Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ տոն

Դեկտեմբեր 10,2023 10:00

Այսօր դեկտեմբերի 10-ն է՝ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների  պաշտպանության օրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թ․ հիմնադրվեց Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որի նպատակն էր կանխարգելել և թույլ չտալ նոր պատերազմներ։ 1948թ․ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը։ Այդ փաստաթղթի ընդունումը, նույնպես ուղղված էր աշխարհում խաղաղության պահպանման նպատակին, քանի որ համարվում էր, որ օրինակ Գերմանիայի կողմից պատերազմ սանձազերծելը, կապված էր Գերմանիայում մարդու իրավունքների խախտումների հետ։ Նացիստական Գերմանիայում հալածվում և կոտորվում էին հրեաները, գնչուները, կոմունիստներն ու սոցիալիստները և բոլոր նրանք, ովքեր համաձայն չէին «մեծն ֆյուրերի» հետ։Եվ եթե մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը, ընդունված կարգ էր, որ  պետություններն իրավունք չունեին խառնվել որևէ այլ երկրի ներքին գործերին, ապա ՄԱԿ-ի կողմից Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի ընդունումից հետո  համարվեց, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում։ Այսինքն, եթե տվյալ երկրում համատարած խախտվում են մարդու իրավունքները, ապա վտանգ կա, որ այդ երկիրը պատերազմ կհրահրի, ուստի և ՄԱԿ-ը պետք է ուշադրությամբ հետևի անդամ բոլոր երկրներում մարդու իրավունքներին և եթե որևէ երկրում խախտվում են դրանք, ապա․․․Այդ ապա-ին կփորձենք պատասխանել սույն հոդվածում։

Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ է նշանակում մարդու իրավունք և ինչպիսին պետք է լինի տվյալ պետությունը, որտեղ պաշտպանված կլինեն մարդու իրավունքները։

Մարդու իրավունքներն պետություն-մարդ՝ ուղղահայաց հարաբերություններ են։ Այսինքն, երբ խոսում ենք մարդու իրավունքների խախտումներից, նկատի պետք ունենաք պետական որևէ հաստատության, այն է՝ իշխանության կողմից, երկրի ղեկավար, դատախազություն, ոստիկանություն և այլն, հանցագործություն մարդու նկատմամբ։

Մարդու իրավունքների լավագույն ձևակերպումը տվել է հայոց հանճար Հովհաննես Թումանյանն , իր «Թագավորն ու չարչին» բալլադում, դեռևս 1917 թվականին․

Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։

Արդ, ինչպիսին պետք է լինի պետության կառուցվածքը, որպեսզի պաշտպանված լինեն մարդու իրավունքները։

Որևէ երկիր, որտեղ կարող են պաշտպանված լինել մարդու իրավունքները, պետք լինի ժողովրդավարական և իրավական պետություն։ Ժողովրդավարական պետություն՝ այսինքն ժողովրդի ազատ ընտրության միջոցով ձևավորվող օրենսդիր և գործադիր իշխանություն։ Իրավական պետություն ասելով, պետք է հասկանալ օրենսդիր և գործադիր իշխանություններից անկախ դատական համակարգ, որն էլ նշանակում է իշխանությունների տարանջատում և անկախ դատարաններ։

Այժմ փորձենք պատասխանել, թե արդյոք, ՄԱԿ-ի հիմնադրումից և Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից հետո, բոլոր ՄԱԿ-ի անդամ երկրները, հետևելով  հռչակագրին դարձա՞ն ժողովրդավարական, իրավական պետություններ, որտեղ անշեղորեն պաշտպանվում էին կամ են մարդու իրավունքները։Կարծում եմ, ընթերցողի ծիծաղը եկավ։

Իհարկե՝ ոչ, հակառակը, ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից, հավանաբար մոտ 20 % -ն է այս կամ այն չափով համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետության կառուցվածքին։

Այո՛, այս կամ այն չափով, քանի որ իդեալական, կամ ավելի ճիշտ՝ ուտոպիստական ժողովրդավարություն և իրավական պետություն չի եղել և ապագայում, չի էլ լինի։

Անդրադառնանք ՄԱԿ-ին։ Այսպիսով ՄԱԿ-ն ընդունելուց հետո Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագիրը, արդյոք հետևողական եղա՞վ, մանրադիտակով հետևելով անդամ երկրներում մարդու իրավունքների խախտումներին , համապատասխան քայլեր ձեռնարկելով։ Հերթական քմծիծաղը տեղեկացված ընթերցողի դեմքին։ Ինչպես, մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը, այնպես էլ հետագայում, բոլոր երկրները շարժվում էին և են, իրենց ազգային, կայսերական հակումներ ունեցողներն՝ աշխարհաքաղաքական շահերով։Իսկ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքները, արժեքները դավանող երկրների համար միայն իրենց ներքին քաղաքականությանն են վերաբերվում։ Արտաքին քաղաքականության մեջ, այդ նույն ժողովրդավարական երկրները շարժվում են, ինչպես նշեցի, իրենց ազգային շահերից ելնելով, իսկ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները               , արտաքին քաղաքականության մեջ օգտագործվում են կամայական կերպով,որպես քարոզչական զենք, ըստ տվյալ երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքի։

Այժմ փորձենք գնահատական տալ Հայաստանին, որպես ժողովրդավարական, իրավական, ուստի և մարդու իրավունքները հարգող պետության։Ժողովրդավարություն բաղադրիչի մեջ շատ չխորանանք, միայն արձանագրենք, որ Հայաստանում ընտրությունների միջոցով դեռևս իշխանափոխություն չի եղել։ Նման երևույթ անհնար է, որ լինի ցանկացած, քիչ թե շատ ժողովրդավարական երկրում։ Նույնիսկ, ժողովրդավարական ավանդույթներ չունեցող Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում, ընտրություններով իշխանափոխություններ են եղել։ Իրավական պետություն հասկացողությունն ընդհանրապես ջախջախվեց, վերջին 5 տարիների ընթացքում։ Եթե դատավորները, իբր «ընտրվում» են անհրաժեշտ մեծամասնություն կազմող իշխանական խմբակցության կողմից, անկախ դատարանների մասին խոսելն անիմաստ զբաղմունք է։Արդյու՞նքը, մի կողմից անպատժելիություն՝ իշխանության ներկայացուցիչների համար, մյուս կողմից՝ սարքովի քր․ գործերով կալանավորված քաղբանտարկյալներ։

Այս ամենով հանդերձ, Հայաստանը համարվում է ժողովրդավարական երկիր, քանի որ այդ գնահատականն է պահանջում որոշ երկրների աշխարհաքաղաքական շահերը։ Այդ նույն շահերից ելնելով, արևմուտքն ընդունում է Կոսովոյի ինքնորոշման իրավունքն, ի դեպ՝ առանց հանրաքվե անցկացնելու և մերժում Արցախի ժողովրդի հանրաքվեով հռչակած անկախությունը, իրենց հազարամյակների հայրենիքում ապրող արցախցիներին անվանելով էթնիկ հայեր և սեպարատիստներ։

Այդ նույն միջազգային հանրությունն, իհարկե չի հռչակում Ադրբեջանը , որպես ժողովրդավարական երկիր, բայց նաև չի համարում, որպես բռնապետություն, պահպանելով նավթագազային ջերմ հարաբերություններ և «չնկատելով» Արցախի ցեղասպանությունը։ Ժողովրդավարության ջատագով արևմուտքը «չի նկատում» Ադրբեջանի ժառանգական բռնապետությունը, իսկ Իրանը, որտեղ պարբերաբար իշխանափոխություն է լինում ընտրություններով, համարում է բռնապետություն։

Նման օրինակներ կարելի է անվերջ բերել։ Այսքանով բավարարվենք։

Այժմ փորձեմ , իմ անձնական կարծիքը հայտնել ժողովրդավարության, իրավական պետության,ինչպես նաև,օրվա խորհրդի՝ մարդու իրավունքների տոնի վերաբերյալ։

Եթե ունես պետություն, ապա պետք է ունենաս նաև իշխանություն։ Իսկ բացի ժողովրդավարականից, մենք՝ հայերս այլ տիպի պետական ավանդույթներ չունենք։ Իհարկե, չունենք նաև ժողովրդավարական ավանդույթներ նույնպես։Որպեսզի կայանա իսկապես ժողովրդավարական երկիր, առաջին հերթին պետք է լուծել իրավական պետության խնդիրը, երբ բոլոր մարդիկ, անկախ պաշտոնից և դիրքից հավասար լինեն օրենքի առաջ, այն է՝ լուծել իշխանության տարանջատման, դատաիրավական համակարգի անկախության հարցը։ Այս խնդիրը լուծելուց հետո, իրական ժողովրդավարությունն ինքն իրեն կհաստատվի։ Հայաստանի պարագայում, պետք է ընդունվեն և գործեն խիստ ազգային օրենքներ(չշփոթել ազգայնականության հետ), որ որևէ մեկի մտքով չանցնի, թե Արցախը հանձնենք, որ խաչմերուկ դառնանք։Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա բացարձակապես կարևոր չէ, թե մենք որ երկրի հետ ենք դաշնակցում, ժողովրդավար համարվո՞ղ, թե՞ ամբողջատիրական։ Եթե Հայաստանի շահերից է բխում, այո՛ կդաշնակցեմ  նույնիսկ Հյուսիսային կորեայի հետ։

Ամփոփելով՝ նշեմ, որ այսօր՝ դեկտեմբերի 10-ը, որպես միջազգային մարդու իրավունքների օր, իրականում կեղծ, քարոզչական տոն է։ Ինձ համար ապրիլի 1-ը, որպես կատակելու և խաբելու օր, շատ ավելի արժեքավոր և անկեղծ տոն է, քան դեկտեմբերին 10-ը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031