Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհացունց աղետը

Դեկտեմբեր 11,2023 12:30

1988 թ. դեկտեմբերի 7-ին, աղետյալներին օգնելու հրամայականով, Հրայր Ուլուբաբյանը, Աղասի Արշակյանը, Ռազմիկ Հակոբյանն ու Կիմ Բալայանը վերջինիս մեքենայով Գրողների միությունից ժամը 19-ին մեկնել էին Սպիտակ՝ աղետյալների համար տանելով 3 պարկ հագուստ։ Սոդոմ-Գոմոր հիշեցնող այդ դաժան օրերի եւ իրենց կատարած աշխատանքների մասին աննշան խմբագրությամբ մեջբերում եմ եղբորս՝ Աղասի Արշակյանի (ՀՀ ԳԽ պատգամավոր, մահացել է 2017թ. դեկտեմբերի 25-ին- խմբ) հուշերը, որ գրի էր առել 1990 թ. փետրվարի 28-ին:

Տեսարանը, որ բացվեց մեր առջեւ, անհնար է բառերով նկարագրել… Տեղ հասնելով, առաջին կես ժամը ոչինչ չէինք կարողանում անել, հասկանալ, ապշել կանգնել էինք։ Շուրջն ամենուր հիմնովին փլված շենքեր էին, այստեղ-այնտեղ կրակներ էին վառվում, սակավաթիվ մարդիկ էին աշխատում, տեխնիկա գրեթե չկար, այս ու այն կողմից սիրտ կեղեքող աղեկտուր ձայներ էին լսվում՝ լաց, ճիչ, ողբ, գոռոց: Հեռագրատան կիսականգուն բարձրահարկ շենքից կախ էր ընկած մի երիտասարդ, նրա ոտքերը գերված էին ծանր պանելների տակ։ Նա դեռ ողջ էր, եղբայրը, որ ներքեւում օգնում էր փչացած ավտոկռանը նորոգելուն, ստեպ-ստեպ հուսադրող բացականչություններով ոգեւորում էր իր գերված եղբորը՝ մի քիչ էլ դիմացիր… Իր անզոր վիճակից անձայն լալիս էր ու գլխին տալիս. «Բա մարդ էլ տեսնի տառապող եղբորը, լսի նրա օգնություն աղերսող ձայնն ու չկարողանա՞ մոտենալ, փրկել, սա ի՞նչ պատիժ է, կա՞ արդյոք ավելի մեծ պատիժ…Աստված, ինչի՞ համար… Ես ինչո՞ւ փրկվեցի, որ տեսնե՞մ ու տանեմ այս բոլորը ու չգժվե՞մ…»:

Մենք դեռ չէինք կարողանում կողմնորոշվել, թե ի՞նչ պետք է անենք, երբ հանկարծակի մի նոր՝ հզոր ցնցում գետինը փախցրեց մեր ոտքերի տակից, օրորվող, կիսականգուն շենքի քարերի մեծ ու փոքր կտորներ պոկվեցին ու մոտ 20 մ բարձրությունից թափվեցին մեզ վրա։ Շփոթված եւ հանկարծակիի եկած ակամայից փախանք տարբեր կողմեր։ Տղաներից մեկի նյարդերը տեղի տվեցին. «Սա ի՞նչ դժոխք է, եկեք գնանք, մենք ոչինչ չենք կարող անել, այստեղ մենք էլ կզոհվենք»։ Վերեւից կախ ընկածի տնքոցը մենք այլեւս չլսեցինք։

Այդտեղից մի փոքր հեռացել էինք, երբ մեզ ասացին, որ փողոցի մյուս կողմի 5 հարկանի բնակելի քանդված շենքի առաջին հարկը եղել է երաժշտական ուսումնարան, որ կենդանի մնացած երեխաներ կան, օգնության ու լացի ձայներ են լսվում։ Մեզ արդեն ոչինչ չէր կարող հետ պահել, նույնիսկ երաշխավորված մահը։ Այդ շենքի վրա մենք աշխատեցինք մինչեւ ուշ գիշեր, հետո ամբողջ գիշեր ու հաջորդ ցերեկը, մինչեւ երեկո։ Ահավոր հոգնել էինք. փորձ, գործիք, աշխատանքի միջոց, տեխնիկա, ոչինչ չունեինք, բացի մեր մերկ ձեռքերից ու մարդկանց գտնելու, օգնելու, փրկելու մեր անսահման ցանկությունից։

Սակավաթիվ փրկարարներս առաջին ժամերին փորձում էինք օգնության ձեռք մեկնել բոլոր խնդրողներին, մասնավորապես մի երիտասարդի, ով ասում էր. «Ամբողջ ընտանիքից մենակ եմ մնացել, օգնեք դուրս բերեմ գոնե քույրերիս, մորս, եղբորս դիակները, հայրիկս տանը չէր ու մինչեւ հիմա չկա»։ Մեկն էլ ձայն էր տալիս. «Տղերք ջան, էս կողմ եկեք, Զավենս էստեղ է, ձեն է տալիս, օգնե՜ք, ձեր ոտներին մատաղ, Զավենը փեսաս է, միակ աղջիկս անտեր Երեւանում՝ հիվանդանոցում է»։

Զավենին մենք դեկտեմբերի 8-ի կեսօրին հանեցինք, ընկել էր նկուղն ու մնացել թեք ընկած պանելի ու պատի արանքում, ոչ մի կոտրվածք եւ քերծվածք չուներ, փառք Աստծո, միայն սաստիկ վախեցած էր, շփոթված եւ խոսել չէր կարողանում, ինչպե՞ս էր նրա աներ քեռի Գեւորգը նրա ձայնը լսել, այդպես էլ չհասկացանք: Գեւորգը, հավանաբար, մեզ հուսադրելու համար էր անընդհատ կրկնում, որ նա ձայն է տալիս. եղավ մի պահ, որ մենք մտածում էինք, թե նա մեզ խաբում է, որպեսզի ուրիշ տեղ չգնանք:

Այդ առավոտյան քարերի ու փշրված պանելների հետ խառնված դուրս էին գալիս ելակի ու բալի կոմպոտների չկոտրված բանկաներ։ Սաստիկ ծարավ էինք, որոշեցինք մի քիչ դադար առնել։ Բացեցինք անուշահամ կոմպոտներն ու խմեցինք. կյանքը շարունակվում էր… Մի քիչ էլ մաքրելուց հետո դուս եկավ 5-րդ հարկի բնակիչ, ոչ ոք չունեցող Նազան տատի դիակը՝ ջնջխված դեմքով։ Մենք նրան փաթաթեցինք սավանով, իջեցրինք ու դրեցինք դիմացի ավտոտնակների մոտ։ Մինչեւ հաջորդ երեկո դեռ այնտեղ էր։ Բռնեցինք մի նախկին դատավորի, որ յուրացրել էր կնոջն ու 2 երեխուն կորցրած մի երիտասարդի 5000 ռուբլին։ Փողը վերադարձրինք տիրոջը։

Մինչ այդ կողքի մուտքի 3-րդ հարկի փլատակներում այլ փրկարարներ պանելը ծակել եւ դուրս էին եկել չուգունե վաննայի վրա, որի մոտ ընկած էր 27-ամյա մի կին։ Մենք նրա հետ խոսում էինք, ձեռքերը շփում, որ չմրսի, սակայն դուրս բերել չէինք կարողանում։ Հարկավոր էր կտրել խանգարող երկու երկաթաձողերը։ Ես մեկնեցի «նաժովկա» ճարելու։ Մեկ ու կես ժամ Սպիտակի դժոխքում թափառելուց հետո մի ավտոկռանի վարորդից կարողացա ճարել երկաթ կտրող 20 սանտիմետրանոց սղոցի կտոր:

Վեց ամսական Արարատին մենք դուրս բերեցինք աղետից ուղիղ 30 ժամ հետո՝ 17 անց 45-ին։ Դա մեր վերջին օգնությունն էր Սպիտակում։ Արարատն ամբողջությամբ մերկ էր։ Աղետը տեղի էր ունեցել այն պահին, երբ մայրը նրան լողացնելիս էր եղել։ Երեխան մնացել էր պանելի եւ պլաստմասսե վաննայի արանքը։ Խորտակվող պանելը կոտրել էր վաննան երկարությամբ, երեխայի գլխի ձախ մասում բետոնի սեղմած մասերում փոսիկներ էին առաջացել։ Մինչ այդ մեզ հետ աշխատող նրա հայրը իրեն շատ սառնասիրտ էր պահում, բոլորովին չէր շփոթվում ու չէր հուզվում երեխայի չկտրվող լացի ձայնից, միայն ինքնասփոփման բառեր էր ասում. «Հիմա, Արարատ ջան, հիմա քեզ կհանենք, բալիկ ջան, մի լացիր, հիմա կհանենք»։ Նա անընդհատ կողքի անցքից մտնում էր ներս եւ բետոնը կտրողներիս հուշում, զգուշացնում, որ հանկարծ չվնասենք, նա ավելի վաղ այդտեղից հանել էր կոտրվածքներ ստացած եղբորը, նրա մահացած կնոջն ու 2 մանկահասակ երեխաներին։ Արարատի հայրն աշխատում էր, անդադար աշխատում ու չէր հոգնում, նրա կնոջ ձայնը չէր լսվում։ Երբ վերեւից բացված անցքից գլխիվայր ներս սողաց փրկարարներից ամենանիհարը՝ ոտքերը դուրս թողնելով, ասաց, որ երեխայի ոտքը մոր սառած ձեռքի մեջ է եւ դժվարանում է պոկել։ Փրկարարին մի կերպ դուրս քաշեցինք։ Նա իր հետ դուրս բերեց լացող Արարատին։ Արարատը լալիս էր աջ ցուցամատը բերանում, աչքերը փակված էին բետոնե կոպերով՝ նրա թարթիչներին փոշին ու արցունքը բետոնի էին վերածվել, մատիկը բարակել էր…

Շտապ օգնության վրացիների անձնակազմը փլատակների մոտ սպասում էր, իսկ փոսի մոտ, տաք ծածկոցը ձեռքին սպասում էր մի ուրիշ փրկարար։ Արարատի տատիկը ներքեւում ողբում էր՝ ձեռքները վեր բարձրացրած։ Այս ամենն Արարատի հոր աչքի առաջ էր կատարվում։ Երբ երեխային դրեցինք ծածկոցի վրա ու նա տեսավ, որ որդին փրկված է, աչքերը խեղդվեցին կնոջը կորցնելու ողբից, որդուն գտնելու ուրախությունից ու փլվեց ոտքերի վրա, ինչպես գերանդուց կտրված հասկը։ Մենք եւս չէինք կարողանում զսպել մեր արցունքները…

Արդեն անուժ էինք, ծարավ, անսահման հոգնած ու քաղցած, անքուն, խիստ փոշոտված ու կեղտոտ։ Վերադարձանք Երեւան։ Գիշերը ձյուն եկավ։ Դեկտեմբերի 9-ն էր։

Առավոտ կանուխ մեկնեցինք Լենինական։ Արդեն փորձ ունեինք, մեզ հետ վերցրել էինք աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պարագաները՝ մոմեր ու լապտերներ, մուրճեր ու կացիններ, սղոցներ, լոմեր, բետոն կտրելու գործիքներ, տաք հագուստ, գլխարկ եւ այլն։ Քաղաք մտնել մեքենայով անհնար էր, ոտքով ճամփա ընկանք։ Սպիտակում լսած տեղեկություններով՝ Լենինականը չկար։ Ընկերներիս խնդրեցի ոտքով անցնել մինչեւ քաղաքի մյուս ծայրը՝ «Պոլիգոններ» կոչվող թաղամասը, կտեսնեինք ավերվածության չափերը, համ էլ կօգնեինք ուսանողական տարիների ընկերոջս՝ Վարդանի ընտանիքին։ Քաղաքում փլված տների կողքով անցնելիս՝ օգնություն կանչող ձայներ էինք լսում, Հրայրն ինձ հանդիմանում էր. «Էլ ո՞ւր ենք գնում, արի մոտենանք էս շենքին, ի՞նչ տարբերություն, թե ում ենք փրկելու, միեւնույն է՝ բոլորին չենք կարող փրկել»։ Ես խնդրում ու համոզում էի, որ քիչ մնաց, հեսա կհասնենք։

Ճիշտ ես ասում, միայն թե ես ուզում եմ տեսնել ընկերս կենդանի է, թե՞ ոչ, տեսնում ես էստեղ աշխատողներ կան, գուցե այնտեղի մարդկանց ընդհանրապես օգնող չկա»։ Անցանք Շիրակի շրջկոմի կողքով, շենքն անվնաս էր, շրջխորհուրդը նույնպես, միլիցիայի եւ քաղկոմ-քաղխորհրդի շենքերն էլ զարմանալիորեն կանգուն էին։ Ինչո՞ւ, այս շենքերի ցեմենտը չե՞ն կերել, զարմանում էի ես։ Վարդանենց բնակարանային պայմանները սովետների երկիրը մի քանի տարի առաջ բարելավել էր՝ քանդելով մի հարկանի քարե տունը եւ բնակարան հատկացրել Շիրակացի փողոցի 3-րդ շենքի 6-րդ հարկում։ Շիրակացի փողոցի 3-րդ շենքը Լենինականի ամենամեծ տուն-գերեզմանոցներից էր։ Վեց մուտք ունեցող 9 հարկանի շենքից մնացել էր բետոնե 100 մետրանոց մի մեծ թումբ… Վարդան ընկերս շվարած կանգնած էր փլատակների վրա։ Լավ էր, համակուրսեցիներս 2 օր է՝ այնտեղ էին։

– Ի՞նչ կա, Վարդան, տնեցի՞ք…- առանց վերջացնելու միտքս, հարցնում եմ ես։

– Գոհարը մնացել է շլիֆովալնի, զավոդը չկա, երեխեն էստեղ է, 3-րդ օրն է քանդում ենք, էսիգ մեր սենյակն է, կնգաս խալաթը, երեխեն չկա, մեռել է…

Մոտեցավ Հրայրը.

-Շենքի մյուս կողմում կենդանի մարդիկ կան, գնանք այնտեղ։

– Վարդան ջան,-ասացի ես, ներող եղիր եղբայր, էնտեղ ձեն տվողներ կան, գնանք օգնելու։

-Գնացե՜ք, Աղասի ջան, իմ բախտն էլ էսպես է, իմոնք մեռել են։

Անցանք շենքի արեւելյան մասը։ Առաջին մուտքի մոտ մարդիկ 2 օր չարչարվելուց հետո նկուղ տանող մի փոքր անցք էին բացել։ Անցքի մոտ հավաքված 30-40 մարդիկ տեսնելով գործիքներով եւ հագուստներով զինվածներիս, մեզ դրեցին հատուկ փրկարարների տեղ եւ առաջնորդեցին դեպի անցքը։ Հետերկրաշարժյան ցնցումները դեռ չէին մարել, փլատակների տեսարանն էլ զարհուրելի էր, վախենում էինք ու առաջ գնում: Մեջքի վրա պառկած անցքից սողացինք ներս։ Առաջին տեսարանը, որ անցքին հարող առաստաղին տեսանք, մեր դեմքից մի թիզ հեռավորությամբ, կոտրված պանելների արանքից ճզմված գլխով ու բաց աչքերով, արյունոտված մի սառած դեմք էր մեզ նայում։ …Իմացանք, որ ձայն տվողը 23-ամյա մի կին էր՝ Մաքրուհին։ Ժամը 14։30-ն էր։ Ձայն տվեցինք, խոսեցինք հետը, որոշ չափումներ արեցինք, որպեսզի իմանանք, թե որ կողմից է հնարավոր մոտենալ…

Միակ հնարավոր տարբերակը առաստաղից էր, այսինքն՝ աստիճանավանդակի տակից ծակելն էր։ Ես մոտավոր նշեցի այն տեղը, որտեղ պետք էր փորել։ Կտրիչներն ու հատիչները դեմ արեցինք առաստաղին ու սկսեցինք ծանր մուրճով հավածներ տեղալ։ Աշխատելու համար մեր դիրքը շատ անհարմար էր, մեր ձեռքերը վեր պահած շատ շուտ էինք հոգնում, այդ պատճառով միմյանց արագ-արագ փոխարինում էինք։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար, շինարարներն այդ փոքրիկ հատվածում ավելի շատ ցեմենտ էին օգտագործել երեւի, քան ողջ շենքի վրա։ 5-10 հարվածից հետո հազիվ ընկույզի մեծության կտոր էր պոկվում։

Մաքրուհին անընդհատ խնդրում էր արագացնել, շուտ ազատել իրեն, ասում էր, որ ձախ ոտքը մինչեւ ծունկը պանելների արանքում է մնացել։ Հետո ջուր ուզեց, մենք նրան չէինք տեսնում, միայն խուլ ձայնն էինք լսում պատի հետեւից։ Հրայրին հաջողվեց իրար վրա լցված աստիճանաքարերի ու պատի միջեւ մի փոքրիկ ճեղք բացել։ Այդտեղից քանդել ու Մաքրուհուն մոտենալն անհնարին էր, քանի որ մի 2 ուժեղ հարվածից կարող էր երերացող ծածկն ամբողջությամբ փուլ գար մեր գլխին։ Լապտերով լուսավորեցինք ներսը, Մաքրուհին կիսապառկած ընկած էր հատակին՝ դեմքով դեպի մեզ։ Աջ ոտքն էլ էր գերված, աստիճանակողերի մետաղական ճաղերը վանդակել էին նրան։ Ազատ էր միայն աջ ձեռքը։ Ճարեցինք ամուր մի ռետինե բարակ խողովակ եւ պտտելով անցքից ներս խցկեցինք, այն հասավ Մաքրուհու ձեռքին, մյուս ծայրն էլ տեղավորեցինք Մաքրուհու քեռու բերած մեղրաջրով շշի մեջ։

Թույլատրեցինք նրան խմել 200 գրամ, չնայած, որ նա ավելին էր ուզում, պարզապես մենք չգիտեինք Մաքրուհու ստացած վերքերի բնույթը։

Բետոն կտրելը դյուրին չէր։ Մենք նկուղում աշխատում էինք արդեն 6 ժամ, սակայն դեռ անցք չէինք բացել։ Մեկ ժամ հետո Մաքրուհին ձայն տվեց, ասելով.

– Թան չկա՞, մի քիչ թան տվեք, սիրտս կվառե, էդ ջուրը շատ քաղցր էր։

Թան ճարեցինք… Հետո Մաքրուհին սկսեց խոսել կարծես ինքն իր հետ, մենք հարցրինք՝ ո՞ւմ հետ ես խոսում, այդտեղ էլի ողջ մարդ կա՞։

-Չէ՜, Ալիսիգս է, մազերի հետ կխաղամ, զարթնել է…

Քեռին անձայն արտասվեց ու ասաց. «Երեխան մահացած է, իրեն կթվա, մյուս երեխան էլ է էնտեղ, Ալիսիկը 3 տարեկան էր, փոքր տղան էլ՝ 1,5 տարեկան, մայրն էլ է մեռած, եղբայրն էլ։ Ամուսինը մինչեւ երեկ երեկո կենդանի էր, ձայն կուդար։ Երեկ զինվորներ էին եկել, վերեւից մտել հասել էին ամուսնու մոտ, բայց հանել չէին կարողացել։ Էդպես էլ հավանաբար մեռել է»։ Մենք մտածում էինք՝ չլինի խեղճ աղջիկը խելագարվի, խոսում է իրեն-իրեն, մեկ դստեր, մեկ ամուսնու, մեկ էլ մոր հետ։ Հետո լսում ենք, որ Մաքրուհին ինչ-որ բան է ծամում, հարցնում ենք՝ ի՞նչ ես ուտում, նա էլ թե. «Մամայի ջեբից կոնֆետ հանեցի, կերա»։ Հետո խնդրեց, որ արագացնենք, թե՝ շուտ էրեք էլի, էստեղ մութ է։ Ասաց նաեւ, որ սոված է եւ խնձոր է ուզում։ Քիչ հետո ամենահաս Հրայրը 2 մանդարին ճարեց բերեց։ Մաքրեց եւ ամրացրեց մոտ 2 մետրանոց մի սուր փայտիկի վրա ու անցքից զգուշությամբ ներս մտցրեց, հասցրեց Մաքրուհուն։

Բետոնը շատ դժվար էր տեղի տալիս, վերջապես հասանք հաստ մետաղաձողերին, դրանցից հետո քանդելը մի քիչ հեշտացավ, սակայն պետք էր կտրել 6 հատ 32 միլիմետրանոց մետաղաձողերը։ Շուտով մի փոքր անցք բացվեց, ոգեւորված ավելի արագ էինք աշխատում եւ ուժով խփում։ Մաքրուհին էլ թե՝ մի քիչ կամաց խփեք, պատալոգը վար գիչնի, գուգա վրես։

– Մաքրուհի, քույրիկ, չափիր խնդրում եմ դեմքիցդ մինչեւ պանելը եղած հեռավորությունն ու ասա ինչքա՞ն է,- ասացի ես։

– Մի թիզմ կեղնի,- ասաց Մաքրուհին։

– Մենք հիմա կխփենք, իսկ դու անընդհատ չափի, եթե տարածությունը կարճանա, ասա՜։

…Առաջին միտքը, որ գլխումս ծագեց՝ Մաքրուհու ոտքն անդամահատելն էր։ Այդ մասին ասացի տղաներին՝ Հրայրին ու Ռազմիկին եւ մյուսներին, բոլորը զարմացան ու պնդեցին, որ ամեն բան պետք է անել ոտքը փրկելու համար։ Մինչեւ կմաքրեինք Մաքրուհու շուրջը եւ կազատեինք աջ ոտքը, Հրայրը բերեց բժշկների։ Նրանք Երեւանի հանրապետական հիվանդանոցից սիրունիկ, փոքրամարմին եւ սեւուկ բժիշկներ էին, միանշանակ հաստատեցին, որ պետք է անպայման անդամահատել, քանզի միեւնույն է, հիվանդանոցում են կտրելու։ Հրայրն ու Ռազմիկը լսել չէին ուզում։ Բերեցինք ամբարձիչ (դանկռատ), ես ներս մտա, քթիս խփեց դիակի ահավոր հոտը, մեծ դժվարությամբ տեղադրեցի ամբարձիչը, շատ էր անհարմար տեղը։ Մի քանի անգամ փորձեցինք բարձրացնել բետոնե սալերը, ոչինչ չէր ստացվում։ Իջնում էր մեր գլխավերեւի բետոնասալը, իսկ ոտքը ճզմող պանելները չէին անջատվում իրարից։ Բետոնի տակ տախտակի կտոր կար, որը մտել էր Մաքրուհու ոտքի մեջ։ Օգնականները հոգնել գնացել էին, մնացել էինք մենք 3-ով եւ Մաքրուհու քեռին։ Մենք երդվել էինք առանց Մաքրուհու դուրս չգալ, 14 ժամ այդտեղ էինք։ Երիտասարդ կինը տնքում էր ու լալիս, չէր քնում։ Նորից կանչեցինք բժիշկներին, այս անգամ ցավազրկողի չափաբաժինը եռակապատկվեց։ Սակայն սա էլ չօգնեց, Մաքրուհին անջատվում էր ընդամենը մի քանի վայրկյանով։ Ուղեղումս դրոշմվել են նրա խավարած, մեծ ու վախեցած, օգնություն հայցող աչքերը։ Ամեն բան հնարավոր է մոռանալ, աչքերի արտահայտությունը՝ ո՜չ։

Այս անգամ բժիշկները կտրուկ ասացին՝ անդամահատել։ Նրանք Ռազմիկի հետ դուրս սողացին մեր դժոխքից եւ գնացին վիրաբույժի հետեւից։

Անդամահատելու որոշումը կոտրեց նաեւ Մաքրուհու քեռու սիրտը։ Նա եւս չդիմացավ, ասաց, որ տեսնել ու տանել չի կարող։ Հրայրը չէր ուզում հաշտվել աղջկա ոտքը կտրելու մտքի հետ։ Նա էլ դուրս գնաց ասելով.

– Գնամ, փորձեմ դրսից՝ վերեւից մոտենալ, գուցե հնարավոր է վերեւից քանդենք, ավելի լավ է մի երկու ժամ ուշ ազատենք, միայն ոտքը չկտրվի։

– Հրա՜յր, միեւնույն է՝ բժիշկները հետո են կտրելու, երեք օր պանելի տակ է, եթե հանենք, ապա անմիջապես թունավորված, մեռած արյունը կմտնի շրջանառության մեջ եւ արյան վարակում կտա, կվնասի երիկամներն ու կսպանի երիտասարդ կնոջը։

Նա թե՝ փորձեմ։ Վերադարձավ ու ասաց, որ անհնար է վերեւից, եւ այնտեղ՝ փոսի մեջ մեռած մարդ կա, որի միայն գլխի վերեւի մասն էր երեւում։ Կողքին դույլ ու «մալա» կար դրված։ Դրսում ասացին, որ երեկ այնտեղ զինվորներ են աշխատել, փորձել են հանել, սակայն անզգույշ են եղել՝ հողը լցվել է ու խեղդել աղետյալին։ Նա Մաքրուհու ամուսինն էր։

Եկավ Ռազմիկը, նրա հետեւից սողալով ներս մտավ 40-ի մոտ մորուքավոր մի բժիշկ։ Մոսկվայից էր։ Աստիճանավանդակի մեր փոքրիկ տարածքը հագեցավ սպիրտի զզվելի հոտով։ Ես բարկացա տղաների վրա. «Էս ո՞ւմ եք բերել, էս հարբած խոզն ի՞նչ պետք է անի», բայց ի՞նչ, ուրիշ ճար չկար։ Բժիշկն անցքից գլուխը ներս մտցրեց, նայեց, ուսումնասիրեց, խոսեց Մաքրուհու հետ, որը ոչ քնած էր, ոչ արթուն։ Լսելով բժշկի որոշումը Մաքրուհին գոռաց ու լաց եղավ։ Բժիշկն իջավ ցած, թե ոտքն անպայման պետք է հեռացվի, միայն թե նա համաձայն չէ, իսկ առանց նրա համաձայնության կտրելու իրավունք չունեմ։ Փորձեց համոզել, սակայն Մաքրուհին անդրդվելի էր։ Ես ներս խցկվեցի ու սկսեցի խնդրել Մաքրուհուն, համոզել, որ   միեւնույն է, հետո է կտրվելու, որ հիմա լավ պրոթեզներ կան, մի 2 ամիս ապաքինվելուց հետո դուրս կգա, որ ապրել է պետք։ Նա անզուսպ լալիս էր ու գոռալով ասում. «Չէ՜, մի կտրեք, չեմ ուզում, թողե՜ք ինձ էստեղ, ինչի՞ս է պետք իմ ապրելը, երեխեքս չկան, մերս, մարդս մեռել են, տունս բլել է, ես ո՞ւ եմ պետք, թողե՜ք ինձ էստեղ.

– Մաքրուհի ջան, ախր մենք երդվել ենք առանց քեզ դուրս բերելու չգնալ էստեղից, քույր ջան, մի՜ մտածիր, ես քեզ հիվանդանոցից իմ տուն կտանեմ, կապրես մեր տանը, ամեն բան լավ կլինի, մի մտածիր, եւ հետո դա մի քանի րոպեի բան է, դու ոչինչ չես զգա,- երկար համոզում էի ես։

-Լավ , էնպես էրեք, որ ցավ չզգամ, – լացելով ասում էր Մաքրուհին ու կրկնում՝ ցավ չզգամ։

Բժիշկը գործի անցավ. պարզվեց, որ նրա մոտ ընդամենը մի տուփ նովոկային կա եւ իբր դա լրիվ բավարար է։ Սրսկման պահը համեմատաբար հեշտ անցավ, սակայն 10 րոպեից, երբ բժիշկը գլուխը ներս մտցրեց, մեզ պատվիրեց գնալ եւ բերել եւս մի տուփ նովոկային, դեղը չէր ազդել Մաքրուհու վրա։ Ռազմիկը շտապեց դեղի։ Անիծվի այդ պահը եւ սովետական բժշկությունը (մենք հետո իմացանք, որ դեռ գիշերը՝ ժամը 12-ից մեր կողքին, նույն շենքի վրա արդեն աշխատում էին Ֆրանսիայի «փտած» կապիտալիստները՝ հրաշագործ փրկարարներն իրենց հմուտ բժիշկներով ու հատուկ վարժեցված շներով, նախանձ շարժող կտրող ու որոնող ավտոմատ սարքերով)։ Եվս 10 րոպե անցավ, Ռազմիկն ու նովոկայինը չկային։ Բժիշկը թե՝ այլեւս սպասել չեմ կարող, կտրում եմ ու ներս մտավ։

– Ժամն ասե՜ք,- ձայնեց բժիշկը։

– Վեզն անց է յոթ րոպե,- պատասխանեցի ես։ Նա ժգուտ էր դնում Մաքրուհու ոտքին։

– Չէ՜, չեմ ուզում, մի՜ արեք,- նորից լսվեց Մաքրուհու ձայնը, որը շուտով փոխվեց սիրտ պայթեցնող, հոգեհան գոռոցի ու լացի։ Մաքրուհին խանգարում էր բժշկին, որի դիրքն առանց այն էլ շատ անհարմար էր՝ կտրում էր մետաղե խողովակների վրա կանգնած, մարմնի կեսը անցքից ներս։ Բժիշկն ուժգին ապտակեց Մաքրուհուն, որ չխանգարի։ Բժշկի անհարմար դիրքից ու լարվածությունից ոտքերը դողում էին, նկատելի էր թփրտոցը։

– Ոտքերիցս պահե՜ք,- ձայն տվեց նա։

Մաքրուհու գոռոցը չէր կտրվում։ Ես ներքեւից փորձում էի հուսադրել նրան, որ մի քիչ էլ համբերի, քիչ մնաց, հիմա իրեն դուրս կբերենք։ Յոթ-ութ րոպեից բժիշկն անցքից ցած սողաց։

– Շուտ, արագ «Ջի-վի-սի» սղոց ճարեք, սղոցը կոտրվեց։ Հրայրն երկու քայլ արեց դեպի ելք տանող անցքը, հետո շփոթված հարցրեց.

– «Ջի-վի-սի» սղոց որտեղի՞ց ճարեմ,- ու սողաց անցքից դուրս։

Մինչեւ արմունկները արյունոտված բժիշկը նստեց խողովակների վրա ու սկսեց ծխել։ Ես գլուխս ներս մտցրի…Անաստվածը շատ վերեւից էր կտրել, հավանաբար տեղը հարմար չլինելուց էր։ Ծնկից մոտ 15 սմ վերեւ 3-4 սմ-ոց փորվածք էր արել ողջ ազդրով մեկ, երեւում էր մերկ ոսկորը եւ մեջը կոտրված սղոցը, շուրջը՝ արյուն, արյուն…Մաքրուհին միալար շարունակում էր ցավից գոռալ։

Հրայրն ուշանում էր։ Ծխելը վերջացրեց բժիշկն ու նորից ներս խծկվեց… Հրայրը վերադարձավ այն պահին, երբ բժիշկը կոտրված սղոցով գործն ավարտել ու դուրս էր գալիս անցքից։

– Դուրս բերեք… սա իմ այստեղ գտնվելու 18-րդ անդամահատումն էր, – ասաց բժիշկն ու նորից նստեց խողովակներին։

Ես հասկացա, որ լուրջ վիճակում այսպիսի աշխատանքն անելն անհնարին էր։ Անցքից ներս մտա, Մաքրուհին տնքում էր ու խավարած աչքերով ինձ նայում…

Երկու ժամ հանգստանալուց հետո մենք ոտքով գնացինք Վարդ-Բաղ թաղամաս՝ Բուլվարնի, ուր երկու շենքում ապրիլ ամսին տեղավորվել էին Սումգայիթի փախստականները, իսկ մեկ շաբաթ առաջ՝ Բաքվի գաղթականները։

Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031