Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Բարեղամյան. «Մեր այս աշխատանքի տոնավաճառը նաեւ կարիերայի տոնավաճառ է, որովհետեւ նաեւ կրթվելու հնարավորություններ է տալիս»

Դեկտեմբեր 10,2023 18:20

Holiday inn Yerevan հյուրանոցում այսօր բացված Artsakh Career Expo-ի նպատակն ԱՐՑԱԽԻՑ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն էր զբաղվածության, սոցիալական, կրթական եւ աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում:

Նախաձեռնության համահիմնադիր Մանե Բարեղամյանը Aravot.am-ին ասաց, որ այս միջոցառումը նախաձեռնել են համահիմնադիր  չորս աղջիկներով՝ ինքը, Իսկուհի Ստեփանյանը, Անի Ասոյանը եւ Էմմա Մամունցը: «Սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո մենք առաջին նախաձեռնող խումբն էինք, որ ուզում էր ինչ-որ բան կազմակերպել, ինչ-որ բանով օգնել: Գիտենալով, որ մեր մոտ կազմակերպչական հարցերն ինչ-որ չափով լավ են ստացվում, թիմով որոշեցինք այսպիսի բան կազմակերպել: Մեր առաջին նախաձեռնությունը՝ առաջին էսպոն,  տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին ու այն ժամանակ ունեցանք հինգ հազարից ավելի այցելու: Բավականին շատ թվով ընկերությունների էինք կարողացել ներգրավել ու բոլորը պատրաստակամ էին օգնել:

Առաջին էքսպոյի արդյունքները հասկանալուց հետո  պարզ դարձավ, որ նաեւ  երկրորդը կազմակերպելու անհրաժեշտություն կա, թեեւ հոկտեմբերի 31-ից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուրիշ ընկերություններ եւս  կազմակերպել են աշխատանքի տոնավաճառներ: Այս էքսպոն կազմակերպելիս  որոշակի դժվարություններ ունեցել ենք, որովհետեւ փնտրում էինք նոր կազմակերպություններ, որոնք կկարողանան աշխատատեղեր տրամադրել: Այս անգամ գտել ենք 26 կազմակերպություն, որոնց մեջ կան նաեւ  այնպիսիք, որոնք պատրաստ են անվճար վերապատրաստել մարդկանց կամ անվճար դասընթացներ անցկացնել նոր մասնագիտացումների համար: Մասնավորապես, ունենք գեղեցկության ոլորտից կազմակերպություն, որը արցախցիների առանձին թիմեր է հավաքում եւ զրոյից սովորեցնում մատնահարդարում: Կա հասարակական կազմակերպություն, որը կրթական ծրագրեր է առաջարկում, որով կարելի է գնալ, դրսում սովորել: Այսինքն, կարող ենք ասել, որ մեր այս տոնավաճառը ոչ միայն աշխատանքի, այլեւ կարիերայի տոնավաճառ է, որովհետեւ նաեւ կրթվելու հնարավորություն է տալիս:

Հույս ունենք, որ այս անգամ էլ հաջողություն կունենանք: Մշտական կապ ենք պահում մեր գործընկեր կազմակերպությունների հետ, հետաքրքրվում, թե քանի հոգու հետ են հարցազրույց արել, քանիսին ընդունել աշխատանքի: Օրինակ, առաջին էքսպոյի տվյալների ամփոփումից հետո ունեցել ենք աշխատանքի ընդունված 117 մարդ: Բայց այս թվերը անընդհատ փոփոխվում են, որովհետեւ գործընթացը դեռ շարունակվում է»:

Մանե Բարեղամյանը նաեւ ընդգծեց, որ իրենց նպատակն առաջին հերթին Արցախից  բռնի տեղահանվածներին օգնել է ու աշխատանք գտնելուն աջակցելը, սակայն այս էքսպոյի ընձեռած հնարավորությունից ազատորեն կարող են օգտվել եւ օգտվում են նաեւ հայաստանաբնակները: «Թիրախավորել ենք առաջին հերթին արցախցիներին ու այս նախաձեռնությունն իրականացվել է նախ եւ առաջ արցախցիներին աջակցելու նպատակով, բայց հայաստանաբնակներն էլ հանգիստ գալիս են, շրջում, ծանոթանում առաջարկներին:շ»,-ասաց մեր զրուցակիցը եւ հատուկ շնորհակալություն հայտնեց հյուրանոցի ղեկավարությանը սրահներն ու տարածքներն անվճար տրամադրելու համար, քանի որ այս նախաձեռնությունն էլ բարեգործական է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031