Tert.am – Ադրբեջանը պետք է հասկանա, որ «խաղաղության պայմանագիր»-ը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի հետ, այլ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ:
Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«2023 թվականը մոտենում է իր ավարտին, եթե այս տարի հիշվելու է ինչ-որ բանով, հիշվելու է Արցախի կորստով, Արցախի դատարկումով, և այս պահին Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներով։
Երևանը շողում է լույսերի մեջ, և կարծես ամեն անգամ, որքան մեր ազգային արհավիրքները ավելի են մեծանում, մեր կորուստները՝ ավելի շատանում, այնքան գունեղ է զարդարվում Երևանը:
Կարդացեք նաև
Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի սրտում, հոգում, մտքում մութ ու խավար է: Մութ ու խավար է, որովհետև մենք տարին փակում ենք առանց Արցախի, Արցախի հողի վրա առանց արցախահայության:
Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված «խաղաղության պայմանագիր»: Իմ տեղեկություններով, բավականին առաջ է գնացել, մոտ է ստորագրման, և մեծ հավանականությամբ, ոչ հեռու ապագայում այդ փաստաթուղթը կստորագրվի:
Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր դեռևս Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի մասին:
Այդ կետը այսօր հանված է: Ըստ պայմանագրի՝ գոյություն չունի: Ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա: Եվ եթե այս պայմանագիրը ստորագրվում է այսօրվա առկա բովանդակությամբ, դրանով նշանակում է՝ մենք փակում ենք Արցախի էջը՝ առհասարակ:
Արցախը մոռանալ նշանակում է մոռանալ մեր անցյալը, մեր պատմությունը, մեր ողջ մշակութային ժառանգությունը:
Այս փաստաթղթի ստորագրումը՝ այս բովանդակությամբ, մոռացության է տալու Արցախը: Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս փաստաթուղթը նրանք ստորագրում են, ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի հետ, այլ այս պայմանագիրը, ընդամենը ստորագրում են Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ:
Այսօր Հայաստանի իշխանություններն ունեն այն հնարավորությունը, որ Արցախի ժողովուրդը իրենց հայրենիք վերադառնալու հարցը, դարձնեն այդ պայմանագրի մի մասը:
Դա հայ ժողովրդի նվազագույն իրավունքն է: ՀՀ կառավարությունը պարտավոր է այսօր այդ հարցին տեր կանգնել և միակ պայմանը այս կետի ներառումն է, 9-րդ կետը պետք է վերադարձնել պայմանագրի մեջ, որ Արցախի ժողովուրդը միջազգային երաշխիքներով պետք է վերադառնա: Այ դա իսկապես կարող է ինչ-որ առումով խաղաղություն բերել մեր երկու ժողովուրդներին»,- ասել է Օսկանյանը: