«Հայացք Երևանից» – Թե ինչ է կատարվում մեր շուրջը, շատ լավ հասկանում ենք ու չսպասենք, թե անգամ «Արցախ» անունը հնչեցնելուց զգուշացողները մեր գլխին երկնային մանանա են թափելու իրենց տված գումարային նվազագույն աջակցությամբ։
Կգա ժամանակ, բոլոր տեսակի աջակցություններից կզրկվենք, այն հավիտենական չէ, բայց հետո կհասկանանք, որ մենք զրկված ենք անգամ մայր Հայաստանում կամ մեկ ուրիշ երկրում ապրելու հնարավորությունից։
Ինչո՞ւ…
Փախստականի կարգավիճակ ստացող յուրաքանչյուր արցախցի, եթե փոխհատուցում ստանա պետությունից Արցախում կորցրած իր գույքի՝ բնակարանի կամ սեփական տան դիմաց, գուցե ինչ-որ ձեւով կարողանա հոգալ իր կարիքները: Սակայն այդ մասին խոսք չկա, մենք 40, թե 50-հազարանոց ծրագրերի խաբկանքի մեջ ենք, որտեղ մեր հետագա ապրելակերպն անորոշ է։
Կարդացեք նաև
Եթե Հայաստանի քաղաքացիություն ենք ստանում, ապա զրկվում ենք Արցախում ունեցած մեր անշարժ գույքի սեփականության պահանջատերը լինելուց, դրանով մենք փաստաթղթով ջնջում ենք մեր արցախցի լինելը, հաստատում, որ մենք հայրենիք չենք ունեցել, ամեն ինչ սկսում ենք զրոյից, այն էլ՝ եթե կարողանանք։ Նման դեպքում ի՞նչ ենք անելու հայրենազուրկներս։
Ունենք երկու տարբերակ՝ կա՛մ այնպիսի աշխատանք պիտի ունենանք, որ կարողանանք հետագայում վարձով ապրել եւ մեր ապրուստը հոգալ, կա՛մ պիտի միջոցներ ունենալ, որ կարողանանք անշարժ գույք գնել: Ցավոք, գիտեմ, որ երկու տարբերակն էլ հազարավորներիս անհասանելի է լինելու։
Ենթադրում եմ, որ մեզ կկանգնեցնեն մեկ այլ երկընտրաքի առջեւ. կա՛մ հեռավոր գյուղերում կարտոֆիլ պիտի ցանենք, սնվենք, դեռ տան վարձ էլ տանք՝ սահման պահելով, կա՛մ որտեղ լավ է կյանքը, այնտեղ էլ ապրենք: Իսկ մեզ համար լավ կյանքը հայկական Արցախում էր, որ շատ-շատերը չէին գիտակցում՝ հիմա կիմանան:
Վերջում կասենք՝ երանի՜ այն անօրեն թալանչիներին, որ բնակելի տուն կունենան, նոր աշխատանք էլ, բարվոք ապրուստ էլ… Չեմ ուզում հուսահատեցնել, բայց սա է իրականությունը՝ այն գորշ ապագան, որ սպասվում է մեզ։
Հ.Գ. Հիշեցի տարիներ առաջվա մի դեպք։ Պետական պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ մի բռնատեղահանված գյուղացի ասաց. չեմ կարողանում ապրել…
Պատասխանը կարճ էր՝ «գնա կարտոֆիլ ցանիր, ապրիր»։ Այդ երկխոսությունից հետո հայրենի գյուղը կորցրած մարդը մեկ ամիս ապրեց, որովհետեւ ջուր էլ չկար, որ բանջարեղեն ցաներ:
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ