Սկիզբը՝ այստեղ
2020 թվականի հունվարն էր: Ես մի փոքր վատառողջ էի: Մտածում էի, որ համավարակի հերթական զոհն եմ դարձել, բայց մի քանի անգամ արված թեստերը ցույց տվեցին, որ սովորական գրիպ է: Շատ ծանր էր ամեն ինչ: Ամեն օր լսում էի հերթական մահվան լուրը: Այս ամենի ֆոնին առողջական վիճակս ավելի վատթարացավ, երբ կարդում էի Փաշինյանի հայտարարությունները, որտեղ նա ծաղրում էր համավարակը՝ պինցետով բուժելու հայտարարությամբ: Այդ ցավը ավելի խորացավ, երբ ամենահարազատ 4 ընկերներիցս մեկը օրեր անց մահացավ այդ պինցետով համավարակից: Չէի պատկերացնում, թե ինչպես կարող է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը այդքան անլուրջ վերաբերվել մահին, ինչպես կարող է այդքան անտարբեր լինել մարդկանց ճակատագրին: 2020 թվականի աշունը ցույց տվեց, որ անտարբերությունը ոչ միայն տասնյակների կամ հարյուրների է ուղղված, այլ նաև հազարների:
2020 թվականի գարունը անցավ ևս ծանր կորուստներով: Պետության բացակայության պատճառով իմ կյանքից բացակայեցին հավերժ մի շարք հարազատ մարդիկ: Համավարակին եկավ փոխարինելու պատերազմի հոտը: Ամառը Տավուշում տեղի ունեցած դեպքերի օրերին ես գտնվում էի Միլան քաղաքում: Փորձում էի ընտանիքիս հետ մի փոքր ցրվել այս մղձավանջից: Այսօրվա պես հիշում եմ, ընտանիքս գնացել էր հագուստ գնելու, իսկ ես գնացի հանդիպելու ընկերոջս՝ Pasticceria Marchesi սրճարան:
Մեկ կապուչինո վերցրեցի, սպասեցի մի քանի րոպե և նա եկավ: Այո, խոսքը այդ նույն կոնֆլիկտաբանի մասին է, ով նախորդ երկու տարիներին ինձ տեղեկացնում էր այն իրականության մասին, որին ես պետք է առնչվեի: Մենք արդեն դարձել էինք ընկերներ ու որքան էլ որ ցավալի հնչեր, մեզ միավորել էր գալիք գույժերի զրույցները:
Կարդացեք նաև
Կոնֆլիկտաբանը ուներ ուրույն ոճ, որը հայկական իրականությունից հեռու էր: Այդ ոճը ժողովրդի լեզվով ասած կուտվեր ժամանակակից զարգացած աշխարհում, բայց ոչ Հայաստանում: Ներս մտնելուն պես կոնֆլիկտաբան ընկերս բարևեց ինձ, հանեց իր ակնոցները, մատուցողին մանրակրկիտ ներկայացրեց այն, ինչ ցանկանում է պատվիրել/ սնունդի էսթետիկան իր մոտ արմատացած էր, ապա մենք սկսեցինք մեր շփումը: Հոգու խորքում ցանկանում էի, որ այս անգամ խոսենք լավ բաներից, սակայն իրականությունը այլ բան էր հուշում:
– Տավուշի դեպքերը լավ բանի չեն հանգեցնի, մենք ագրեսորի դիրքերից ենք խաղում։
-Բայց մենք դիրք ենք վերցրել։
-Մենք դիրք ենք վերցրել, բայց մենք կորցրել ենք մեր դիվանագիտական ու ընկերական դիրքերը, շուտով մեկ վերցրած դիրքի դիմաց կարող ենք կորցնել հարյուրները
Զրույցը այնքան հետաքրքիր էր, որ ես դեռևս չէի հասցրել մեկ կում անել վաղուց ջերմությունը կորցրած իմ սուրճից:
– Արցախը պահելու խնդրի առաջ ենք կանգնած: Իսրայելական մոդելը մեր մոտ չի անցնի, ժամանակ ձգել հնարավոր չէ, իսկ սա ժամանակ չի էլ ձգում: Իրեն պետք չի Արցախը: Նա աշխարհի մարդ է, ոչ թե հայրենիքի: Իր հայրենիքը ողջ աշխարհն է, այլ ոչ օրինակ Հադրութը կամ Երևանը:
-Ի՞նչ ես կարծում, կպահե՞նք: Շրջաններ կհանձնի, թե ոնց:
-Ո՛չ, նրան շատ լավ ուսումնասիրել են: Իր համար կարևոր է իր փառքը, իր անունը, նա չի կարող դա անել առանց վախերի, առանց պատերազմի: Հազարավոր զոհեր են պետք, որպեսզի նա հիմնավորի հանձնումը: Այդ զոհերը պետք են նաև աշխարհի այն կենտրոններին, որոնց անհրաժեշտ է այս հարցի վերջնական փակումը: Զոհերի հետևանքով մարդիկ կվախենան պատերազմել, կերազեն խաղաղության մասին, իսկ այդպես շատ հեշտ կլինի իրենց կառավարել և պահել սպառնալիքի տակ: Բացի դրանից, եթե մարդ ունի երկու տուն, որից մեկը խլել ես ու սպառնում ես մյուսը վերցնես, նա այլս չի երազում կամ ցանկանում վերադարձնել երկրորդ տունը, որը խլել ես,նա կենտրոնանում է իր միակ մնացած տան վրա:
-Լավ, այդ դեպքում ինչ ես առաջարկում: Ո՞նց կարելի է դրա դեմը առնել:
-Այլևս հնարավոր չէ: Լինենք անկեղծ, քո երկրում էլիտա չկա: Ռազմաքաղաքական էլիտայի զգալի մասը չի գործի այնպես, ինչպես 90-ականներին, քանի որ այդ ժամանակ ոչինչ չուներ: Քո երկրի քաղաքական ուժերի զգալի մասը ինչ-որ մեկի դուդուկի տակ պարողներն են ու էական չի, այդ դուդուկը ներսից է, թե դրսից: Հանրապետականների մեջ այն մարդիկ, ովքեր ունակ են ինչ-որ բան փոխելու քիչ են, իսկ կողքից օգնողներ չունեն: Ասեմ քեզ ավելին, այդտեղ ծվարածներից ոմանք շատ ակտիվ կապի մեջ են իշխանության հետ և անհրաժեշտ պահին լավագույն դեպքում թիկունքից կհարվածեն Սերժ Սարգսյանին: Վտանգը չեզոքացնելու համար ժամանակ է պետք, որը մեր դեմ է աշխատում: Ռոբերտ Քոչարյանը ունի իր սկզբունքները, սակայն ոմանք էլ դրսից ունեն իրենց սկզբունքները Քոչարյանի հետ կապված: Մնացածը ևս ունեն կոնկրետ ավագ ընկերներ, որոնք թույլ չեն տա գործել: Հիշիր 2018 թվականը: Քո պետությունը երբեք սուվերեն չի եղել: Այլ հարց է, որ սուվերենության տանելու դեմը առել են կոնսենուս -1 սկզբունքով: Այդ մեկը այսօր միայնակ է, նա էլ դա գիտի, ես էլ իր հետ երբեմն խոսում եմ այդ թեմայով:
Զրույցը տևեց մոտ մեկ ժամ: Կոնֆլիկտաբան ընկերս մի քանի նվեր փոխանցեց ընտանիքիս և խնդրեց իր հետ մտնել եկեղեցի: Աղոթքից հետո մենք գրկախառնվեցինք և բաժանվեցինք:
2020 թվականի սեպտեմբերն էր: Մոտալուտ վառոդի հոտը աշնան սառնությանը բնորոշ պատել էր մարմինս: Տեղեկատվական անհանգստացնող հոսքերին զուգահեռ զգում էի, որ աղետը մոտ է: Սեպտեմբերի 27-ի առավոտն էր: Մամուլը թնդաց լայնամասշտաբ պատերազմի լուրերով: Սկսվեց այն, ինչից ամենից շատն էի վախենում:
Այդ պահին արագ քայլերով դուրս եկա տանից, Ամիրյանից քայլեցի դեպի Սայաթ-Նովա փողոց: Ռադիոտան դիմացի մայթով սլանում էի մեր մյուս տան կողմ: Այդ տունը մեր ընկերների համատեղ տունն էր, որտեղ մենք քննարկում, վերլուծում և իրականացնում էինք տարբեր հետաքրքիր պրոյեկտներ: Ի զարմանս ինձ, այդ պահին զանգեց կոնֆլիկտաբան ընկերս և ասաց.
-Պատերազմը սկսված է, դա խաղի առաջին փուլն է: Պահպանիր սառնասրտություն, բարձրացիր ևս 50 մետր և թեքվիր դեպի աջ: Եթե զանգեն, ասա իրանց որ հրատապ գործեր են առաջացել: Իրենք քո ընկերները չեն արդեն, այլ մեծ խաղի մի մաս, դա արա ու զանգիր ինձ:
Ես շոկի մեջ էի, Սայաթ-Նովա փողոցի վերջից աջ արեցի և արագ քայլերով սկսեցի քայլել: Անգամ չգիտեի դեպի ուր, որտեղ պետք է կանգնեմ, պարզապես քայլում էի: Այդ պահին հնչեց կոնֆլիկտաբանի երկրորդ զանգը.
-Աջ կողմում մի տուն կա, թվով 7-րդը, դուռը ծեծի կբացեն: Ես քիչ առաջ ժամանեցի Մոսկվա, կարևոր հանդիպում ունեմ: Քեզ այդտեղ սուրճ կհյուրասիրեն, ու կտրամադրեն համակարգիչ: Մնացածը կխոսենք, կապի մեջ:
Շոկը կրկնապատկվեց, սահմանից հնչող լուրերը և մեկը մյուսից բացահայտող ու դժվար դեռևս մարսելի զանգերը ամբողջովին զրկել էին ինձ մտածելու ունակությունից: Ամեն դեպքում ես արեցի այն ինչ ասեց կոնֆլիկտաբանը: Հաշվեցի թվով 7-րդ դուռը և թակեցի այն: Դուռը վայրկյաններ անց բացվեց…:
Շարունակելի
Վան ԱՐՇԱԿՈՒՆԻ
(Սարտոր. Sartor)