Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնայիք, պահեիք, չեք պայքարել»՝ սա ամենաաբսուրդային հայտարարությունն է». Արցախի ՄԻՊ

Դեկտեմբեր 10,2023 17:57

«Մնայիք, պահեիք, չեք պայքարել»՝ սա ամենաաբսուրդային հայտարարությունն է, որ ընդհանրապես կարելի է լսել 9 եւ ավելի ամիսներ շրջափակման եւ բոլոր տառապանքների մեջ ապրած մարդու հասցեին…Կամ ասում են՝ այդքան զենք ունեիք, ինչու չկռվեցիք… Փաստերը ցույց են տալիս, որ մեկ օրվա ընթացքում 200-ից ավելի զոհ է տվել Պաշտպանության բանակը: Դա խոսում է այն մասին, որ պայքարել ենք անգամ անհավասար պայմաններում»,- ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ՝ անդրադառնալով արցախցիների հասցեին հնչած տարբեր անհարկի մեղադրանքներին:

«Մարդկանց ուղղակի պետք է բացատրել, որ եղած զենքը շրջափակման պայմաններում ընդամենը մի քանի օրվա պատմություն էր եւ հնարավոր չէր ոչինչ անել…Ոչ բոլորը կարող են սեփական դատողություններն անել, պետք է օգնել այդ մարդկանց, որ դիմադրողականություն ունենան՝հալած յուղի տեղ չընդունելու նման միֆային հայտարարությունները»,-ասաց Գեղամ Ստեփանյանը:

Խտրականության դրսեւորումների մասին խոսելիս՝ նա ասաց, որ դրանք որոշակի առումով առկա են կրթական հաստատություններում՝ պայմանավորված լեզվով եւ բարբառով:  Միևնույն ժամանակ նշեց, որ կան դպրոցներ, օրինակ` Կոտայքի մարզում,որտեղ Արցախի բարբառով պատրաստվում են միջոցառումներ կազմակերպել, սակայն որոշ դպրոցներում երեխաների կողմից բուլինգի դեպքեր են նկատվում, որոնք պատշաճ արձագանքի չեն արժանանում:

«Պռոշյան գյուղի դպրոցն էի այցելել, որտեղ հոգեբանը հետեւյալը պատմեց: Ասում է՝ նկատեցի, որ արցախցի երեխաներից մեկը մեկուսացել է, մոտեցա, հարցրի՝ ինչն է պատճառը, ասաց՝ այստեղ ոչ մեկ հայերեն չի խոսում…Այսինքն, երեխայի համար հայերենն այն լեզուն է, որով ինքն է խոսում… Սա էլ հաղթահարվող բան է, ուղղակի աշխատանք է պահանջում»,-ընդգծեց Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը խոսեց նաեւ պետական մարմիների հետ կապված խնդիրների մասին. «Այս օրերին սոցիալական ծառայություններ մատուցող կառույցներում, անձնագրային բաժիններում շատ մեծ են արցախցիների հերթերը, ընդ որում շատ հաճախ չկառավարվող հերթեր են: Սա իր հերթին խտրականության դրսեւորման նոր առիթ է տալիս: ՀՀ մեր հայրենակիցներն, օրինակ, ուզում են դիմել անձնագրային բաժին ինչ-որ փաստաթուղթ ստանալու համար, բայց տեսնում են մեծ հերթեր, ու միանգամից թեման բացվում է՝ այս արցախցիները եկան, չենք կարողանում ստանալ…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031