«Մարդու իրավունքների ոտնահարումը Բաքվից Երեւան» թեմայով համաժողովում փաստաբան Վարազդատ Հարությունյանը խոսեց Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակի, այդ համատեքստում՝ խոսքի, մտքի, կարծիքի ազատ արտահայտման սահմանափակումների, դրանց համար քաղաքական հետապնդումների մասին։
«Արցախի թեման Հայաստանի հասարակության տարբեր անդամների ոտքի հանեց՝ հասարակական, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, մշակույթի, սպորտի, տարբեր կատեգորիաների, որոնք Արցախի թեմայով բարձրաձայնելու, քննադատական խոսքի համար հետապնդումների սկսեցին ենթարկվել Հայաստանի իշխանությունների կողմից։ Մենք Հայաստանում ունենք մի վիճակ, որ բանտերում գտնվում են մի շարք քաղաքական բանտարկյալներ։ Ընդ որում, քաղբանտարկյալների ճնշող մեծամասնությունը բանտերում են հայտնվել Արցախի թեմայով իշխանությունների նկատմամբ տարբեր տեսակի քննադատական խոսքի համար։
ՄԻԵԴ-ը, բազմիցս անդրադառնալով քննադատական խոսքին հանրային իշխանության մարմինների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ, բոլոր գործերով հստակ նշել է, որ հանրային իշխանության պաշտոնատար անձինք իրենց նկատմամբ քննադատական խոսքի նկատմամբ պետք է ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերեն։։ Այնտեղ, որտեղ իշխանությունները որոշակի հետաքրքրություն ներկայացնող քաղաքականություն են վարում, պիտի ավելի բաց լինեն քննադատության նկատմամբ։ Բայց մենք ունենք մի վիճակ, երբ քաղաքական խոսքի համար, օրինակ, Ավետիք Իշխանյանը, Գեւորգ Էմին Տերյանը, Նարեկ Մալյանը քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ես չեմ կարող բոլորը հիշել, թվարկել, որովհետեւ դրանք շատ են։ Բայց դրան զուգահեռ ունենք խտրական վերաբերմունք նույն քաղաքական խոսքի նկատմամբ հանդուրժողականություն, երբ խոսքը վերաբերում է իշխանության մարմիններին։
Կարդացեք նաև
Ես այս գործը բոլոր տեղերում շեշտում եմ, որպեսզի կոնտրաստը հստակ ընդգծեմ, իմ գործընկերներին էլ եմ խորհուրդ տալիս այս գործը միշտ մեջբերել։ Բոլորը հիշում են, Էդգար Ղազարյանը մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, էլի քաղաքական նկատառումներով, հաշվի առնելով, որ 2018 թվականի հեղափոխությունը ի վերջո հանգեցրեց Արցախի հանձնմանը, այդ պրոցեսները անվանեց թուրք-ադրբեջանական հեղափոխություն։ Բայց դրան հաջորդեցին իշխանական պատգամավորների կողմից ատելության եւ բռնության ուղիղ սպառնալիքները․ հնչեցին «ականջդ կպոկեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտություններ։ Եվ ի պատասխան Թագուհի Թովմասյանի հորդորի, որ մի սպառնացեք, Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց․ «Սպառնում եմ։ Խնդրում եմ՝ սա ընդունեք որպես սպառնալիք»։ Մի կարեւոր բան էլ ասեմ։ Այդ նույն Արթուր Հովհաննիսյանը ասաց․ «Ով մեր ժողովրդին կանվանի թուրք-ադրբեջանական, ես իր լեզուն կկտրեմ»։ Այստեղ շատ կարեւոր հանգամանք լա։ Արթուր Հովհաննիսյանն ի՞նչ էր անում։ Արթուր Հովհաննիսյանը ժողովրդին տրամադրում էր քաղաքական հատուկ դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ատելության, անհանդուրժողականության եւ իր վարքով որպես որոշակի դիրք զբաղեցնող հանրային պաշտոնատար անձ ցույց էր տալիս, որ այդպիսի քաղաքական դիրքորոշում ունեցող մարդու լեզուն պետք է կտրել եւ դա կմնա անպատիժ։ Եվ դա առայժմ մնաց անպատիժ, որովհետեւ քննիչը քրեական վարույթ չնախաձեռնեց, ուշադրություն, ինչ պատճառաբանությամբ։ Քննիչն իր որոշման մեջ մեջբերել էր ռասիզմի եւ անհանդուրժողականության Եվրոպական հանձնաժողովի թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնաժողովի հանձնարարականը, որում ասվում է, որ անհանդուրժողականության եւ ատելության խոսքի դեմ պայքարը չպիտի դառնա ընդդիմադիրներին լռեցնելու գործիք։ Այս պարագայում ըստ քննիչի ընդդիմադիր պատգամավորները Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանն էին։ Ընդ որում, այդ հաղորդմանը մենք նաեւ կցել էինք այն վիդեոները, որտեղ Արթուր Հովհաննիսյանը հարվածներ է հասցնում ընդդիմադիր պատգամավորներին՝ ընդգծելու համար Արթուր Հովհաննիսյանի կողմից հնչեցված սպառնալիքի իրական լինելը։
Քննիչի որոշումը բողոքարկվեց դատախազություն՝ դատախազությունը թողեց անփոփոխ, առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների փուլերն անցավ ու քննիչի որոշումը մնաց անփոփոխ։ Այսինքն, ներպետական դատական պաշտպանության բոլոր հնարավորությունները սպառվեցին։ Մենք այս մասով ծրագրում ենք գնալ ՄԻԵԴ։ Բայց դա չի էականը։ Էականն այն է, որ մենք ունենք խտրական, տարբերակված մոտեցում՝ կապված մարդկանց քաղաքական դիրքի, քաղաքական այս կամ այն ուժին պատկանելու հիմքով։ Ոևնենք քաղաքական բանտարկյալներ, որոնք բանտերում են, որոնց ելքն է սահմանափակված հանրապետությունից։ Եվ ունենք անպատժելի իշխանական պրոպագանդայի հետեւորդներ, որոնք կարող են արցախցիներին վատաբանել, ատելություն սերմանել, իշխանական պատգամավորներ, որոնք կարող են տեսախցիկների առաջ մարդկանց սպառնալ ու մնալ անպատժելի»,-ասաց փաստաբանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ