Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքներն Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են». Լարիսա Ալավերդյան

Դեկտեմբեր 10,2023 15:30

Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրն է, դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ինչպես նաեւ Արցախի Անկախության Հանրաքվեի և Արցախի Սահմանադրության ընդունման օրը։ Մեկնարկել է  «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովը:

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դեկտեմբերի 10-ը միջազգային հանրությունը որպես տոն է նշում, մինչդեռ ինչպես այս օրը, այնպես էլ մարտի 8-ը պայքարի օր է: «Այսօր հարձակում է տեղի ունենում մարդու իրավունքների  հայեցակարգի, հատկապես կիրառման վրա երկու համընդհանուր ճակատով: Մեկը միջազգային հանրությունն է, որը դարձրել է մարդու իրավունքները խոշոր սուբյեկտների աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար սարսափելի գործիք, մյուս հարձակման ճակատը պետությունների ներսում է: Օգտվելով բոլոր նորմերից, որոնք շարադրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում՝ ցինիկորեն փորձում են ասել, որ դրան չպետք է հետեւել երկրի ներսում»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Նրա խոսքով. «Երկրի իշխանությունները փորձում են քողարկվել դրանով ու ասում են՝ ի՞նչ եք ասում, չե՞ք տեսնում՝ մարդու իրավունքն ինչ է, մենք պետք է հրաժարվենք դրանից… Արդյունքում՝ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետք է պաշտպանենք մարդու իրավունքները այն պետություններից, որոնք եղել են նախաձեռնողների ցուցակում: Նաեւ ներսում պետք է հստակեցնենք, որ մարդու իրավունքները ոչ թե այս կամ այն պետության կամ միջազգային հանրության համար գործիք են, այլ նրա համար են, որ պաշտպանեն  մարդու արժանապատվությունը: Մարդու իրավունքների ողջ կոնցեպտը մարդու արժանապատվությունը հարգելու վրա է կառուցված…

Ի դեպ, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, առաջին հոդվածում, որ ամենաշատն է քննարկվել, գրված էր, որ մարդը արարված է հավասար եւ բոլոր իրավունքներով: ԽՍՀՄ ներկայացուցչի ճնշման ներքո արարված է բառը փոխվել է ծնված բառով, որովհետեւ Սովետական Միության ներկայացուցիչը արարված բառի մեջ տեսնում էր կրոնական հետքեր»: Լարիսա Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը այսօր ոտնահարվում է, այն ուզում են դարձնել զուտ հռչակագրային տեքստ:

Արցախի մասին խոսելիս էլ ընդգծեց. «Մարդու իրավունքները Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են: Մինչդեռ մարդը քանի կա, մարդու իրավունքներն իր հետ են: Դրա համար բոլոր ճիգերը  եւ այն արտահայտությունները, որ վերջ, որ Արցախի Հանրապետությունը չկա, թող ինտեգրվեն եւ այլն, ես բացարձակապես մերժում եմ: Արցախի Հանրապետությունը եղել է, կա եւ պետք է լինի: Բոլոր այն որոշումները, որոնք չեն կարող ունենալ իրավական հետեւանքներ, չեն ունենալու: Եվ մեզանից է կախված՝ լինելու է, թե չի լինելու: Դրա համար բոլորին կոչ եմ անում պայքարել այս անանց արժեքների համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031