Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիները ապօրինի ձեւով զրկվեն ՀՀ քաղաքացիությունից». Նարե Սիմոնյան

Դեկտեմբեր 10,2023 19:39

«Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ անդրադարձ եղավ փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքի ոտնահարումներին: «Իրականում պետք է ասել ոչ թե փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքի ոտնահարումներ, այլ պետք է նշել, որ այդ  ոտնահարումները առաջանում են Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներին հակասահմանադրական ձեւով քաղաքացիությունից զրկելու հետեւանքով»,-ասաց արցախցի Նարե Սիմոնյանը:

Նրա խոսքով. «Անձնագրային քաոսը ստեղծվել է միայն ներքաղաքական շարժառիթներով եւ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ամենաշատն են տուժել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում, փորձ է արվում դուրս թողնել քաղաքական պրոցեսներից:

Արցախում բնակվող բոլոր հայերը միշտ եղել են ՀՀ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում աշխատել են տարբեր պետական հիմնարկներում, որտեղ քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման էր` ուժային կառույցներ, դիվանագիտական կորպուս, միջազգային բանկերում բանկային հաշիվներ եւ այլն: Այդ աշխատակիցներին հարկելու հարկային համակարգն էլ է նույնը եղել,  ինչ ՀՀ քաղաքացիների դեպքում: Միակ տարբերությունը, որ հաճախ առանձնացնում են, դա այն է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնց գրանցումը եղել է Արցախի Հանրապետությունում, մասնակցել են ընտրությունների՝ Արցախի Հանրապետությունում, իսկ այն քաղաքացիները, որոնց գրանցումը եղել է ՀՀ տարածքում, մասնակցել են ընտրություններին ՀՀ տարածքում: Սակայն դա եւս միանշանակ չէ»:

Նարե Սիմոնյանը փաստում է, որ 2021թ խորհրդարանական ընտրություններին Արցախի Հանրապետության գրանցում ունեցող 100-ավոր քաղաքացիներ մասնակցել են ընտրությունների՝ որպես ՀՀ քաղաքացիներ: Նրա խոսքով. «2023թ ողբերգական դեպքերից հետո են  ՀՀ իշխանությունները որոշել տարբերակում մտցնել եւ առանց այդ մասին ուղիղ հայտարարելու՝ տարբեր որոշումներում շեշտել, որ ՀՀ անձնագիր ունեցող Արցախի  քաղաքացիները ՀՀ քաղաքացի չեն, դա ճամփորդական փաստաթուղթ է: Մինչդեռ դա ՀՀ անձնագիր է: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը նաև ունի ճամփորդական փաստաթուղթ, բայց այն որեւէ կապ չունի ՀՀ անձնագրի հետ: Եվ հիմա այս որոշումներով, ընթացակարգով հակասահմանադրական եղանակով ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիները ապօրինի ձեւով զրկվեն ՀՀ քաղաքացիությունից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031