«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։
– Պարոն Սարոյան, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գրասենյակները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, վերջին շրջանում կան տեսակետներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը փորձ են անում առանց միջնորդների բանակցել։ Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում, եւ ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար։
– Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների հետ կապված կա երկու գործընթաց։ Դա պաշտոնական Մոսկվայի տանիքի տակ տեղի ունեցող գործընթացներն են, մյուսը՝ արեւմտյան երկրների՝ Բրյուսելի եւ Վաշինգտոնի համատեղ քայլերն են։ Դա մենք ի սկզբանե պետք է ֆիքսենք եւ փորձենք հասկանալ տրամաբանությունը։ Այդ երկու կենտրոններն էլ գործընթացները փորձել են տանել այնպիսի հունով, որտեղ հարաբերությունների կարգավորումը կբերի իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Իսկ իրենց առջեւ դրված խնդիրները վերաբերում են Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությանը։ Կրեմլի տանիքի տակ տեղի ունեցող գործընթացների հիմնական խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում թույլ չտա Արեւմուտքի ներկայացվածությունը, ամբողջությամբ վանի եւ այդ գործընթացը ծառայեցնի նրան, որ Ռուսաստանը, Թուրքիան, նաեւ Իրանը ներգրավվեն շատ ավելի սերտ ռազմավարական գործակցության ուղեծրում, որը մեծ կտրվածքով նպատակ ունի բերել ռազմավարական դաշինքի ձեւավորմանը։ Իսկ արեւմտյան մայրաքաղաքներում տեղի ունեցող գործընթացներում հիմնական խնդիր է դրված Ռուսաստանին մեկուսացնել եւ Հարավային Կովկասի թեւը ապահովագրել, կտրել հիմնական կապը Թուրքիայի եւ Իրանի հետ՝ ռազմավարական գործակցության հետագա ծավալումը թույլ չտալու համար։ Քանի որ նման կարգի գործընթացներում Հայաստանը դարձել է հիմնական կապող օղակը, որտեղ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն իրար հետ կկապվեն կամ Հայաստանը դարձել է այն օղակը, որը միմյանցից կբաժանեն Թուրքիային, Ռուսաստանին ու Իրանին, այդ տեսանկյունից հիմնական պայքարը Հայաստանի համար պայքարն է։ Այս համատեքստում երկու աշխարհաքաղաքական կենտրոններն էլ ի սկզբանե վերցրել են այնպիսի դիրքորոշում, որ եթե իրենք փորձեն ապահովել Հայաստանի պետական շահը, ապա դա միանգամից կտապալի իրենց հիմնական նպատակը։ Դրա համար խնդիր է դրված եղել, պահելով Հայաստանի պետական շահի ինչ-որ մաս, այս կոնտեքստում գործել։ Ամբողջ գործընթացն իբրեւ թե միջազգային իրավունքի սկզբունքների դաշտում, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտում պահելու համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ֆոնն են վերցրել իրենց խնդիրների լուծման համար։ Այդ թվում՝ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Բնականաբար, եթե պայքարն այդ հունի հանգուցալուծման համատեքստում է տեղի ունենում, այդ հունը բերել հանգեցրել է որոշակի հանգրվանի, երբ նաեւ Արեւմուտքն այդ համատեքստում համաձայնեցրել է բազում դրույթներ։ Ընդ որում, այս կամ այն կողմի պետական շահին չի վերաբերում հարցը, հարցը վերաբերում է ամեն գնով հասնել համաձայնության կայացմանը, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվի որոշակի պայմանագիր, որի վրա հիմնվելով՝ Արեւմուտքը կկարողանա իր ձեռքում պահել իմ նշած վերոնշյալ նպատակների իրականացումը։ Դրա արդյունքում նրանք կկարողանան իրենց ձեռքը վերցնել նաեւ Հայաստանի ներքին ու պետական կյանքում ներգրավվածություն ունենալու գործընթացները։ Եվ դրա երաշխավորը իրականում միայն իրենք կարող են լինել։ Հայաստանը վաղուց հասկացել է, որ Ռուսաստանը չի կարող որեւէ պայմանավորվածության երաշխավորը դառնալ։ Եվ այդ կոնտեքստում կկարողանան նաեւ փոխարինել ռազմաքաղաքական ամբողջ կոնֆիգուրացիան Հարավային Կովկասում։
Այս տեսանկյունից գործընթացը եկել հանգել է որոշակի փուլի, երբ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պետք է որոշում կայացնի՝ ինքը կամ իսկապես գնում է ստորագրման, կամ պետք է ինչ-որ կերպ տապալի գործընթացը։ Իսկ դա Ադրբեջանի որոշելիքը չէ, մյուս աշխարհաքաղաքական կենտրոնի՝ Մոսկվայի որոշելիքն է։ Ադրբեջանը շատ նուրբ լարերի վրա է խաղում, որպեսզի չդառնա տապալող հիմնական կողմը։ Ըստ էության կատարվել է իրավապայմանագրային դրույթների լիակատար համաձայնեցում, եւ խնդիր կա միայն ճշտել ժամկետները, թե երբ պետք է տեղի ունենա այդ ստորագրությունը։ Բայց մեծ հաշվով, քանի որ կան իմ նշած մյուս երկրները, որոնք շահագրգռված չեն այդ ամենում, հիմնական հարցն այն է՝ կկարողանա՞ն նրանք դա տապալել, թե՞ ոչ։ Այս համատեքստում ընթանում է վերջնական ժամկետների եւ ձեւակերպումների, միմյանց հետ սինխրոն պայմանագրի կնքման ինչ-որ գործընթաց, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ մեծ է հավանականությունը, որ մյուս կողմը կամ պետք է փորձի այնպես անել, որ իր տանիքի տակ այդ պայմանագիրը կնքվի, կամ պետք է փորձի տապալել։ Ասածս հետեւյալն է՝ այդ պայմանագիրը կամ պետք է կնքվի Վաշինգտոնում, կամ Մոսկվայում։ Երկու կողմերն էլ, այդ գործընթացը չմերժելով, փորձում են վերմակն իրենց կողմը քաշել, բայց միաժամանակ հատկապես Մոսկվան հասկանում է, որ հնարավոր է չկարողանա դա ապահովագրել, եւ ինքը կփորձի դա տապալել։
Կարդացեք նաև
– Հայաստանին որքանո՞վ է շահեկան Ադրբեջանի հետ փաստաթղթի կնքումը, եթե մենք գիտենք, որ այդ փաստաթղթի հիմքում դրված հարցերից մեկն էլ Արցախից լիակատար հրաժարվելու պահանջն է։ Եվ արդյոք որեւէ աշխարհաքաղաքական կենտրոն կարո՞ղ է երաշխավորել, որ փաստաթղթի կնքումից հետո Ադրբեջանը դարձյալ չի շարունակի պատերազմը։
– Նախ Հայաստանի պետական շահը բոլորովին այլ բան է պահանջում։ Այն, ինչ ես ներկայացրեցի, ընդգծեցի, դա Հայաստանի գործող վարչախմբի պատկերացրած պետական շահն է, բայց դա որեւէ կապ չունի Հայաստանի պետական շահի հետ, որտեղ Արցախն առաջնային դիրքում է գտնվում։ Արցախի ինքնուրույն գոյությունը, հայկական ինքնիշխանության գոյությունը, դա է Հայաստանի պետական շահը։ Այն, ինչ քննարկվում է, այդտեղ Հայաստանի պետական շահ չկա բացարձակ, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանն արդեն իսկ համաձայնել է, որ Արցախի վերաբերյալ որեւէ հիշատակում չպետք է լինի այդ պայմանագրում։ Դա կարեւոր պայման էր՝ առաջ քաշված Ադրբեջանի կողմից, որն ի վերջո ընդունվել է նաեւ միջնորդների կողմից։ Նկատի ունեմ, եթե մինչեւ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները, այդ հարցը հնարավոր էր պահել, բայց ռուս-թուրքական դաշինքը կարողացավ այդ տարրն էլ հանել բանակցային գործընթացից՝ հայաթափելով Արցախը։ Ադրբեջանը հասել է այդ լուծմանը, որ Արցախի հարցը որպես ներքին խնդիր է ներկայացվում։ Հայաստանի պետական շահն այս տեսանկյունից արդեն իսկ չկա։ Այն, ինչ փորձում են ստորագրել, դա գործող վարչախմբի համար իր կյանքը հետագա տարիներին կառուցելու ծրագիր է, որտեղ ըստ իրենց՝ իրենք ձերբազատված կլինեն արտաքին ազդեցություններից եւ արտաքին անվտանգային խնդիրներից, որոնք Հայաստանին թույլ չեն տալիս ապրել ներքին կյանքով։ Գործող վարչախումբն իսկապես ուզում է ձերբազատվել ազգային, պետական եւ ամեն տեսակի խնդիրներից, Հայաստանն իրենց պատկերացրածով իբրեւ թե դարձնել աշխարհի համար գրավիչ երկիր՝ իշխանությունը վայելելու համար։ Մեծ հաշվով իրենք մտածում են, որ եկել են իշխանության հենց այդ կոնտեքստում, որ իբրեւ թե Հայաստանը շենացնեն։ Եվ այդտեղ արտաքին անվտանգային, Հայաստանի գոյութենական խնդիրները եկել ու ծառացել են իրենց առաջ, թույլ չեն տվել իրենց այդ խնդիրը լուծել։ Այստեղ իրենք այս «ոսկե շրջանը» հետ բերելու, իրենց քաղաքական հետագա կյանքը ապահովագրելու խնդիր են փորձում լուծել։ Իրենց պետական շահի մեկնաբանումը սա է, եւ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կոնկրետ այդ խնդիրների լուծմանն է ծառայելու։ Իրենք պատկերացնում են, որ եթե կան անվտանգային խնդիրներ, եւ դրանք վերաբերում են Հայաստանի՝ ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնների համար սեպ, արգելք կամ պատնեշ լինելու հանգամանքին, իրենք այդ պատնեշը հանելու խնդիր են դրել։ Եվ այդ պատնեշը հանելու խնդիրը ոչ միայն Արցախն էր, որն իրենց պատկերացմամբ այլեւս չպետք է հուզի Հայաստանին, այլ նաեւ կոմունիկացիաների բացումը։ Այն, ինչի համար Հայաստանը արգելք կամ պատնեշ էր, իրենք այս արգելքը կամավոր հանձնելու են, եւ Հայաստանն իրենց պատկերացմամբ դառնալու է բոլոր տեսակի երթուղիների համար բաց դաշտ։ Ով որտեղից ոնց ուզում է՝ կարող է գնալ, եւ որպեսզի իրենց սուբյեկտայնությունը չկորի, իրենք առաջ են բերել Հայաստանի ինքնիշխանության խնդիրը, որ այդ ճանապարհների վրա պետք է գործեն Հայաստանի օրենքները։ Բայց այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք շահագրգռված են այդ ճանապարհների բացմամբ, այդպես չեն պատկերացնում՝ շատ լավ հասկանալով, որ դա մրցակցային դաշտ է։ Այստեղ բախվում են Արեւմուտքի եւ Արեւելքի շահերը, եւ եթե այդ կոմունիկացիները մնան Հայաստանի վերահսկողության տակ, մշտապես առկախված է մնալու այն հարցը, որ այս կամ այն կենտրոնը փորձելու է դա վերցնել իր իրավասության տակ։ Այդ մրցակցությունն անընդհատ լինելու է, որովհետեւ աշխարհն այսօր դիտարկում է, որ Հայաստանը չի կարող նման կարգի խաչմերուկում ինքնուրույն դերակատարում ունենալ եւ իրական հավասարություն ապահովել։ Ցանկացած այլ աշխարհաքաղաքական կենտրոն այդ մրցակցության մեջ փորձելու է կոտրել Հայաստանի նման ինքնուրույն վարքը։
Ինչ վերաբերում է հարցին, թե պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը կարո՞ղ է շարունակել իր հարձակումները, ապա եթե այդ պայմանագրի կնքումն այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի տանիքի տակ է տեղի ունենալու, բնականաբար, մյուս աշխարհաքաղաքական կենտրոնի համար առաջ է գալու դրա տապալման խնդիրը։ Եվ այդ տեսանկյունից պետք է հասկանալ, որ այն, ինչ կատարվում է, աշխարհակարգի փոփոխության այս ժամանակահատվածում դա չի կարող բերել լիարժեք խաղաղության, «խաղաղության խաչմերուկ» եւ նմանօրինակ ծրագրերի կյանքի կոչմանը։ Այս պայքարն աշխարհում շարունակվելու է, նորանոր տարածքներ, աշխարհամասեր է արդեն ընդգրկում։ Մենք դեռեւս վերջնափուլին չենք հասել, անգամ կեսին չենք հասել, որ մտածենք՝ դրանից հետո աշխարհաքաղաքական կենտրոնները Հարավային Կովկասում կխաղաղվեն։ Ընդհակառակը, դա կարող է արագացնել Հայաստանի համար մրցակցության ռազմաքաղաքական բաղադրիչի ի հայտ գալու գործընթացը։ Այստեղ շատ կարեւոր է հասկանալ՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների մեկնարկը, որը տրվեց, դա հենց այն ցուցիչն է, որը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում դեռեւս սպասվում են շատ մեծ ծավալի ու բեռնվածությամբ գործընթացներ։ Եվ այստեղ խաղաղության մասին խոսելը շատ-շատ վաղ է։
– Ադրբեջանն ինչպե՞ս է վերաբերվում հնարավոր պայմանագրի ստորագրմանը։
– Ալիեւի համար շատ ավելի տեսանելի են այն զարգացումները, որոնք կապված են իմ նշած այս գործընթացների հետ, եւ ակնհայտ է, որ Հայաստան-Ադրբեջան պայմանագիրն այս կամ այն կերպ ձեռնտու չէ Ադրբեջանի պետական շահերին։ Եթե արեւմտյան հովանավորությամբ այդ ստորագրությունը տեղի ունենա, Ադրբեջանի պետական շահերը համընկնելու են Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պետական շահերի հետ, որոնք նման կարգի պայմանագիրն առ ոչինչ դարձնելու խնդիր են դնելու, թույլ չեն տալու Արեւմուտքի ներգրավվումը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այդ տեսանկյունից հասկանալի է, որ իրենք պետք է ունենան նաեւ այլընտրանքային ծրագրեր, եւ Ադրբեջանն արդեն իսկ այսօր շարժվել է ապահովագրող ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհով։ Քանի դեռ այդ բաց պատուհանը կա, որտեղ ինքը կարող է առաջ ընկնել եւ իր իշխանությունն ամրագրել, Ալիեւն ապահովագրելու համար իրեն եւ վարչախմբին՝ հանդես է եկել ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ։ Ինքը լավագույնս ընտրել է այն ժամանակահատվածը, երբ Արցախն ըստ էության հայաթափված է, Արցախի խնդիրը դուրս է բերված միջազգային քաղաքական օրակարգից, Հայաստանը դա ընդունում է, Հայաստանը խնդրողի կարգավիճակում է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ այլն։
Այս եւ այլ հարցերն ինքը ներկայացնելու է որպես իր նվաճումներ եւ միաժամանակ առաջիկա տարիներին Ադրբեջանի տարածաշրջանային ծավալման այդ ծրագիրն է դնելու եւ ինքն իրեն դիրքավորելու է որպես տարածաշրջանային տերություն, մի հաբ, որն աշխարհի տարբեր կենտրոններից եկող էներգետիկ եւ տրանսպորտային երթուղիները կապում է միմյանց հետ։ Նաեւ հանդես է գալու բոլոր խոչընդոտները, որոնք երբեւէ ծագել կամ ծագելու են, չեզոքացնելու նախաձեռնությամբ։ Եվ դրա տակ առաջին հերթին պետք է հասկանալ Հայաստանի ինքնիշխանության լիակատար չեզոքացումը, անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշում կորդեգրի Հայաստանն առաջիկա տարիների համար։
– Հայաստանն այս սցենարներին դիմակայելու ի՞նչ ռեսուրս եւ տարբերակ ունի։
– Նման կարգի խնդիրներից դուրս գալու հարցը Հայաստանի՝ որպես պետություն վարքի հետ է կապված։ Առանց պետական լծակների, միայն հայկական ներուժի օգտագործմամբ հնարավոր չէ դա անել։ Եվ Հայաստանի հնարավորությունները պետք է գնահատենք այս տեսանկյունից՝ արդյոք հնարավո՞ր է Հայաստանում պետական իշխանության փոփոխություն, որը կորդեգրի այլ ուղեգիծ։ Այդ այլ ուղեգիծը միգուցե լինի կոշտ, ընդդիմացող, միգուցե լինի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այլ բալանսավորմամբ նոր դաշինքների կամ ռազմավարական գործակցության կազմում։ Բայց այդ ամենը պետական իշխանության հետ է կապված։ Վերջին տարիներին հայ հանրությունը եղել է շոկի մեջ, այս շոկից դուրս գալու նշաններ ցույց է տալիս, բայց մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանն այդ հոգեբանական դեպրեսիվ վիճակում հայտնվել է նաեւ արտաքին ուժերի ուղղակի միջամտության ու գործունեության հետեւանքով։ Եվ այդ ճնշումը նույն ահագնությամբ շարունակվում է, Հայաստանն անընդհատ տեղեկատվական պատերազմի մեջ է, Հայաստանին անընդհատ փորձում են ցույց տալ, որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, իր ազգային պետական շահերը հետապնդող աշխարհաքաղաքական կենտրոններ չկան։ Մի քանի տարի է՝ արդեն ընթանում է Հայաստանի բանակի արժեզրկման կոնկրետ քաղաքականություն՝ թե երկրի ներսում, թե արտաքին դաշտում։ Այս ամենի միջոցով կարողացել են ապակողմնորոշել հայ ազգին, պահել հոգեբանական անգործության ու անկարողության վիճակում։ Բայց մշտապես հնարավոր չէ այդ վիճակը պահել, ի վերջո հայ ժողովուրդը կամ պետք է ընդունի այն որոշումները, որոնք իր փոխարեն կայացրել են, կամ եթե չի ընդունում, պետք է ըմբոստանա։ Մենք տեսնում ենք, որ երեք տարի է՝ հնարավոր չի լինում ստեղծել իրավիճակ, որ այս ազգն ընդունի այդ արտաքին պարտադրված որոշումները, այդ թվում՝ Արցախի հետ կապված։ Չնայած որ գործող վարչախումբն ամեն ինչ անում է, որպեսզի հենց այդ կերպարը ձեւավորվի՝ Արարատը փոխարինվի Արագածով եւ այլն, բայց այդ ամենը կոշտ հակադրության է հանդիպում։ Եվ այս տեսանկյունից պետք է գնահատենք, որ դեռեւս ամեն ինչ ավարտված չէ, եւ երբ Հայաստանում դրվի գործող վարչախմբի փոփոխության օրակարգը, դա նշանակում է հենց արտաքին ուժերի ծրագրերի խափանման օրակարգ։ Այլեւս հասկանալի է, որ Հայաստանում ներքաղաքական կյանքը՝ առանց արտաքին աշխարհի պարտադրանքին «կարմիր քարտ» ցույց տալու, դրան դեմ գնալու, հնարավոր չէ։ Եվ առաջիկա տարիներն էլ հնարավոր չի լինելու խոսել Հայաստանի ինչ-որ վերադասավորումների մասին՝ առանց պատասխանելու այն հարցին, թե այստեղ Արցախը, Հայաստանի անկախության հռչակագիրն ի՞նչ դեր ունեն։ Այս հարցերի պատասխանները միանգամից բերելու են նրան, որ գործ ենք ունենալու հայ ժողովրդի՝ իր բնական միջավայրում, իր կենսական ու ծագման տարածքում ապրելու անօտարելի իրավունքներից օգտվելու, այդ իրավունքներն իրացնելու խնդրի հետ։ Չնայած որ այդ թվում՝ գործող վարչախումբը մեզ ուզում է ասել, որ այդպիսի իրավունքներ չունենք եւ չպետք է մտածենք դրա մասին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2023