Աստված ասում է՝ ՉՎԱԽԵՆԱՍ
«Եվ ի՞նչ է ասում Տեր Աստված․ «Չվախենա՛ս այն խոսքերից, որ լսեցիր»։
Չվախենաս այդ խոսքերից։ Վախը արդեն իսկ մարդու ՄԱՀՆ է։
Ինչի՞ց ենք մենք վախենում։ Ի՞նչ վախեր ունենք մենք։ Ի՞նչ ունենք կորցնելու անձնապես կամ հավաքական իմաստով, որից վախենում ենք։
Կարդացեք նաև
Ի՞նչ ունենք շահելու, որի համար մեր վախերը մեկդի չենք դնում։
Աղբյուրը մեր ՉՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ վախերն են։
Մեզ վախեցնում են, մենք էլ հարմարվում ենք դրան։
Մեզ վախեցնում են պատերազմով, մեզ վախեցնում են նյութական կորուստներով, մեզ վախեցնում են մահվամբ։
Մարդը պետք է ամեն օր վախենա իր մահվանից, որովհետև մարդուն ամեն օր, անխուսափելիորեն, վերապահված է մահանալու։ Մարդը չգիտի միայն ժամն ու ձևը, կերպը, տեղը, եղանակը։
Մահվան վախի միտքը շատ սովորական պիտի լինի մեզ համար։ Մահը կարող է լինել ոչ անպայման պատերազմներով, այլ սովորական, անհասկանալի, ինչպես միշտ նկարագրում ենք՝ անիմաստ եղանակով։
Այդ մահվան գաղափարին մենք ենթարկվո՞ւմ ենք, թե՞ ուզում ենք ենթարկեցնել։ Մենք դառնում ենք պարզապես ինքներս մեր վախերի և մեր մահվան դիտորդնե՞ր, թե՞ դառնում ենք գործիչներ՝ հաղթելու մեր վախերը և մեր մահը։
Սա գոյութենական հարց է, և մենք որպես մարդիկ և որպես հավաքականություն կոչված ենք այս հարցի պատասխանը տալու»։
Բագրատ Սրբազան
Տավուշի Թեմ