«Մի քիչ դժվար է լինել արցախցի եւ խոսել խտրականության թեմայով, որովհետեւ շատերի մոտ տպավորություն կստեղծվի, թե նստել եւ բողոքում ենք… Ես շատ երկար ժամանակ այն կարծիքին էի, որ արցախցի-հայաստանցի տարանջատման մասին չպետք է շատ խոսել, որովհետեւ դա բացում է դիսկուրսը եւ լավ տեղ չի տանում, բայց հիմա տրամագծորեն այլ կարծիքի եմ» ,-ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով. «Այն կեղծ կարծրատիպերի մասին, որ կան մեր հասարակությունում հատկապես այս օրերին, որոնց ականատես ենք լինում, պետք է շատ խոսել, բացատրել, պարզաբանել, բացահայտել եւ միայն այդ ճանապարհով միգուցե հնարավոր կլինի հասարակությանը վերակրթել՝ միմյանց նկատմամբ հարգանքի, ընկալման համար: Ես ինքս 6 տարի Երեւանում ուսանող եմ եղել, եւ իմ նկատմամբ որեւէ խտրականություն չեմ զգացել: Եթե եղել է, ապա միայն դրական «խտրականություն». թե դասախոսական կազմը, թե իմ ուսանողական ընկերները, բավականին լավ են վերաբերվել ինձ:
Ցավոք սրտի, վերջին տարիներին է ամեն ինչ փոխվել: Իհարկե, տարբեր ժամանակահատվածներում կային սաղմերը, սերմերը, բայց որ բացահայտ ատելության խոսք գեներացվի, վերջին շրջանում ավելի շատ ենք ականատես լինում: Հանուն արդարության պետք է նշել, որ ներազգային այդ տարանջատումը ինչ-որ առումով առկա է եղել նաեւ Արցախում: Իմ դիտարկումներով, որոշակի դրական փոփոխություն արցախցների շրջանում հայաստանցիների նկատմամբ արձանագրվել է 2020թ 44-օրյա պատերազմից հետո, երբ 90 հազար արցախցիներ հայտնվել են Հայաստանում, եւ այդ հյուրընկալությունը, վերաբերմունքը, որ տեսել են, շատ բան է փոխել մարդկանց մտածելակերպում»:
Գեղամ Ստեփանյանը պատճառներին էլ անդրադարձավ. «30 տարիների ընթացքում հայրենաճանաչության ուղղությամբ աշխատանքներ չտարվեցին: Ես վստահ եմ, որ Արցախ այցելած ցանկացած հայաստանցի չի կարող վատ բաներ խոսել արցախցիների մասին…ջուր ենք ուզել, չեն տվել… Չնայած պարոն Խուդոյանն ասաց, որ կան մարդիկ, որոնց ինքն էլ ջուր չէր տա, բայց ինձ թվում է Արցախում ամեն դեպքում կտային այդ ջուրը: Ես ինքս բախվել եմ «ջուր ուզեցի, չտվեցին» միֆի հետ… Չեմ բացառում, որ հնարավոր է նման դեպքեր եղած լինեն, բայց, ցավոք, մեկ դեպքը չափազանցված ներկայացված է հազարների տեսքով: Ես ինքս Երևանում վերջին տեղահանությունից հետո տաքսու վարորդի հետ նման թեմայով խոսակցություն ունեցել եմ, երբ ինքն ասաց, որ իր ընկերը Արցախում ծառայելիս ջուր է խնդրել եւ չեն տվել, ես իրեն ասացի՝ հենց հիմա զանգահարիր քո ընկերոջը, ես պատրաստ եմ ջուր չտված արցախցու անունից ներողություն խնդրել եւ խնդրել, որ այդ թեման չտարածի ամբողջ արցախցիների վրա, բայց այդ ընկերը այդպես էլ չգտնվեց…»: Գեղամ Ստեփանյան ասաց, որ պետք է կոտրել ներազգային ատելությունը, արցախցիների հանդեպ խտրականություն սերմանող երեւույթները:
Կարդացեք նաև
Ի թիվս այլնի, նա խոսեց նաեւ «բոլոր արցախցիներն ունեւոր են» միֆի մասին. «Նման բան չկա: Ես չգիտեմ, թե որտեղից է գալիս այս ամենը: Գուցե դրանք ուղղորդված են, որ մեր բյուջեից այսքան ենք հատկացրել, այնքան են հատկացրել… Սա էլ նպաստում է երեւի, որ մարդկանց մետ տպավորություն ստեղծվի, որ բոլոր արցախցիներն ունեւոր են: Սրա վերաբերյալ իմ անձնական փորձից մի բան ասեմ. Իմ ընկերներից մեկը, որ այստեղ քաղծառայության ոլորտում է, ինձ հարցրեց՝ ճի՞շտ է, որ ձեր մոտ գլխավոր մասնագետը 900 հազար աշխատավարձ է ստանում… Ուղղակի զարմանալի է, որ մարդիկ հավատում են նման բաների, ընկնում այդ թակարդը… Միգուցե նաեւ հենց այս միֆն է առիթ հանդիսացել, որ Հայաստանի մեր հայրենակիցները բնակարաններն ավելի թանկ վարձավճարով են տալիս արցախցիներին…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ