Չնայած որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկուսացված է հասարակությունից, քաղաքացիներին հետաքրքրում են նրա դատողությունները եւ վերլուծությունները ներհայաստանյան, ինչպես նաեւ արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին։
Կարեն, ֆեյսբուքյան օգտատեր․ «Ձեր կարծիքով, պայքարը ե՞րբ կվերսկսվի եւ վերջնական ի՞նչ արդյունք կունենանք»։
Արմեն Աշոտյան․ «Կարծում եմ, պայքարը չի դադարել, որ վերսկսվի։ Ես, ինչպես տասնյակ քաղբանտարկյալներ, իմ պայքարը շարունակում եմ բանտախցից։ Եվ հույս ունեմ, որ յուրաքանչյուր հայրենասեր եւ սրտացավ հայ այդպես էլ անում է՝ յուրաքանչյուրը իր տեղում, իր միջոցներով, իր հնարավորություններով։ Իսկ եթե ի նկատի ունեիք պայքարի ակտիվացումը եւ կազմակերպումը հանուն վերջնական նպատակի, ապա ձեզ հետ ամբողջությամբ համաձայն եմ։ Դեռեւս ֆիզիկայից է հայտնի, էներգիան չի վերջանում, այն մի տեսակից անցնում է մի այլ տեսակի։ Մենք հիմա ազգային էներգիան կենտրոնացնելու, ուղղորդելու եւ օգտագործելու կարիք ունենք։ Թե ով կամ ինչը կլինի այս պրոցեսի խթանը, կատալիզատորը, տրիգերը, բանտից դժվարանում եմ ասել այս պահին»։
Արշավիր Հակոբյան, ֆեյսբուքյան օգտատեր․ «Դուք մինչեւ կալանքը փաստաթղթեր էիք հրապարակում։ Հետո ստացվեց այնպես, որ դրանցում տեղ գտած բոլոր դրույթներն իրականություն դարձան։ Արդյո՞ք, ունեք այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր»։
Կարդացեք նաև
Ա․ Ա․ «Իմ քաղաքական գնահատականները հիմնվում են ոչ միայն փաստաթղթերի, այլեւ, փաստերի, օրինաչափությունների, գիտելիքի եւ փորձի վրա։ Ձեր մատնանշած փաստաթուղթը հրապարակելուց առաջ դրանում ամրագրված վտանգների մասին խոսել եմ թե ես, թե իմ գործընկերները մինչեւ հրապարակումը նույնպես։ Հիմա ՔԿՀ-ում զրկված լինելով կանոնավոր կապի միջոցներից՝ զրկվել եմ նաեւ իմ աղբյուրներից, այդ թվում նաեւ արտերկրում։ Ի դեպ, գուցե, սա է նաեւ ինձ ազատազրկելու դրդապատճառներից մեկը։ Սակայն առանց այդ թղթերի էլ կարող եմ պնդել եւ ապացուցել, որ Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումը էքզիստենցիալ նոր վտանգներ է ստեղծում հայ ժողովրդի եւ Հայաստանի համար»։
Նարինե Սերոբյան, ֆեյսբուքյան օգտատեր․ «Ասացիք, որ ազատ ժամանակ զբաղվում եք ընթերցանությամբ։ Եթե գաղտնիք չէ, ի՞նչ գրքեր եք կարդում եւ ի՞նչ խորհուրդ կտաք մեզ»։
Ա․ Ա․ « Բացեմ ընթերցանության եւ ինքնակրթության որոշ գաղտնիքներ։ Նախ, կատարելագործում եմ անգլերենը։ Չեմ մոռանում ֆրանսերենը։ Սկսել եմ ինքնուսուցող իտալերենը։ Ինչ վերաբերում է ընթերցանությանը, ապա հիմա գերադասում եմ կարդալ հայտնի գործիչների մեմուարներ, ինչպես նաեւ ժամանակակից քաղաքական, քաղաքացիական, ինչպես նաեւ՝ հասարակագիտական գրականություն։ Կառաջարկեի ծանոթանալ Բիսմարկի մեմուարներին, ընթերցել Դանիել Ելկինի «Աշխարհի նոր քարտեզը», Մայքլ Փորթերի «Միջազգային կոնկուրենցիան», ինչպես նաեւ Կարեն Բեքսարյանի «Ճոճանակը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ամեն քարոզիչ չէ, որի ասած ճշմարտությունները ընկալելի են։ Դու կարող ես ասել 100% ճշմարտություն բայց լինել անբարյական ու ոչ մեկը քեզ չի լսի, որովհետև ռեպուտացիան տասնամյակներով արատավորած մարդուն չեն լսում, հետևից չեն գնում։ Դու իզուր տեղը վարկաբեկում ես լավ գաղափարները, որովհետև ինչ դուրս գա քո բերանից միանգամից վարկաբեկվում է։ եթե ուզում ես իրող ազգին օգնել, լռիր, թող նոր մարդիկ խոսեն, մի ապականիր եթերը