«Դուք ասում եք՝ Պետեկամուտների կոմիտեն պատշաճ կատարում է իր աշխատանքը, օրական կարողանում եք 500 մեքենա սպասարկել։ Եվ հիմա կայանման տուրքը բարձրացնում եք, ինչը նշանակում է, որ շատանալու են արագ մաքսազերծման համար ցանկություն հայտնողները։ Հակասեցիք ինքներդ ձեզ, եթե այսօր 500-ը հազիվ մի կերպ սպասարկում եք, եթե վաղը դարձավ 1000, դուք ո՞նց եք հասցնելու։ Հետեւաբար, եթե ձեր նպատակը ֆիսկալ չէ, այս ձեւով ձեր խնդիրը չի լուծվում։ Ավելին՝ ավտոներկրողների վրա բեռն ավելացնում եք՝ չհիմնավորված պատճառով»,- ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Արթուր Մանուկյանն ասաց, որ Գյումրիում մինչեւ 500 մեքենա կարող են օրական մաքսազերծել, այսօր յուրաքանչյուր օր մոտ 160 մեքենա է ներմուծվում Հայաստան, բայց օրական կտրվածքով 130-ն է ներկայացվում մաքսազերծման։ «Եվ տարբերությունը բերում է մեքենաների կուտակմանը։ Սա է մեր նախագծի նպատակը, որպեսզի կուտակում չլինի։ Ասացի, որ մենք հնարավորություն ունենք 500 մեքենա սպասարկելու, բայց այն մեքենաները, որոնք գալիս են, հիմնականում մնում են ավելի երկար ժամանակով, քան կարող էին իրենք ներկայացնել մաքսային ձեւակերպման։ Այդ թվում՝ մաքսային մարմինը հնարավորություն ունի իրենց սպասարկելու ու բաց թողնելու։ Այսինքն՝ մենք այսօր ունենք հնարավորություն սպասարկելու, դիմողները չեն գալիս, իրենք ավելի ձեռք է տալիս որպես «ստայանկա»՝ այնտեղ մեքենան կանգնի»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ականատես է եղել բազմաթիվ բողոքների, պատգամավորները մեկնել են Գյումրի եւ տեսել ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում վարչարարության ձախողումները։ «Բնական ու տրամաբանական է, չէ՞, որ ներկրողն ուզում է օր առաջ շուտ ձեւակերպել ու հանել մեքենան այնտեղից։ Հիմա ձեր ասածը հակասում է բնական շահագրգռվածության մոտեցմանը։ Մարդն ուզում է շուտ ձեւակերպել, իր մեքենան հանել այնտեղից։ Հետեւաբար, եթե շուտ չի ստացվում ձեւակերպելը, նշանակում է օբյեկտիվ եւ վարչարարության տեսակետից սուբյեկտիվ վարքագծի պատճառով է լինում։ Այդ նույն տրամաբանության հաշվարկով կայանման գումարի բարձրացումը 1,5 մլրդ դրամ փող է անում, դա այդքան էլ փոքր չէ, որ ասում եք՝ ֆիսկալ նպատակ չի հետապնդում»,- հավելեց Մինասյանը։
Արթուր Մանուկյանն ասաց․«Այն հանգամանքը, որ իրենց ավելի ձեռք է տալիս, որ մեքենան կանգնի, քան ներկայացնեն մաքսային ձեւակերպման, իր տակ ունի նաեւ օբյեկտիվ իրականություն, հեռու չէ իրականությունից։ Ներմուծողը եթե բերել է այդ մեքենան՝ օտարելու համար, քանի դեռ չի գտել իր գնորդին, որին պիտի օտարի, դրա համար այդ մեքենաները կանգնած են մնում այնտեղ։ Կայանման տուրքը բարձրացնելով՝ մենք շահագրգռելու ենք, որ գան մաքսային ձեւակերպման ներկայացնեն մեքենան, մենք ունենք հնարավորություն սպասարկելու։ Նախագծով առաջարկվող կարգավորումն իր նպատակին ծառայելու է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ