Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիա էլ կա, հովանավորչություն էլ կա, եւ թաքնված բիզնես է ստեղծվում որոշ պաշտոնյաների համար»․ Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 11,2023 13:16

«Այս նախագիծը ֆիսկալ նպատակ է հետապնդում»,- ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Եթե ասում եք, որ այս նախագիծը ֆիսկալ նպատակ չի հետապնդում, այդ դեպքում չեք կարողանում բացատրել, թե ինչպե՞ս է ձեր ասած խնդիրը լուծում։ Մեքենայի պահպանության համար օրական վճարը 1600 դրամ սահմանելն արդեն ինքը շատ բարձր է։ Եթե այդ մարդը կարող է արագ մաքսային ձեւակերպումն անել, մեքենան կհանի, կտանի օրը 500-600 դրամով պահպանության կհանձնի։ Հետեւաբար, ձեր բացատրած հիմնավորման տրամաբանության մեջ չի մտնում դա։ Այլ տրամաբանության մեջ կարող է մտնել, օրինակ, թաքնված մի նոր բիզնես եք ուզում ստեղծել տալ որոշ պաշտոնյաների համար։ Ստվերային մի հնարավորություն, որ 5000 դրամ դարձնենք, կողքը առանձին բան կանենք, մի 3000-ով կանեն այդ բիզնեսը։ Այլ տրամաբանություն չկա։ Բայց հաշվարկները, որ հիմա նայում ենք, ավելի շատ սա ունի ֆիսկալ նպատակ, եթե նույնիսկ կոռուպցիա էլ չկա։ Ավելի վատատեսական սցենարով կոռուպցիա էլ, հովանավորչություն էլ կա, եւ առանձին բիզնես միավոր է փորձ արվում ձեւավորել։ Որպեսզի փարատվի այդ կարծիքը, ողջամիտ տրամաբանություն պետք է դրվի։ Եթե ձեր վարչարարության խրոնոլոգիան ցույց է տալիս, որ միջինը 7 օրում է հնարավոր ավտոմեքենայի մաքսազերծումը պատշաճ ձեւակերպել, 7 օրը դարձրեք ինքնարժեքով, դրանից հետո ավելի բարձր սահմանեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Պարոն Մինասյան, պաշտոնյաներին օրենքով չի կարելի բիզնեսով զբաղվել։ Ասում եք՝ պաշտոնյաների համար բիզնես ենք ստեղծում, այդպիսի բան չի կարող լինել»։

Հիշեցնենք, որ կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, ըստ որի՝ Գյումրիի մաքսատանը կից կայանատեղիում չմաքսազերծված ավտոմեքենաների կայանման մեկ օրվա արժեքը ներկայիս 1600 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 5000 դրամ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031