«Մեր կուսակցությունը իր գործունեության յուրաքանչյուր փուլում շատ հստակ պատասխան է ունեցել՝ ինչի համար ենք հավաքվել: 2013-ին մենք հավաքվել էինք մի հարցի պատասխանը գտնելու համար՝ լավ, էսքան մենք ընդդիմադիր պրոցեսների մեջ ենք, թվում է, թե շատ լայն զանգվածային ընդդիմադիր գործընթացներ են տեղի ունենում, որոնք որպես նպատակ հռչակում են Հայաստանում ժողովրդավարության հաստատումը, իշխանության փոփոխությունը, ի՞նչն է պատճառը, որ այդ իշխանության փոփոխություն տեղի չի ունենում… Մենք եկանք եզրահանգման, որն խնդիրը ընդդիմադիր գործունեության ձեւի ու բովանդակության մեջ է: Երբ ամեն անգամ անում ես նույն բանը, անցնում ես նույն ճանապարհը, սկսում ես նույն կետից, բնականաբար, պետք է հանգես նույն կետին: Այստեղ է, որ առաջինը մեր առանցքային որոշումն էր փոխել ընդդիմադիր գործունեության տրամաբանությունը: Եթե կարճ ասեմ՝ ինչ փոխեցինք, դա իշխանության դեմ ռադիկալ խոսույթի տրամաբանությունից վերափոխենք մեր մոտեցումը, որ նախ ինքներս մեզ նայենք ու մեր պրիզմայով նայենք իշխանությանը, փորձենք այլընտրանքային ասելիք ձեւավորել, որից հետո էլի խնդիր՝ կար պատասխանել մի հարցի՝ իսկ որն է մեր առաքելության հաջորդ փուլը: Այդ ժամանակ է, որ ավելի կոնկրետ սկսեցինք ձեւակերպել այդ խնդիրը, մեր խնդիրն էր Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխություն իրականացնելն է»,- այսօր ՔՊ նիստի ժամանակ իրենց արածները թվարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, 2018-ին ՝ հեղափոխությունից հետո, այլ հարց դրեցին սեղանին՝ ո՞րն է այդ փուլում իրենց անելիքը, դա, ըստ նրա, ժողովրդավարություն հաստատելն էր:
«Միջազգային հանրության ընկալումն այն է, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, ու մենք մի փուլ էլ ենք հաղթահարել ու պետք է պատասխանել եւս մի հարցի՝ ո՞րն է մեր անելիքը հիմա, ինչի համար ենք հավաքվել: Այստեղ չի կարող շարունակվել մինչեւ չանդրադառնանք վերջին տարիներին մեզ հետ տեղի ունեցածին ԼՂ հարցի համատեքստում: Սա եւս քննարկման կարիք ունի:
ՔՊ-ն որդեգրեց ԼՂ հարցում այն էմոցիոնալ խոսույթը, ոչ թե խոսույթն եմ անվանում էմոցիոնալ, այլեւ խոսույթի ընկալումը էմոցիոնալ մակարդակի, որի համար շատ էական նշանակություն ուներ եւ ունեցավ ու ունի 2008-ից մինչեւ վերջերս գործող քարոզչությունը ԼՂ հարցի ընկալման վերաբերյալ: Պետք է արձանագրենք, որ մեր ընկալումը այդ հարցի տեղավորվում էր այդ շրջանակում, դա արձանագրվեց նաեւ ՔՊ ընդդիմադիր ժամանակների ընդունած մեկ, երկու փաստաթղթերի մեջ:
Կարդացեք նաև
ԼՂ խնդրի համատեքստում կարեւոր է արձանագրել, թե ինչն այնպես չենք արել ու ինչում ենք մենք մեղավոր:
Ինչպես է, որ 2020 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ գտնվում էինք մեղադրանքների տարափի տակ, ինչպես մեզ հաջողվեց որպես քաղաքական, կառավարող թիմ չփլուզվել: Այդ հարցի մասին շատ երկար եմ մտածել, դա ունի մի պատճառ, որովհետեւ մեզ մեղադրում էին, բայց մեզ չէին մեղադրում նրա մեջ, ինչում իսկապես կարող էինք մեղավոր լինել, ինչի համար մեզ մեղադրում էին, դա կապ չուներ իրականության հետ: Բայց հարց՝ մենք մեղավո՞ր ենք, թե՞ մեղավոր չենք: Պետք է նաեւ կարողանանք մեզ ինքներս քննադատել, ու ասել՝,այո մեղավոր ենք, բայց շատ կարեւոր է արձանագրել, թե ինչում ենք մեղավոր , ինչ տեսք ունի այդ մեղավորությունն ու ինչքանով ենք մեղավոր: Իսկ եթե օբյեկտիվ մեղադրանք ձեւակերպեմ մեր հասցեին, դա հետեւյալն է՝ իշխանության գալով՝ մենք ԼՂ խնդրի համազգային էմոցիոնալ ընկալման կրողն էինք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ