք «Կոմիտաս» կիրակնօրյա հայ դպրոցը: Անմերժելի իրականություն է, որ դարեր շարունակ և, մասնավորապես, այսօր աշխարհում տիրում է գոյապայքար՝ ազգերի շարունակականության համար: Հայ ազգը իր անցյալի փորձով, իմաստուն անհատներով, ուժեղ ոգով, եկեղեցականներով, կամքով և հավատքով կարողացել է հասնել մինչև այսօր: Իսկ այս պայքարում կարևոր դեր է ունեցել, ունի և պիտի ունենա հայ դպրոցը, որը հայապահպանման և հայակերտման ամուր դարբնոցն է: Վստա՛ք եղեք, եթե հայ ազգը իր պատմությունը, մշակույթը, կրոնը, արժեքները, գիտելիքները և այս ոգին չփոխանցի ապագա սերունդներին ապա մենք պարտված ենք: Շնորհավորում եմ Գերարդսբերգենի և շրջակա քաղաքներից ժամանած հայ ծնողներին, որ այսօր Սրբազան Հոր գլխավորությամբ հիմք դրվեց կիրակնօրյա դպրոցի»:

Այնուհետև գեղեցիկ կատարումներով հանդես եկան կիրակնօրյա դպրոցի սաները; Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեր:

Արարողության ավարտին Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը իր խոսքում նշեց. «Ձեր շնորհիվ՝ սիրելի երեխաներ, երիտասարդներ, ծնողներ, հոգևորականներ, մենք նոր ճանապարհ ենք սկսել: Այս ճանապարհը հաղթանակի ճանապարհ է՝ և՛ հոգևոր, և՛ ազգային առումով: Մեր պատմության ընթացքում ավանդությունն այն է եղել, որ մանավանդ Սփյուռքում, եկեղեցին և դպրոցը գտնվել են մեկ վայրում, ու հայ մանուկը ստացել է հոգևոր, մշակութային, ազգային դաստիարակություն: Այնքան ժամանակ քանի դեռ մեր երեխաների և երիտասարդների ձայները լսելի են՝ եկեղեցում, դպրոցում, մենք կանք և պիտի շարունակենք ապրել: Այսօր ինչ կատարվում է այստեղ ինձ համար հրաշք է, և ես իմ գնահատանքն եմ հայտնում ձեզ՝ բոլորիդ: Հայր Մաղաքիայի գլխավորությամբ, ձեր բոլորի աշխատանքների շնորհիվ դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Եվ մանավանդ այս վերջին ժամանակաշրջանում, երբ մեր ազգը ապրում է դժվար օրեր՝ ուրախ ենք, փառք ենք տալիս Աստծուն, որ այսպիսի լուսավոր պահեր ևս կան»:

Սրբազան Հայրը կիրակնօրյա դպրոցի սաներին նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված խաչեր, որպեսզի Ս. Գրիգոր Լուսավորչի և բոլոր Հայրերի օրհնությունը միշտ լինի երեխաների հետ:

Արարողության ավարտից հետո Խաժակ Սրբազանի գլխավորությամբ բոլոր ներկաները ուղղվեցին դեպի կիրակնօրյա դպրոցի մասնաշենք: Նշենք որ, բացման պատիվը՝ կարմիր ժապավենի կտրումը, տրվեց Սրբազան Հորը: Այնուհետև Հայր Մաղաքիան և դպրոցի ուսուցչուհի Անի Կարապետյանը Խաժակ Սրբազանին և Հայր Տիրայրին ծանոթացրին կիրակնօրյա դպրոցի ծրագրին:

Հայր Մաղաքիան նաև նշեց, որ առաջիկայում կան ծրագրեր ստեղծելու երգչախումբ ու տիկնանց միություն:

Օրվա վերջում Ծխական խորհրդի անդամները և կիրակնօրյա դպրոցի սաների ծնողները կազմակերպել էին հյուրասիրություն:

Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031