Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի բժշկական կենտրոնում խուլիգանություն անողները դատապարտվել են

Դեկտեմբեր 11,2023 11:34

Այս տարվա փետրվարի 25-ին Կապանի բժշկական կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առնչությամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը մեղադրական դատավճիռ է կայացրել։

Հիշեցնենք, որ Կապանի բնակչուհիներից մեկի հարազատները զանգելով շտապ օգնության ծառայություն՝ չեն կարողանում կապ հաստատել աշխատակիցների հետ եւ բուժառուին հասցնելով հիվանդանոց՝ վիճաբանում են բժիշկների հետ։

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունյանը՝ կնոջ եղբոր Մանվել Դավթյանի հետ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարանում, 2023թ․ փետրվարի 25-ին՝ ժամը 05։05-ի սահմաններում, չնչին առիթով՝ կազմակերպության շտապ օգնության աշխատակիցների կողմից հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառով, վիճաբանել են նույն կազմակերպության շտապօգնության վարորդի եւ տվյալ օրվա հերթապահությունում գտնվող մյուս բուժաշխատակիցների հետ։ Արտյոմ Հարությունյանը սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու նպատակով, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով՝ ձեռքով հարվածներ է հասցրել վարորդի գլխի ու մարմնի տարբեր մասերին, իսկ Մանվել Դավթյանը՝ թքել է նրա վրա, հարվածել կազմակերպության առաջին հարկում գտնվող հերթապահ բժիշկ Նարեկ Աղալարյանի գլխի հետնամասին։ Արդյունքում՝ նրանց գործողությունների հետեւանքով խոչընդոտվել է հիվանդանոցի աշխատանքը, իսկ հիվանդանոցի այլ հարկերում գտնվող հիվանդների եւ աշխատակիցների մոտ առաջացել է զայրույթ, վրդովմունք, վախի ու տագնապի զգացողություն իրենց կյանքի եւ առողջության նկատմամբ։

32-ամյա Արտյոմ Հարությունյանն ու 31-ամյա Մանվել Դավթյանն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել։ Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց «ՀՀ քրեական օրենսգրքի» 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից) նախատեսված հանցանքի համար եւ նրանց դատապարտեց մեկ ամիս ժամկետով ազատազրկման։

Դատավճռով «ՀՀ քրեական օրենսգրքի» 84 հոդվածի կիրառմամբ` կարճաժամկետ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանվելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031