Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հասարակությանն Արցախի կորստին ընտելացնելու ակտիվ գործընթաց․ «Հայացք Երևանից»

Դեկտեմբեր 10,2023 10:21

Սեպտեմբերի 19-20-ը Արցախին պատուհասած մեծագույն աղետից հազիվ երկուսուկես ամիս անց ՀՀ-ում հետաքրքիր միտումներ են նկատվում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել հասարակությանը Արցախի կորստին ընտելացնելու (ադապտացնելու) ակտիվ գործընթաց: Անգամ ամենաարդիական հարցը, թե կվերադառնա՞ն արդյոք արցախցիներն իրենց տները, մղվել է հետնախորշ: Երբ բռնի տեղահանման ցավը դեռ թարմ էր, երկու տեսակետ էր շրջանառվում՝ ոմանք վերադարձը իրատեսական էին համարում, մյուսները՝ երեւակայածին մտքի արգասիք, պատրանք: Եվ ոչ ոք չէր էլ ենթադրում, որ շատ չանցած՝ թեման կարող է, ընդհանրապես, դուրս մնալ օրակարգից: Բայց եղավ այն, ինչ եղավ:

Տեղի ունեցավ Արցախի Հանրապետության տարածք ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ ներխուժում, որի ճեղքումը կասեցվեց ԼՂՀ պատշպանության բանակի հերոսական դիմակայությամբ: Բայց, քանի որ ուժերը տագնապալիորեն անհավասար էին՝ 60 հազարը 5 հազարի դեմ, իսկ թշնամին սահմանային բնակավայրերում զուգահեռաբար էթնիկ զտումներ եւ բռնություններ էր սկսել իրականացնել, Արցախի 100 հազարից ավելի հայությունը ստիպված էր զանգվածային ցեղասպանության սպառնալիքի տակ հապճեպ հեռանալ՝ անտերունչ թողնելով երեք հազարամյա իր բնօրրանը, պատմամշակութային հուշակոթողները, բազում սերունդների արյամբ սրբազնացած պապենական հողն ու անցավորաց գերեզմանները:

Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, մի կողմ էր քաշվել, եւ մատը մատին չտվեց: Թրքահալած, ինչք ու հայրենիք կորցրած մեր ազգակիցները մազապուրծ հասան Հայաստան, բայց, անկեղծ ասած, պատշաճ ուշադրության ու հոգատարության չարժանացան: Նույնիսկ փնթփնթաններ եղան. «Սրա՞նք ինչի չմնացին իրենց տեղը, թե՞ ստեղ փլավ են բաժանում»: Ինտեգրվելու դեպքում Բաքուն անվտանգության երաշխիքներ էր խոստանում՝ այն կարգով, ինչպես մյուս փոքրամասնություններին: Արցախահայության արժանապատվությունը չներեց իր հայրենիքում փոքրամասնություն լինել: Անգամ ԽՍՀՄ-ի օրոք ինքնավար մարզի կարգավիճակ ուներ նախկին խորհրդային Ադրբեջանի կազմում:

Դիտարկենք այս օրերին Արցախի շուրջ տիրող դալուկ անդորրը՝ անտարբերության մի զգացողություն, որը պատել է ՀՀ իշխանություններին եւ, ինչու չէ, անգամ Արցախի գործադիր, օրենսդիր ու մյուս ատյաններին: Վտարանդի կառավարության մասին խոսակցությունները, կարծես թե, նույնպես «ջրվել» են: Երեւան գալու օրվանից՝ հոկտեմբերի 4-ից, Արցախի նախագահին չի հաջողվում հանդիպել Փաշինյանին. իշխանության վերնահարկերից հասկացնում են, որ Երեւանում նրան չեն սպասել: Իզուր չէ ՀՀ նախագահի օրերս արած հայտարարությունը, թե ՀՀ-ում Արցախի պետական հիմնարկների գործունեությունը՝ ասել է թե վտարանդի կառավարության կազմավորումը, անիմաստ է:

Վահագն Խաչատուրյանը, մի տեսակ վախվորած, հարցով է պատասխանել իրեն հարց տված լրագրողին. «Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն… ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,- ասել է նա եւ արագ մոտեցել ծառայողական մեքենայի դռանը՝ փորձելով կանխել լրագրողի հաջորդ հարցը, սակայն վերջինս, այնուամենայնիվ, հասցրել է պարզել Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու առնչությամբ ՀՀ նախագահի կարծիքը՝ համաձայն որի «Հայաստանն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռեւս 1991 թվականին»:

Ի դեպ՝ մեկ օրվա տարբերությամբ լրագրողներն Արցախին առնչվող նմանատիպ հարցեր էին ուղղել նաեւ ԱԺ նախագահին. «Ո՞ր Արցախի,- նախ՝ աշխարհից անտեղյակ էր ձեւացել Ալեն Սիմոնյանը, ապա վստահ հայտնել, որ ՀՀ-ն այսօր նման հարց չունի,- Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ… վերջին 1-2 տարում ութ անգամ այդ հարցին պատասխանել եմ»,- դժգոհել է ԱԺ խոսնակը՝ հավելելով, որ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծվել է 2016թ.-ին: Տարօրինակ բան է ստացվում. մեր երկու ղեկավարներն Արցախի ճանաչման բոլորովին տարբեր տարեթվեր են վկայաբերում՝ 1991-ը եւ 2016-ը: Սա ինքնին Արցախի խնդրի նկատմամբ վերաբերմունքի խոսուն ցուցիչ է:

Թվում է՝ վերը նկատված տարակարծության վրա լույս կսփռի Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, բայց ավա՜ղ… լսելով այս անձի «պարզաբանումները», մարդ կարող է հիմնովին խճճվել-մոլորվել նախկին իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի մաս հռչակելու մեկ տասնյակի չափ տարբեր տարեթվերի բավիղներում: Մեկ միանշանակ հայտարարում է, թե 1996-ից ի վեր «Արցախի հարց գոյություն չի ունեցել», մեկ այլ անգամ էլ հիշատակում 2013 թվականը, երբ բանակցություններում ՀՀ-ն, իբր, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Տեսնելով, որ դա եւս չի «կպչում», հաջորդ անգամ որոշում է ավելի հեռուն գնալ՝ հասնելով 1991թ. չարաբաստիկ Ալմա-Աթայի հռչակագրին, իսկ 1999-ի Ստամբուլյան կոնվենցիան՝ որպես խայծ, միշտ կա ու կա:

Արցախի հանձնման տարեթվերի աշխարհագրությունը գնալով մեծացնում է՝ ընդգրկելով 2007-ի Մադրիդյան սկզբունքները, որոնցով, իբր, Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, 2016-ը, երբ այլեւս չկար «Արցախն Ադրբեջանից դուրս լինելու ո՛չ գործնական, ո՛չ էլ անգամ տեսական որեւէ հնարավորություն»: Հետո 2017-ին է անդրադառնում, երբ, նրա կարծիքով, «կարմիր գծերն արդեն գծվել էին»: Մինչդեռ 2016-17-ին իրականում Ադրբեջանի համար էին «կարմիր գծեր» գծվել, ինչի վկայությունը 2016թ. հոկտեմբերի վերջին Ալիեւի արած հայտնի հայտարարությունն է, թե «փակ դռների ետեւում ինձ ստիպում են ճանաչել ԼՂ-ի անկախությունը»:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031