Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց ձեռքին կա ե՛ւ իշխանություն, ե՛ւ պրոպագանդիստական մեքենա». լրագրողը՝ արցախցիների հանդեպ ատելություն սերմանողների մասին

Դեկտեմբեր 10,2023 19:04

Լրագրող Լառա Առաքելյանը «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ ներկայացրեց մի քանի տեսանյութ, որտեղ ատելության խոսքի եւ խտրականության դրսեւորումներ կային արցախցիների հասցեին: Նա ներողություն խնդրեց արցախցիներից, որոնք ստիպված են դիտել այդ տեսանյութերը։

«Հետաքրքիրն այն է, որ այս տեսանյութերը ես գտել եմ պարզ որոնումով՝ ընդամենը մեկ-երկու րոպե ֆեյսբուքյան որոնման տիրույթում գրելով «ղարաբաղցի» բառը: Սրանք երկուսն էին տասնյակ տեսանյութերից, որոնք ներկայացրի, որպեսզի շատ պարզ լինի, թե ինչի մասին ենք խոսում այսօր: Ակնհայտ է, որ գործ ունենք ատելության խոսքի ծայրահեղ դրսեւորումների հետ: Տեսական գրականության մեջ ընդունված է համարել, որ դրանք հանգեցնում են ինքնասպանությունների, պատերազմների եւ զանգվածային անկարգությունների,վատագույն դեպքում՝ նաեւ ցեղասպանությունների: Ատելության խոսքը հանրային խոսքի դրսեւորում է ընդամենը, որը նպատակ ունի ատելություն սերմանել կամ խրախուսել անձի կամ անձանց խմբի նկատմամբ»,-ասաց լրագրողը:

Նա ընդգծեց, որ ցանկացած թշնամանքի հիմքում մենք եւ նրանք բաժանումն է. «Ցանկացած լրագրող կփաստի, որ բոլոր ժամանակներում հատկապես հակամարտություններ լուսաբանելիս մեծագույն խնդիր է քսենոֆոբիայի եւ ռասիզմի  արտահայտություններից խուսափելը, բայց խնդիրը ավելի է բարդանում, երբ գործ ունենք մեկ ազգի, մեկ պետության ներսում տարբեր խմբերի միջեւ սերմանվող ատելության հետ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում տարիներ շարունակ պարարտ հող է նախապատրաստվել շատ որոշակի, հայտնի անձանց կողմից՝ նման ատելություն սերմանելու համար: Գաղտնիք չէ, որ հիմա նրանց ձեռքին կա եւ իշխանություն եւ պրոպագանդիստական անփախան մեքենա»:

Վանա Շիրվանյանը եւս խոսեց ատելության խոսքի թեմայով, բայց այն համատեքստում, թե ինչպես պետք է պայքարել դրա դեմ: Ի թիվս այլնի, նա անդրադարձավ «Պառակտիր եւ իշխիր» թեզին, որը կենսունակ է նաեւ այսօր: «ՀՀ դե ֆակտո իշխանությունները 2018թ.-ից առաջ, նույնիսկ իշխանության գալուց առաջ նույն թեզով պիտակավորել են մարդկանց, պառակտել եւ իշխել… Սեւ-սպիտակ, նախկին-ներկա, վերջերս էլ նոր շունչ առած՝ հայաստանցի-ղարաբաղցի…»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031