«Դայմոնդ Թրեւլ» տուրիստական ընկերությունն առաջին անգամ էր մասնակցում Artsakh Career Expo աշխատանքի տոնավաճառին:
Ընկերության ներկայացուցիչները Aravot.am-ին տեղեկացրին, որ իրենք այս պահին ունեն թափուր աշխատատեղեր եւ որոշել են օգտվել այս առիթից ու այստեղ որոնել թեկնածուներ: «Սա լավ առիթ է ինչպես արցախահայության, այնպես էլ մեր համար: Հետաքրքիր ձեւաչափ է: Դեռ երկու-երեք ժամ է, ինչ բացվել է տոնավաճառը, բայց արդեն 15-20 մարդու տվյալներ մեր մոտ գրանցել ենք: Ընդ որում, շուրջ 80 տոկոսը՝ արցախցիների: Դրանք կուսումնասիրենք, կտեսնենք, թե ովքեր են ավելի համապատասխանում մեր պահանջներին ու կհրավիրենք անհատական հարցազրույցի: Քանի որ ավելի շատ մենք աշխատում ենք Եվրոպայի ուղղությամբ, առաջարկում ենք տուրմենեջերի աշխատանք, որը նվազագույն մակարդակով օտար լեզվի, հատկապես, անգլերենի, իմացություն է պահանջում, որովհետեւ պետք է շփվել հյուրանոցների, մարդկանց հետ, կարողանալ մեր տուրփաթեթները վաճառել հաճախորդներին:
Շատ ցանկալի է, որ մեզ դիմողները ոլորտին մի քիչ ծանոթ լինեին: Սակայն տեսնում ենք, որ մոտ 90 տոկոսը տուրիզմի հետ շփվել է ընդամենը որպես զբոսաշրջիկ այս կամ այն երկիր մեկնելու մակարդակում: Բայց քանի որ արցախցի մեր հայրենակիցներն են, պատրաստ ենք նրանց համար նաեւ ոլորտի տարբեր մասնագիտացումների դասընթացներ կազմակերպել»,- ասացին կազմակերպության ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ