Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականները Բայդենին իմպիչմենտի ենթարկելու համար հետաքննություն են նախաձեռնում

Դեկտեմբեր 10,2023 12:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները նախագահ Բայդենի՝ իմպիչմենտի ենթակա հնարավոր հանցագործությունների համար հետաքննություն սկսելու մասին բանաձև են ներկայացրել:

Տևական ժամանակ է, ինչ հանրապետականները կասկածներ են առաջ քաշում, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահի ընտանիքը հարստություն է ձեռք բերել արտասահմանյան բիզնես գործարքների և կաշառակերության շնորհիվ:

Սպիտակ տունը իմպիչմենտի համար հետաքննություն սկսելու փորձը «հնարք» է որակել և ընդգծել, որ «բանաձևն աղերս չունի իրականության հետ»: «Սա ծայրահեղ հանրապետականների ամոթալի ցանկությունն է՝ իշխանության չարաշահմամբ զրպարտել Նախագահ Բայդենին», – շեշտում են Սպիտակ տնից:

Հանրապետական կոնգրեսականները հավանական են համարում, որ բանաձևի ընդունման քվեարկությունը տեղի կունենա գալիք շաբաթ:

«Սա քաղաքական որոշում չէ: Սա սահմանադրաիրավական որոշում է»,- հայտարարել է Տան խոսնակ Մայք Ջոնսոնը: Նա վերահաստատել է նախկինում հայտնած իր միտքը, որ պատերազմի հայտարարումից զատ՝ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելը Ներկայացուցիչների տան ամենածանրակշիռ լիազորությունն է: Ջոնսոնն ավելացրել է, սակայն թե իմպիչմենտի կշիռը արժեզրկվել է, քանի որ դեմոկրատները երկու անգամ քաղաքական դրդապատճառներից ելնելով և շինծու մեղադրանքների վրա հիմնվելով իմպիչմենտի ենթարկեցին Նախագահ Թրամփին:

«Նրանք իմպիչմենտի գործընթաց են հետապնդում, քանի որ այլ կերպ չեն կարողանում հակազդել իրենց մարող վարկանիշին,- Ներկայացուցիչների տան փոքրամասնության ղեկավար Հաքիմ Ջեֆրիզի համոզմունքն է: Դեմոկրատ առաջնորդը պնդել է, թե հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների տունը ժամանակ է վատնելու՝ նախագահ Բայդենին և նրա ընտանիքը թիրախավորող, ոչ-լեգիտիմ իմպիչմենտի հետաքննության ազդարարմամբ: Ջեֆրիզը վստահ է նաև, որ հանրապետականները ջանք չեն խնայում «իրենց ծայրահեղ աջ գաղափարները ժողովրդից թաքցնելու համար»:

Ըստ ԱՄՆ Սահմանադրության՝ իմպիչմենտի ենթարկելու լիազորությունը պատկանում է բացառապես Ներկայացուցիչների տանը: Ներկայացուցիչների պարզ մեծամասնության հավանության դեպքում՝ նախագահը ենթարկվում է իմպիչմենտի, որից հետո Սենատն անցկացնում է նախագահին անմեղ կամ մեղավոր ճանաչելու համար դատը: Նախագահը պաշտոնազրկվում է, եթե սենատորների ⅔-ը նախագահին մեղավոր է ճանաչում:

ԱՄՆ պատմության մեջ իմպիչմենտի է արժանացել երեք նախագահ: Էնդրու Ջոնսոնը՝ 1868-ին, Բիլ Քլինթոնը՝ 1998-ին և Դոնալդ Թրամփը՝ 2019-ին և 2021-ին: Նրանց երեքին էլ Սենատն անմեղ է հռչակել:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031