Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արցախում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու առաջարկությունը նշանակում է չճանաչել 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն․ Ստեփան Հասան-Ջալալյան

Դեկտեմբեր 10,2023 12:40

Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքական և քաղաքացիական ուժեր 2023թ. դեկտեմբերի 10-ին ուղերձով դիմել են միջազգային հանրությանը, որտեղ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների Արցախ վերադարձի և բնականոն կյանքի ապահովման նպատակով առաջ են քաշել հինգ պայմաններ:

Չորրորդ պայմանով ուղերձի հեղինակներն առաջարկել են Արցախի Հանրապետության տարածքը ՄԱԿ-ի կառավարմանը փոխանցելուց և բոլոր փախստականների Արցախ վերադարձից հետո Արցախի Հանրապետությունում անցկացնել հանրաքվե Արցախի Հանրապետության վերջնական քաղաքական կարգավիճակի հաստատման նպատակով:

Այս առնչությամբ հարկ եմ համարում նշել հետևյալը.

Ղեկավարվելով ՄԱԿ-ի կանոնադրության և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի դրույթներով, մասնավորապես՝ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, որը ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշել իրենց հետագա պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանի՝ ԽՍՀՄ և միջազգային իրավական ակտերին համապատասխան ու այդ ակտերի բծախնդիր պահպանմամբ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագրի, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1991թ. նոյեմբերի 26-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին» օրենք և պատերազմ սկսել Արցախի Հանրապետության դեմ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագրի ընդունումից ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ավելի քան 40 միջազգային անկախ դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:

Անկախության հանրաքվեին հետևել են չորս տասնյակ անկախ միջազգային դիտորդներ: Դիտորդները եղել են Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ուկրաինայից:

Հանրաքվեից անմիջապես հետո անկախ միջազգային դիտորդները հրապարակել են «Ակտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով հանրաքվեի արդյունքների վերաբերյալ», որտեղ արձանագրել են, որ իրենք հանրաքվեի ընթացքին հետևել են Ստեփանակերտում, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջաններում: Անկախ դիտորդները հայտնել են, որ քվեաթերթիկները տպագրվել են երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն:

Անկախ դիտորդներն արձանագրել են նաև, որ իրենք հետևել են և՛ հանրաքվեի ընթացքին և՛ ձայները հաշվելու պրոցեսին և որևէ խախտում չեն արձանագրել: Դիտորդները միաժամանակ նշել են, որ «…հանրաքվեն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի պայմաններում, որն արտահայտվել է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի չդադարող հրետակոծություններով տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներ և հրետանի: Քվեարկության օրը հրետակոծություններից զոհվել են 10, վիրավորվել 11 հայեր: Ստեփանակերտ քաղաքի կանանց և երեխաների մեծ մասը գիշերում է նկուղներում, փակ են մանկապարտեզները, դպրոցները:… Պայթեցվել է քաղաքի ջրամատակարարման ցանցը, չկա հաց, դեղորայք»:

Նկատի ունենալով արցախահայության՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հանրապետություն հռչակելու, ինչպես նաև հռչակված հանրապետությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախահայության կամարտահայտության համաձայն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ:

Հարկ է նշել, որ ի տարբերություն Արցախի, Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին հանրաքվեն անցկացրել է ԽՍՀՄ լուծարումից ութ օր հետո՝ 1991թ. դեկտեմբերի 29-ին:

1991 թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում խորհրդային 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները, ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, ազդարարել են ԽՍՀՄ լուծարման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին:

Փաստորեն, Ադրբեջանի անցկացրած անկախության հանրաքվեն լիովին անիմաստ էր, քանի որ այլևս գոյություն չուներ այն պետությունը, որից կարելի էր դուրս գալ՝ հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության վրա:

Ադրբեջանում անցկացված անկախության հանրաքվեին չեն մասնակցել ո՛չ Արցախի Հանրապետության ժողովուրդը, ո՛չ Ադրբեջանի տարածքում ապրող ազգությամբ հայերը, քանի որ Արցախի Հանրապետության ժողովուրդն արդեն անցկացրել էր անկախության իր հանրաքվեն, իսկ Ադրբեջանի տարածքում ապրող ազգությամբ հայերի մի մասը ենթարկվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության, մեծ մասն էլ լքել էր իր բնակավայրերը՝ մազապուրծ փրկվելով ցեղասպանությունից:

Արցախի Հանրապետության հետագա պետական-իրավական կարգավիճակի հարցով Արցախի Հանրապետությունում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու մասին Արցախի ավելի քան 120 քաղաքական և քաղաքացիական ուժերի առաջարկությունը նշանակում է չճանաչել, որպես կայացած փաստ, 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեն և 1992թ. հունվարի 6-ին Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագիրն ու Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, որի նախաբանում հիշատակված է անկախության հռչակագիրը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031