Ռեպլիկի փոխարեն
«Բռնաբարության գործով քննիչը կատարել է փորձաքննություն, տեղում պարզել, որ բռնաբարություն չի եղել», «Ամբաստանյալը ոտքով ապատակեց ինձ», «Տուժողին ծեծել եմ նրա օգտին»… այս կարգի հայտարարություններ, ցուցմունքներ, գրավոր վկայություններ կարող ենք տեսնել ամեն օրվա թե առցանց, թե դատական, արտադատական գործընթացների ժամանակ՝ դատական արձանագրություններում, միջնորդություններում:
Նախաքննության, հետաքննության մարմիններից դատարան ուղարկված գործերին, դատարան դիմածների հայցերին յուրահատուկ «գրագիտություն» են հաղորդում օտարաբանությունները, ավելորդաբանություններն ու անգրագետ թարգմանությունները, մեջբերումները, «նորամուծությունները»:
Իրավական գրագիտության, գրավոր խոսքի որոշակիության առումով կարեւոր է դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջների կատարումը, այն օրենսդրորեն ամրագրված է 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որով սահմանվել է դատական ակտի կառուցվածքը՝ ներածական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը: Նշեմ, որ Վճռաբեկ դատարանի որոշումները եւս որոշակի փոփոխության են ենթարկվել. որոշումների պատճառաբանական մասը բաժանվել է չորս առանձին հատվածների՝ գործի դատավարական նախապատմություն, գործի փաստական հանգամանքներ եւ վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր, վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ եւ պահանջներ, Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ եւ եզրահանգում։
Կարդացեք նաև
2008թ. հունիսի 13-ին Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի կառուցվածքը…
Իրավաբանական տերմինների, հայոց լեզվի տարատեսակ բացատրական, հայերենագիտական, մասնագիտական բառարաններից բացի, ուղեցույցային նշանակություն ունեն «Իրավաբանական գիր եւ վերլուծություն» (Եր., 2010թ. Մոլիտերնո Ջ., Մելիքյան Ռ., Մելքոնյան Դ.), ԵՊՀ-ի կողմից հրատարակած «Իրավաբանական գրագրության լեզուն» (Յու. Ավետիսյան, Ա. Մկրտչյան, Լ. Սարգսյան, 2019թ.) գրքերը: Վերջինի առաջաբանում հեղինակները ճիշտ այն խնդրի մասին էին գրում, ինչին այսօր առնչվում ենք մենք՝ իրավական տեքստի մշակման եւ խմբագրման առանձնահատկությունների:
Հեղինակներն առանձին օրինակների վրա (գործնական գրագրության՝ հրաման, որոշում, ծանուցագիր, դատական ակտ…) ցույց էին տալիս հաճախակի հանդիպող սխալները, որտեղ տարաբնույթ ավելորդաբանություններին զուգահեռ վերաբերմունք, գնահատական արտահայտող խոսք կար, անտեղի բառ-բառակապակցություններ: Մասնավորապես, «Հայցադիմումը արդարացիորեն չի ընդունվել վարույթ», «Տուժողը, բարեբախտաբար, տեղում լինելով, կարողացել է ընդունել», «Հայցվորը միանգամայն իրավաչափ կերպով իրացրել է ….իր իրավունքը», «Հայցվորը անառարկելիորեն ծանուցվել էր դատական նիստի մասին», «Ի հավաստումն վերոգրյալի` դատարանը նշում է», «Դատարանը որոշում է կայացրել` ի բավարարումն պահանջատերերի պահանջների», «Տեղի է ունեցել դատական սխալի հետեւանքով», «Վթարի արդյունքում ապահովագրական ընկերությունը դիմում չի ստացել», «Դատարանը գնացել է այդ քայլին»…
Ըստ հեղինակների. «Դրանցում կարեւոր են ոչ միայն հաղորդվող նյութի փաստերն ու փաստարկումները, ձեւավորումը, այլեւ շարադրելու մշակույթը, լեզվական անհրաժեշտ միջոցների ու ձեւերի ընտրությունը։ Ըստ էության, մեծ չափով հենց այդ ընտրությունն է պայմանավորում տեքստի հաջողվածությունը»: Մասնագետները նշել էին, որ դատական ակտերում տարիների ընթացքում ձեւավորվել են օտարաբան լեզվակաղապարներ, որոնք սպառնում են դուրս մղել պարզ ու հասկանալի խոսք կառուցելու՝ հայերենի կանոններն ու օրինաչափությունները, նրանք անդրադառնում էին նախադեպային որոշումների երկարաշունչ մեջբերումներիին, դրանց բարդ շարադրանքին:
Լեզվական քաոս է հատկապես դատարանների անտեղի հապավումների, անունների դեպքում: Ով ինչպես կարող է՝ փոխում է դատարանների անունները, մեծատառն ու փոքրատառը խառնում իրար: Սյունիքի մարզի դատարանի Գորիսի նստավայրը դառնում է Գորիսի պալատ, Վճռաբեկ պալատը պարզվում է՝ ունի քաղաքացիական դատարան, հակակոռուպցիոն դատարանը՝ կոռուպցիայի կանխարգելման դատարան…Այս սխալներից զերծ չէ մամուլը, մեկումեջ դատական գործընթացներ լուսաբանողները, որոնք չեն պատկերացնում, որ իրենք, անկախ ամեն ինչից, պարտավոր են ճիշտը գրել, արդարանում են, թե՝ «ինչ տարբերություն, դատարանում այդպես ասվեց, փաստաբանը հայտարարեց», մեղմ ասած՝ բանավոր խոսքում չտարբերելով «սեւ հումորը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2023