Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժի պոռթկում, հուզված հանդիսատես ու ծափահարություններից պայթող դահլիճ․ Գյումրու բեմում «Ինկած բերդի իշխանուհին» է

Դեկտեմբեր 10,2023 20:42

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվեց Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհի» դրաման։

Մոտ 30 տարվա դադարից հետո այն կրկին ընդգրկվեց թատրոնի խաղացանկում՝ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի մատուցմամբ։

Չնայած սյուժեն ծանր է՝ խորհելու տեղիք տվող, տարբեր հույզեր առաջացնող՝ մերթ զայրույթ, մերթ հիացմունք, լեզուն՝ էլ արևմտահայերեն, այդուհանդերձ դերասանական փայլուն խաղի շնորհիվ գյումրեցի հանդիսատեսը մոտ 3 ժամ շարունակ լարված ու քար լռությամբ դիտեց այն։

Պատմական դրամայում Քեսունի Վասիլ իշխանը, որը ստացել էր Գող մականունը, հերթով զավթում է Կլիկիայի բերդերը։ Հերթական բերդը զավթելիս՝ սպանում է բերդի իշխանին, նրա երկու մատղաշ տղաներին, գերեվարում է կնոջն՝ իշխանուհի Աննային։

«Ինկած բերդի իշխանուհին»՝ Աննան,  երդվում է վրեժ լուծել իր զավակների համար, չխնայել նրանց սպանողին, այնպես անել, որ նա էլ ունենա նույն ապրումները, զգա նույն ցավը, վիշտը, ինչ ինքը։

Իշխանուհի Աննան, որը խելացի ու խորամանկ կին էր, կարողանում է Քեսունի Վասիլ իշխանի դեմ հանել նրա երկու որդիներին ու հոր ձեռքով սպանել տալ նրանց, վրեժխնդիր լինել իր անմեղ երեխաներին մորթելու համար։

Բեմադրության մեջ շեշտված է ուժեղ, անկոտրում, կյանքի բարդության հետ կռիվ տվող հայ կնոջ կերպարը, որը չնայած սևազգեստ է, անսփոփելի վշտի մեջ, բայց կարողանում է  չհանձնվել, պայքարել, իր խոստումն իրականություն դարձնել, ստիպել իր հետ հաշվի նստելու։

Ռեժիսորը՝ Լյուդվիգ Հարությունյանը, մեզ հետ զրույցում ասաց․ «Վերջին տարիներին թատրոնը հիմնականում, հատկապես երիտասարդները բեմադրում էին ժամանակակից հեղինակների, հայ, ռուս, արտասահմանյան ժամանակակից գրողների։

Մենք միշտ վերլուծում ենք մեր աշխատանքները, թե ինչ ենք արել, վերլուծելով՝ հասկացանք, թատրոնը մի կարևոր բացթողում ունի․ պատմական գործ չունի իր խաղացանկում։ Որոշեցինք, որ պիտի լինի պատմական, եթե պատմական, ինչու ոչ հայկական, իսկ եթե հայկական, միանշանակ իմ սիրած լավագույն հեղինակներից մեկի՝ Լևոն Շանթի գործերից։

Շատերը գիտեն, թե Լևոն Շանթն ինչքան հետաքրքիր ստեղծագործություններ ունի, բայց ես ուզեցի այս անգամ բեմադրել այնպիսի ներկայացում, որը կունենա հերոսուհի՝ տվյալ դեպքում իշխանուհի Աննան։ Իմ ներկայացումներում երբեք չի եղել հերոս։

Իսկ թե որքանով է արդիական գործը, շատերը, որ ընթերցում են, կարծում են վրեժի մասին է, ո՛չ, մեզ մոտ վրեժը սիմվոլ է՝ ապրելու, ստեղծագործելու, արարելու։ Այսօրեական է գործը, դրա համար որոշեցինք անդրադառնալ ու որոշեցինք այլ  շեշտադրումներով»։

Լյուդվիգ Հարությունյանը տեղեկացրեց, որ պիեսը բեմադրվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նրան միացել է նկարիչ Անտոն Քեշիշյանը, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատրյանինն է։

«Ինձ համար նորություն էր երաժշտական խմբի հետ աշխատել, ամբողջ ներկայացման ժամանակ իրենց ստեղծագործություններ են (երաժշտական ձևավորումը՝ ՀՈՂ-ի)։ Թատրոնի միշտ ստեղծագործական խմբում, ինչպես միշտ, արհեստավարժ դերասանների կողքին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ են։ Ներկայացումն ինձ համար պարտավորեցող է, քանի որ Լևոն Շանթ է, գործ ունենք դասական հեղինակի հետ։

Կարծում եմ՝ հանդիսատեսի համար փոքր-ինչ անսովոր կլինի պատմական այս գործն այս ձևավորմամբ կամ այս մեկնության մեջ տեսնելու, բայց  պիտի կարողանաս պահելով Շանթի լեզուն՝ փորձես արդիական դարձնել քո մեկնությունը։ Իսկ մեկնությունը մեկն է՝ ապրել, արարել ու ստեղծագործել»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Քեսուն իշխանին մարմնավորող ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն էլ ասաց․ «Ռեժիսորն իր ամբողջ ներուժը դրել է, որ այս ներկայացումը 21-րդ դարին համահունչ լինի, նոր մեկնաբանություն, նոր գեղագիտություն լինի գործին, որ հանդիսատեսը Լյուդվիգ Հարությունյան ռեժիսորին նաև ճանաչի նոր դիտանկյունից, իսկ դերասանական կազմը նոր մոտեցումներով հանդես գա ու զարմանք պատճառի։ Վերջապես թատրոնը նաև զարմանալու տեղ է, որտեղ գալիս են զարմանալու։

Հանդիսատեսը կգա, կվայելի, կհամոզվի, որ գեղագիտական բարձր ճաշակով արված բեմադրություն է, հանճարեղ Շանթի լեզի հետ կշփվի, նրա մտածողության և կտեսնի, որ շուրջ 100 տարի առաջ գրված այս ստեղծագործությունը որքան արդիական է, և դրանով է դա դասական։ 100 տարի հետո էլ այն արդիական կլինի․ մենք գիտենք, որ Գող Վասիլ իշխանը պատմական կերպար է, իրականում գոյություն ունեցող, դեռևս չձևավորված Կիլիկյան Հայաստանի իշխաններից է։

Նրա բացասական կերպար լինել-չլինելը հանդիսատեսն ինքը կհասկանա, կտեսնենք Աննա իշխանուհու ապրումները, հոգու շերտերում թաքնված գաղտնիքը, վրեժի հրաբուխը, որ պայթում է իր մեջ, ինչպես կարող է վրեժ լուծել մի փափկասուն հայ կին։

Ներկայացումը իրապես թե՛ գեղագիտական բարձր արժեքով արված բեմադրություն է և՛ թե գաղափարապես շեշտադրված, որը համահունչ է մեր օրերին։ Եվ մարդիկ դիտելով հաստատ իրենց հետ մի բան կտանեն, մտածելու առիթ կտա»։

Տիգրան Գաբոյանն ասում է՝ Գող Վասիլը եղել է հակասական կերպար, իրենք Շանթի այս գործն ուսումնասիրելիս՝ միայն գեղարվեստականության հետևից չեն ընկել, զրուցել են թե՛ պատմաբանների, թե՛ լեզվաբանների հետ, փորձել են հասկանալ ժամանակի ոգին՝ ինչ էր տեղի ունենում, ինչու Լևոն Շանթն այս գործը գրեց 20-րդ դարի սկզբին, ինչ էր ուզում ասել։

«Ամբողջ ներկայացման ողնաշարը հետևյալն է՝  մահն իր ճամփով, կյանքն իր ճամփով։

Մենք ունեցել են շատ մահեր, բայց մենք չպիտի մոռանանք, որ կյանքը շարունակվում է, և երկիր կառուցելու համար մենք պիտի կյանքին կառճած լինենք, հավատանք, որ այն բացթողումները, թերությունները, ինչ թույլ ենք տվել, այլևս թույլ չտանք և ստեղծենք մի կուռ, բարգավաճ, հզոր երկիր, որ լինի մեր երազածը, որն ուզում էր Վասիլ իշխանը՝ ըստ մեր մեկնաբանության», ասաց Տիգրան Գաբոյանը։

Աննա իշխանուհու դերակատար Ջեմմա Ադամյանն էլ ասաց․ «Ես վրեժխնդիր կնոջ կերպար եմ մարմանվորում, չնայած այն բանին, որ վրեժխնդրությունը ոչ այնքան դրական հատկանիշ է, բայց մեր օրերում, մեր իրականության մեջ երբեմն պետք է վրեժխնդիր լինել և երբեմն պետք է  հանգամանքները ճիշտ դասավորել՝ ի օգուտ քո նպատակի, քո վրեժխնդրության, բայց այդ ամենի մեջ չմոռանալ ապրել սիրո կարևոր գաղափարի մասին»։

Նշենք, որ ներկայացումից հետո դահլիճն ուղղակիորեն պայթում էր ծափահարություններից, «Բրավո՜» բացականչող հոտնկայս հանդիսատեսը կես ժամից ավելի թույլ չէր տալիս դերասաններին հեռանալ բեմից։

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի ՖԲ էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Լրագրողուհուն ասեք, որ լեզվական սխալներ ունի: Կամ մի՞թե թերություն չունի ներկայացումը: Արդյո՞ք Շանթի լեզուն ճիշտ են արտաբերում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031