Լրահոս
Օրվա լրահոսը

Կորցնելու բան չունեմ, կինս դեպքից հետո ազատվել է աշխատանքից, իմ ձգտումը մեծ չէ, որ աշխատեմ, այստեղ էլ ինձ պահելու բան չկա. ասում է Սոնա Մնացականյանի հայրը

Դեկտեմբեր 09,2023 22:54

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին վստահեցրել էր, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի արդյունքում մահացած 28-ամյա Սոնա Մնացականյանի մահվան դեպքով մեղավորները պատասխանատվություն կկրեն: Մինչդեռ Սոնայի հայրը մտահոգություններ ունի, որ մեղադրյալին արդարացնելու փորձեր են արվում:

«Սոնայի մահվան դեպքով վարույթի շրջանակում վկաների 90 տոկոսը ոստիկանության աշխատակիցներ էին, այնպիսի մարդիկ, որոնք կապ չունեին կոնկրետ դեպքի հետ, մեղադրվողի հարազատները, մեղադրվողի բարեկամները, ոստիկանության աշխատակիցներ, որոնք կանգնած էին դեպքից մի երեք խաչմերուկ այն կողմ: Նրանց վկայությունը  ինչով պետք է օգներ գործին, նրանք կարող էին վկա կանչել իմ աղջկա առջեւից քայլող կնոջը, որը մեկ մետր հեռավորության վրա էր, որը հասցրեց վազելով անցնել, կարող էին վկա կանչել այդ տարածքում ապրող բնակիչներին, որոնք շատ զայրացած էին: Ըստ կարգավորող տեսուչի՝ ինքը զգուշացրել է վարորդին, որ եթե հետ վերադառնա, ժողովուրդն այնքան զայրացած է, որ կարող են հաշվեհարդար տեսնել: Ես մտահոգված եմ, որովհետեւ վերջին հարցաքննության ժամանակ հրավիրել էին վարորդի մեղավորության վերաբերյալ եզրակացություն տված փորձագետի, տպավորություն ստացանք, որ նա վախենում էր իր իսկ գրավոր ցուցմունքի վերաբերյալ հարցերի պատասխանել, տպավորություն կար,  որ աշխատանքից զրկվելու վախ կա: Էլ չեմ ասում, որ չի բացառվում, որ դատարանը որոշի կրկնակի ու անհիմն պատճառով փորձաքննություն նշանակել, պաշտպանական կողմի միջնորդությամբ, իսկ կրկնակի փորձաքննության նպատակը մեկն է՝  վարորդի մեղքը թաքցնել: Եթե դատարանը բավարարի նրանց միջնորդությունը ու նշանակվի կրկնակի փորձաքննություն, կորցնելու բան չունեմ, կինս դեպքից հետո ազատվել է աշխատանքից, իմ ձգտումը մեծ չէ, որ աշխատեմ, այստեղ էլ ինձ պահելու բան չկա, ամեն ինչի կգնամ՝ մինչեւ ՄԻԵԴ, որ վերջնական արդյունքն արդար լինի: Վերջապես իրենք պե՞տք է ինչ-որ բանից ձգվեն, թե չէ, թե՞ թվում է, որ ամենակարող են՝ սկած վարչապետին ուղեկցող անձնակազմի պահվածքից: Նրանք նույն  ձեւի շարունակում են արագ մեքենաները քշել, հետիոտների վրա քշել, ո՞վ է իրենց էդ իրավունքը տվել: Երբ վարչապետը ընտրվել էր, կամ կրկնակի ընտրվեց, ուրիշ խոստումներ էր տալիս: Ուզում եմ հիշեցնել, էդ մարդը երեւի կհասկանա՞, որ ժողովրդի միջոցով եկավ իշխանության, հիմա այդ ժողովրդի շահերը պաշտպանո՞ւմ է, թե՞ իր ոստիկանն է կարեւոր: Ոստիկանը մերն է, հիմա այդ արտահայտությունը ուրիշ ձեւով եմ հասկանում, մերն է, ոչ թե ժողովրդի շահերն է պաշտպանում, այլ՝ իրենցը»,- մեզ հետ զրույցում ասաց Սոնայի հայրը՝ Մնացական Մնացականյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031