«Մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի մատերիալի է վերածվել, այլ նաեւ տուրքի մատերիալի է վերածվել»,- ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ պետական եկամուտների աճն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ ամենամեծը տուրքերի աճն է եղել։ «Լավ, եթե Գյումրիի մաքսատան կայանատեղին 50 տոկոսով է ծանրաբեռնված, այդ դեպքում ինչո՞ւ ենք ուզում 1600 դրամը սարքենք 5000 դրամ, եթե սրա նպատակը զուտ ֆիսկալ չէ։ Երկնքից ընկած փող է, մեքենան այնտեղ կանգնած է, 3400 դրամով ուղղակի ավելացնել, փող է, բացառապես ֆիսկալ նպատակների համար գանձում ենք։ Լավ, եթե ուզում ենք գանձել, միջին վիճակագրական մեքենան այդ կայանատեղիում քանի՞ օր է մնում։ Եթե 17 օր է միջին վիճակագրական թիվը, այդ դեպքում այս սանկցիան կիրառեք 18-րդ օրվանից սկսած։ Այսինքն՝ եթե մարդը դիտմամբ ասում է՝ այստեղ կայանատեղին ավելի էժան է, քան թե դրսի կայանատեղին, 18-րդ օրվանից գանձեք։ Եթե ասում եք՝ մեքենաները բերում են, չեն կարողանում վաճառել, այս ֆենոմենն էլ առաջացավ, որովհետեւ հարկային կարգավորումներով իրավաբանական անձինք ստացան առավելություն ֆիզիկական անձանց նկատմամբ։ Եվ ինչպես մամուլում կարդացել եմ՝ շատերը գնում են, կոնկրետ մեքենա ներկրողին ասում են՝ այն էն մեքենան իմ համար բեր, որովհետեւ փոխվել են իրավական կարգավորումները։ Եթե չեք ուզում դա լինի, հավասարություն դրեք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ մարդն ուզում է ավտոմեքենան մաքսազերծել, բայց փող չունի։ «Եթե փող չունի, մի բան էլ ավել փող ենք դնում, վերջիվերջո ինչի՞ եք դրդում այդ մարդուն, փողն ավելացնում եք, մի հատ այդ մարդու վիճակի մեջ մտեք»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ