Լրահոս
Օրվա լրահոսը

Հարթեցնում է կնճիռները, պայքարում մուգ բծերի դեմ․ տեղային օգտագործման վիտամին C-ի առավելությունները մաշկի համար

Դեկտեմբեր 11,2023 09:31

Տեղային օգտագործման համար նախատեսված վիտամին C-ն մաշկաբանների «հարգանքը» վայելող միջոցներից մեկն է, քանի որ դանդաղեցնում է մաշկի վաղաժամ ծերացման գործընթացները՝ կնճիռների, մուգ բծերի առաջացումը, պայքարում է արևի ճառագայթների բացասական ազդեցության, ակնեի դեմ։

Վիտամին C-ն հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է մաշկն ինչպես արտաքինից՝ չեզոքացնելով ազատ ռադիկալների (տոքսինների), օրինակ՝ փոշու, օդի աղտոտվածության ազդեցությունը, այնպես էլ ներսից՝ պայքարելով բնական գործընթացների, նյութափոխանակության արդյունքում առաջացող ազատ ռադիկալների դեմ։ Դրանք, ինչպես հայտնի է, կարող են վնասել մաշկը, իսկ վիտամին C-ի տեղային օգտագործումն օգնում է խուսափել բացասական հետևանքներից և բարելավել մաշկի ընդհանուր տեսքը։

Վիտամին C-ի օգտակարությունը մաշկի համար

Կլինիկական մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին C-ն կարող է նվազեցնել կնճիռները։ Մի հետազոտությամբ պարզվել է, որ նվազագույնը 3 ամսվա ընթացքում վիտամին C պարունակող միջոցի ամենօրյա օգտագործումը նվազեցրել է դեմքի ու պարանոցի կնճիռները, ընդհանուր առմամբ բարելավել մաշկի արտաքին տեսքը։

Վիտամին С-ն նաև պաշտպանում է մաշկն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից, իսկ ինչպես ցույց է տվել մեկ այլ կլինիկական փորձարկում, վիտամին С-ի, ֆերուլաթթվի և վիտամին E-ի համադրությունը նվազեցնում է կարմրությունն ու արևի ճառագայթների պատճառով առաջացած վնասվածքները։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ վիտամին C-ն, թեև ունի արևապաշտպան ազդեցություն, բայց չի կարող օգտագործվել արևապաշտպան քսուկների փոխարեն։

Վիտամին С-ն նվազեցնում է մաշկի մուգ բծերի առաջացումը՝ արգելակելով պիգմենտի արտադրությունը։ Կլինիկական հետազոտություններում նկատվել է մաշկի մուգ բծերի գունաբացում՝ շատ քիչ կողմնակի ազդեցություններով, ինչպիսին մաշկի թեթևակի գրգռվածության առաջացումն է։ Սա խոսում է վիտամին С-ի՝ սպիտակեցնող ազդեցության մասին։

Պզուկների դեմ տեղային օգտագործման վիտամին C-ն պայքարում է իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ, որն օգնում է կարգավորել մաշկային ճարպի արտադրությունը։ Կլինիկական հետազոտություններում օրական 2 անգամ վիտամին C-ով միջոցի օգտագործումը նվազեցրել է պզուկների առաջացումը։ Թեև այդ ընթացքում չեն գրանցվել վիտամին С-ի՝ տեղային օգտագործման կողմնակի լուրջ ազդեցություններ, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ ստացված արդյունքները հաստատելու համար։

Որ միջոցների կազմում փնտրել վիտամին C-ն

Վիտամին C-ն լինում է շիճուկների և մաշկի խնամքի համար նախատեսված այլ միջոցների կազմում՝ ներկայանալով ակտիվ ձևով (օրինակ՝ L-ասկորբինաթթու), ունենալով 10%-20%  խտություն և 3,5-ից ցածր pH մակարդակ, քանի որ այդ համադրությունն է ուսումնասիրվել կլինիկական հետազոտություններում։ Այդ տեղեկությունը սովորաբար ներկայացված է լինում «Բաղադրամասեր» բաժնում։

Նշենք, որ վիտամին С-ի տեղային օգտագործումն ուսումնասիրվել է սոսկ մեծահասակների պարագայում, այն խորհուրդ չի տրվում կիրառել երեխաների մաշկի խնամքի համար։ Մշտապես ուշադիր ծանոթացեք խնամքի միջոցների բաղադրությանը, եթե ունեք ալերգիա կամ զգայնություն որոշ բաղադրամասերի նկատմամբ։ Ճարպոտ և ակնեի հակվածություն ունեցող մաշկի դեպքում դիտարկեք այնպիսի բաղադրության օգտագործման հնարավորությունը, որը նաև պարունակում է նաև այնպիսի բաղադրամասեր, որոնք պայքարում են բորբոքման դեմ, ինչպիսին սալիցիլաթթուն է։

Ինչպես օգտագործել տեղային վիտամին C-ն

Մաշկի առավոտյան խնամքի ժամանակ օգտագործեք մաքրող թեթև միջոց, այնուհետև մի քանի կաթիլ վիտամին С պարունակող շիճուկ քսեք դեմքի ու պարանոցի մաշկին, որից հետո կարող եք խոնավացնող կամ արևապաշտպան միջոց օգտագործել։

Վիտամին C-ի օգտագործման ժամանակ կարող եք մաշկի թեթևակի ծակծկոց զգալ։ Կախված նրանից, թե ինչպես է ձեր մաշկն արձագանքում այդ միջոցին՝ կարող եք օգտագործել շաբաթը 4 անգամ կամ ամեն օր։ Նկատելի արդյունքը երևան կգա 3 ամիս անընդմեջ օգտագործման դեպքում։ Եթե կզգաք նշանակալի անհարմարություն կամ մաշկի գրգռվածություն կունենաք, անմիջապես դադարեցրեք վիտամին C-ի օգտագործումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Harvard Health

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031